Մատչելիության հղումներ

Հրապարակվել է Աշխարհի խաղաղության ինդեքսը


Աֆղանստան -- Ամերիկյան «Ապաչ» ուղղաթիռը ռազմական առաքելություն է իրականացնում, արխիվ

Աֆղանստան -- Ամերիկյան «Ապաչ» ուղղաթիռը ռազմական առաքելություն է իրականացնում, արխիվ

Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտի զեկույցի համաձայն, աշխարհն ավելի խաղաղ է դարձել։

Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտը հրապարակել է իր տարեկան զեկույցը` Աշխարհի խաղաղության ինդեքսը։ Այն փաստում է, որ չնայած Սիրիայում բռնության աճին եւ Եվրոպայում զանգվածային բողոքի ակցիաների, աշխարհն ավելի խաղաղ է դարձել: Ընդ որում, դրական միտումները գրանցվում են առաջին անգամ՝ 2009 թվականից ի վեր:

158 երկրների շարքում Հայաստանը այս տարի 115-րդ տեղն է զբաղեցնում եւ զեկույցի համաձայն՝ ամենախաղաղն է հարավկովկասյան տարածաշրջանում։ Նախորդ տարի Հայաստանը 109-րդ էր 153 երկրներից:

Տարածաշրջանի մյուս երկրներից Իրանը զբաղեցնում է 128-րդ տեղը, Թուրքիան` 130-րդ, Ադրբեջանը 132-րդ տեղում է, իսկ Վրաստանը 141-րդն է:

2007 թվականին զեկույցի թողարկումից ի վեր Կենտրոնական Աֆրիկայի տարածաշրջանը առաջին անգամ ամենավատ ցուցանիշներով տարածաշրջանը չէ։ Արաբական գարունը խաղաղության առումով խոցելի է դարձրել Մերձավոր Արեւելքն ու Հյուսիսային Աֆրիկան: Այս տարի ամենամեծ անկում գրանցող երկրներն են Սիրիան, Եգիպտոսը, Թունիսը, Օմանը եւ Մալավին։

Շրի Լանկայում քաղաքացիական պատերազմի ավարտի արդյունքում այդ երկիրը շուրջ երեք տասնյակ կետով վեր է բարձրացել ինդեքսում․ դա այս տարվա զեկույցում ամենամեծ առաջընթացն է:

Ամենախաղաղ երկիրը զեկույցում համարվում է Իսլանդիան, որին հետեւում են Դանիան, Նոր Զելանդիան, Կանադան եւ Ճապոնիան։

Երկրորդ տարին անընդմեջ ամենից ոչ խաղաղ երկրների ցանկում առաջինը Սոմալին է։ Աֆղանստանը, Սուդանը, Իրաքը վատթարագույն հնգյակում են:

Ուշագրավ է, որ Ռուսաստանը վերջից վեցերորդ տեղն է զբաղեցնում։ Զեկույցի համաձայն այդ երկրում խաղաղության առումով վիճակն ավելի վատ է, քան Պակիստանում եւ Իսրայելում:

Զեկույցը կազմվելիս ուսումնասիրվել է 158 երկրներում հասարակության ապահովությունն ու անվտանգությունը, ներքին կամ միջազգային հակամարտության առկայությունը, ռազմականացվածության մակարդակը:

Զեկույցը կազմելիս հաշվի են առնվել հարեւանների հետ հարաբերությունները, զենքերի հասանելիությունը եւ հակամարտությունների ընթացքում տված զոհերը:

Դրական բարելավում արձանագրելու հիմքում զեկույցի հեղինակները նշում են քաղաքական ահաբեկչության, համախառն ներքին արդյունքի համեմատ ռազմական ծախսերի կրճատումը:

Զեկույցի հեղինակներից Սթիվ Կիլելեան տարածած հայտարարության մեջ նշում է, որ աշխարհը այժմ խաղաղության մակարդակով վերադարձել է 2007 թվականին արձանագրված ցուցանիշներին։ Ըստ զեկույցի, եթե 2011 թվականը ամբողջովին խաղաղ լիներ, աշխարհը կտնտեսեր 9 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG