Մատչելիության հղումներ

Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան եւ դիտորդ Արման Վեզիրյանին մեղադրանք է առաջադրվել ծեծի հատկանիշներով:

Նա մեղադրվում է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում` ապրիլի 30-ին, Շենգավիթի թիվ 11 ընտրատարածքում տեղի ունեցած մի միջադեպի կապակցությամբ, որի գործով մինչեւ վերջերս Վեզիրյանն անցնում էր որպես տուժող: Ընդ որում քրեական գործը, որով տուժողն արդեն մեղադրյալ է, հարուցվել է հանցագործության մասին հենց Արման Վեզիրյանի եւ Հելսինկյան ասոցիացիայի հաղորդման հիման վրա. դեպքից անմիջապես հետո նրանք դիմել էին ոստիկանություն:

Շուրջ մեկ ամիս տեւած քննությունից հետո օրերս որոշվել է Արման Վեզիրյանին մեղադրանք առաջադրել. խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

«Հունիսի 11-ին ինձ ծանուցագիր է եկել` որպես տուժող ներկայանալ ոստիկանություն, գնացել եմ Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանություն, ավագ քննիչ Շառոյանի մոտ, որը հորդորել է, առաջարկել է բողոքը ետ վերցնել, բարիշել, մենք չենք համաձայնվել: Գրեթե ամեն անգամ ոստիկանություն գնալուց առաջարկել են, որ ես իմ բողոքը ետ վերցնեմ, եւ դրանից հետո քրեական գործ է հարուցվել իմ նկատմամբ` 118 հոդվածով` ծեծ», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Վեզիրյանը:

Միջադեպը տեղի էր ունեցել թիվ 11 ընտրատարածքում պատգամավորության մեծամասնական ընդդիմադիր թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ, որին Արման Վեզիրյանը մասնակցել է որպես դիտորդ: Շտաբի անդամ երիտասարդների կողմից նախընտրական բուկլետները բաժանելու պահին Սեդրակ Սարգսյան փողոցի սեփական տներից մի տղամարդ է վրդովված դուրս եկել: Վեզիրյանը պատմում է, որ վրդովված տղամարդը գոռացել է, պահանջել, որ ետ վերցնեն բուկլետները:

«Գնացի, ասացի` տուր: Էդ տալու վրա ես չեմ էլ հասցրել ասել ինչ-որ բառ կամ ով եմ` դիտորդ եմ, թե դիտորդ չեմ. միանգամից հայհոյանք, հարված դեմքիս: Առաջին հարվածը մի քիչ թեթեւ էր, երկրորդից աչքս կապտեց: Ես չեմ խփել, ես ընդամենը աջ ձեռքով իրեն ինձանից հեռու եմ պահել, որ գոնե երկու հատ խփել էր, երրորդը չխփեր», - ասաց Վեզիրյանը:

Արման Վեզիրյանի հաղորդման հիման վրա այդ բնակչին՝ Տիգրան Մանուկյանին, մեղադրանք է առաջադրվել ծեծի հատկանիշներով, եւ Վեզիրյանը գործով անցել է որպես տուժող: Սակայն քննության ընթացքում նախաքննական մարմինը եզրակացրել է, որ նաեւ Վեզիրյանն է հարվածել այդ քաղաքացուն: Հիմա գործով երկուսն էլ մեղադրյալ են:

Վեզիրյանն ու նրա փաստաբան Նինա Կարապետյանցը ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ դիտորդին մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ փաստաբանը մայիսի վերջին միջնորդել է լրացնել Տիգրան Մանուկյանի մեղադրանքը եւ նրան ծեծից բացի մեղադրել նաեւ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու մեջ:

«Ընտրությունների մասին չի կարելի այս երկրում խոսել: Եթե խոսում ես, պիտի ասես արդար է եղել ու վերջ: Եթե վատ բան ես ասում, դառնում ես մեղադրյալ», - ասում է Վեզիրյանը:

«Ընտրությունների հետ կապված որեւէ հարց քննարկելու ցանկություն բացակայում է իշխանությունների մոտ, անգամ այն դեպքում, երբ կոնկրետ իշխանությունը որեւէ առնչություն չունի այս դեպքի հետ», - հավելում է փաստաբանը:

Իրեն մեղադրանք առաջադրելու որոշումը դիտորդը որակում է հաշվեհարդար՝ բողոքը ետ չվերցնելու համար եւ ճնշում, որպեսզի հիմա հրաժարվի իր բողոքից:

Ոստիկանության վերջին պաշտոնական պաշտոնական տվյալներով, խորհրդարանական ընտրությունների հետ կապված 213 դեպքերի քննարկման արդյունքում քրեական գործեր են հարուցվել դրանցից 15-ով: 181 դեպքերով քրեական գործերի հարուցումը մերժելու որոշումներ են կայացվել: Իսկ հարուցված 15 գործերից մեկը արդեն ուղարկվել է դատարան: Դա իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքն էՇենգավիթում, երբ Արթուր Ղազարյան անունով քաղաքացին հարվածել էր ոստիկանության աշխատակցի դեմքին:

Հարուցված մի գործ էլ կարճվել է դիմողի կողմից բողոքը հետ վերցնելու պատճառով: Կարճված այս գործը վերաբերում է ապրիլի 15-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում քարոզարշավի ժամանակ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի թեկնածուների՝ հարձակման ենթարկվելու աղմկահարույց դեպքին, որի ժամանակ կոտրել էին թեկնածու Բաբկեն Գարոյանի քիթը, եւ նա տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն: Այնուհետեւ մի քաղաքացի ինքնակամ ներկայացել էր եւ դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու մեղադրանք էր առաջադրվել նրան:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ է բողոքը հետ վերցրել, Բաբկեն Գարոյանը պատասխանեց, որ իրենց վրա հարձակվել է ոչ թե մեղադրվող անձը, այլ տասից ավելի այլ անձինք, որոնց ինքնությունը այդպես էլ չի պարզվել:

«Միտք չուներ, որ ես գնայի դատական երկար պրոցեսներով, մանավանդ այդ մարդը ինձ չէր էլ հարվածել: Պահանջել ենք, գրել ենք, մյուսներին չեն հայտնաբերել: Իզուր ժամանակ չկորցնելու համար որոշեցի կարճել եւ ներել», - ասաց Գարոյանը:

Ինչ վերաբերում է մյուս գործերին, ապա 13 գործերով նախաքննությունը դեռ շարունակվում է: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրատեսական չհամարեց պաշտոնական այն թվերը, ըստ որոնց ընտրությունների ժամանակաշրջանում ստացած հաղորդումների 10 տոկոսից պակասն են հանցակազմ պարունակել: Ըստ նրա՝ այդ ողջ գործընթացը ձեւական բնութ ունի:

«Կոծկում են, չեն ցանկանում քրեական գործեր հարուցել, կամ եթե ցանկանում են, ապա վերեւից իջեցված հրահանգով երեւի ասում են՝ թող դա ինչ-որ սահմանափակ թիվ լինի: «Գալոչկայի» համար է, այսինքն որպեսզի նշվի, որ տեղի ունեցավ նման գործերի ուսումնասիրություն, որ միջազգային հանրությանը ասեն՝ տեսեք, այսքան քրեական գործ է հարուցվել կամ հարուցվում, տեսեք, այսքան հաղորդագրություն է եղել, տեսեք, մեր ընտրությունները թափանցիկ են…», - ասաց իրավապաշտպանը:

Հավելենք, որ ընտրություններին առնչվող 16 դեպքերով դեռ նյութեր են նախապատրաստվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG