Մատչելիության հղումներ

logo-print

Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը կշարունակվի Քնեսեթի հանձնաժողովում


Իսրայելի Քնեսեթի շենքը Երուսաղեմում

Իսրայելի Քնեսեթի շենքը Երուսաղեմում

Իսրայելի Քնեսեթի լիագումար նիստում երեքշաբթի օրը մոտ մեկեւկես ժամ քննարկվում էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Երկրի օրենսդիր մարմնում հայկական պատվիրակությունը գլխավորում էին Երուսաղեմի Հայց պատրիարքարանի արտաքին կապերի բաժնի վարիչ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը եւ Իսրայելում Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը։

Հայկական կողմի խնդրանքը` հետաձգել քննարկումները, տվեց իր արդյունքը։

Հատկանշական է, որ լայն խորհրդարանական քննարկումները անցկացվեցին Քնեսեթի դահլիճում, այլ ոչ թե կրթության եւ գիտության հանձնաժողովի սենյակում, եւ կրում էին «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության» խորագիրը։

Նիստը բացեց կառավարող «Լիքուդ» կուսակցության անդամ, խոսնակ Ռուվեն Ռիվլինը` ընդգծելով, որ ժամանակն է արդեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Ելույթով հանդես եկավ «Մերեց» կուսակցության անդամ Զահավա Գալ-օնը, որը եւս մեկ անգամ կարեւորեց Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը։

Ելույթ ունեցավ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օր հռչակելու օրինագծի հեղինակ, «Ազգային միասնություն» խմբակցության ղեկավար Արիե Էլդադը։

Հատկապես ուշագրավ էր «Լիքուդ»-ի անդամ, խորհրդարանական կոալիցիայի ղեկավար Զեեւ Էլկինի ելույթը, որն ուղղակի հարց ուղղեց իր գործընկերներին` ասելով, թե ինչո՞ւ շատ արեւմտյան երկրներ վաղուց արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Իսրայելը մինչ օրս` ոչ։

«Ադոլֆ Հիտլերը, որի հետ խոսում էին հրեաների ոչնչացման ծրագրի մասին, ուղղակի պատասխանել էր, թե «ո՞վ է այսօր հիշում հայկական ցեղասպանությունը»։ Ոչ միայն այս նախադասության համար է, որ Իսրայելը պարտավոր է հիշել հայկական ցեղասպանությունն ու ճանաչել այն, ու լավ է` ուշ, քան` երբեք», - ծափահարությունների ներքո հայտարարեց կոալիցիայի ղեկավարը։

Իսրայելի կառավարության ներկայացուցիչ, բնապահպանության նախարար Գիլադ Էրդանն էլ, որը յուրաքանչյուր քննարկման ժամանակ ներկայացնում է կառավարության դիրքորոշումը` հորդորելով պատգամավորներին ձեռնպահ մնալ հարցի նկատմամբ որոշում կայացնելուց, այս անգամ իր խոսքն ամփոփեց այսպես. - «Ես կարծում եմ, որ իսկապես արժանի կլինի, եթե Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»։

Այս բաց նիստի արդյունքը եղավ այն, որ պատգամավորները միաձայն որոշեցին երկու բանաձեւի նկատմամբ վերջնական որոշում կայացնել կրթության, գիտության եւ սպորտի հանձնաժողովի շրջանակներում։

Հիշյալ հանձնաժողովի նախագահ Ալեքս Միլերը, որը կես տարի ձգձգեց ու ամեն կերպ խոչընդոտում էր Հայոց ցեղասպանության հարցով քննարկումների կազմակերպումը, հեռացվել է, եւ այդ պաշտոնում նշանակվել է Աննա Տուվելսը, որը շատ հայանպաստ գործունեություն է ծավալում Քնեսեթում։

XS
SM
MD
LG