Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն մերժում է ուժի կիրառումը ու ուժի կիրառման սպառնալիքը


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորի գլխավորած պատվիրակությանը:

Սերժ Սարգսյանը, ըստ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին, ներքաղաքական զարգացումներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին եւ վերջին շրջանում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ շփման գծում արձանագրված միջադեպերին:

«ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ իր այցի նպատակն է օժանդակել ԼՂ հակամարտության խաղաղ եւ անվտանգ կարգավորման գործընթացին: Նա ընդգծել է, որ խաղաղության հասնելու համար կարեւոր է հավատարիմ լինել կարգավորման հիմնարար սկզբունքներին: Էյմոն Գիլմորի խոսքով, ԵԱՀԿ-ն կանգնած է ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների ետեւում եւ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին՝ կարգավորման գործընթացն առաջ մղելու գործում: Նա շեշտել է, որ ԵԱՀԿ-ն մերժում է ուժի կիրառումն ու ուժի կիրառման սպառնալիքը եւ գտնում է, որ հարցի կարգավորման ռազմական լուծում չի կարող լինել», - ասված է նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրությունում:

ԵԱՀԿ գործող նախագահը նաեւ մտահոգություն է հայտնել սահմանին եւ շփման գծի երկայնքով վերջին շրջանում արձանագրված միջադեպերի կապակցությամբ եւ նշել, որ ԵԱՀԿ-ն աջակցում է բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են նման միջադեպերի կանխարգելմանն ու հետաքննության մեխանիզմի ստեղծմանը:

Գիլմորին այսօր ընդունել է նաեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: ԵԱՀԿ գործող նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաեւ խորհրդարական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG