Մատչելիության հղումներ

Գործարարը պնդում է, որ իր «բիզնեսը սպանել են»


Գառնիկ Սահակյան
Գառնիկ Սահակյան
Դեղերի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող «Սզնի» ընկերության ղեկավար Գառնիկ Սահակյանը պահանջում է վերանայել «Նատալի ֆարմ» ընկերության նկատմամբ սահմանված տուգանքի չափը:

Հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի Ֆարմ»-ին 50 միլիոն դրամով (մոտ 122 հազար դոլար) տուգանելը որակելով աչքակապություն` գործարարը պահանջում է տուգանքը հասցնել 1 միլիարդ դրամի եւ փոխհատուցել «իր բիզնեսի դեմ ոտնձգությունների հետեւանքով իրեն պատճառված վնասը»:

Հիշեցնենք, շուկայում «Սզնի» ընկերության մուտքի խոչընդոտներին վերաբերող բողոքի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) երկուշաբթի որոշեց հակամրցակցային գործողությունների համար 50 միլիոն դրամով տուգանել «Նատալի Ֆարմ»-ին:

Գառնիկ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզված էր, որ ընկերությունը «գերիշխող դիրքի չարաշահման արդյունքում միլիարդների շահույթներ է ունեցել»:

«Հիսուն միլիոնն ուղղակի խայտառակություն է: Միայն 50 միլիոնի ինձ են վնաս տվել: Կառավարության մեղքով, գործող տնտեսական համակարգի մեղքով, որի առանցքային ֆիգուրան Սամվել Ալեքսանյանի «Նատալի Ֆարմն» է, ես իրենց պատճառով ամենաքիչը 50-60 միլիոն դրամի բացթողած շահույթներ ունեմ: Ունեցածս ապրանքը ինքնարժեքով վաճառել եմ ու հիմնարկ պահել: Մեկ միլիարդ դրամից պակաս տուգանք չէր հասնում, նվազագույնը», - ասաց Սահակյանը:

«Սզնի» ընկերության ղեկավարը նշեց, որ իր բիզնեսը վերջին տարիներին տապալվել է. նրա փոխանցմամբ` կամ բուժհիմնարկները օրենքի խախտմամբ հիվանդանոցային ցանցում դեղորայքն իրացնելու մրցույթներ չեն հայտարարել եւ ստվերային գործարքներ են իրականացրել դեղորայք մատակարարող տարբեր այլ ընկերությունների հետ, կամ մրցույթներ հայտարարվել են, իր ընկերությունը մասնակցել է, բայց Ալեքսանյանի ընտանիքին պատկանող դեղերի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող խոշորագույն ընկերությունը, գործարարի բնորոշմամբ, իր «առաջը փակել է եւ «Սզնի» ընկերությանը դուրս է մղել այդ շուկայից»: Օրինակ, մրցույթում «Սզնի»-ի հաղթելուց հետո, «Նատալի ֆարմ»-ը նվիրատվություն է արել տվյալ բուժհիմնարկին, եւ «Սզնի»-ի դեղորայքը բուժհաստատությունն այլեւս չի գնել, կամ «Նատալի ֆարմ»-ն «ինքնարժեքից ցածր» դեղորայք է առաջարկել: Սահակյանը պատմեց, որ 2010-11 թվականներին 11 նման մրցույթների է ապարդյուն մասնակցել, ինչի հետեւանքով 2012-ին այլեւս անիմաստ է համարում որեւէ մրցույթի մասնակցելը:

«109 բուժհիմնարկ մրցույթ չի հայտարարել, ումից ուզել, ինչ գնով ուզել, գնել են: Դու էլ ապրանքը բերում ես, որ հիվանդանոցային ցանցում իրացնես [օրենքով կարող ես միայն մրցույթով իրացնել], ու մրցույթ չեն հայտարարում: Իսկ այն մրցույթները որտեղ հնարավորություն եմ ունեցել մասնակցելու, «Նատալի»-ն քըրթ կտրել է առաջս ու նվիրատվություններ տվել», - ասաց Սահակյանը:

Գործարարի խոսքով` ինքնարժեքից ցածր դեղորայք վաճառելու փաստերն արձանագրելուց հետո ՏՄՊՊՀ-ն պետք է դեմպինգ հայտարարեր եւ «Նատալի ֆարմ»-ին զրկեր առաջիկա երեք տարիներին մրցույթների մասնակցելու իրավունքից:

«Ֆիրման պետք է երեք տարի պատժվի, մրցույթների չմասնակցի. դա չեն անում, որովհետեւ Սամվել Ալեքսանյանը Հանրապետական կուսակցության անդամ է, քարոզարշավի հիմնական ֆինանսավորողներից մեկն է: Իշխանությունն ու բիզնեսը սիամական երկվորյակներ են, դա կլան է, որ իրար հետ հարյուր թելերով կապված են, հնարավոր չէ ապամոնտաժել», - ասաց Սահակյանը:

Գործարարը հայտարարեց, որ այս մթնոլորտում ինքը դուրս է մղվել մեծածախ շուկայից ու «դատարկ» նստել է, չնայած 18 տարվա իր գործունեությանը:

«Այսօր դատարկ եմ նստել, գլխիս տակ փափուկ բարձ են դնում, որ տեսե'ք, գնահատական ենք տվել: Ի՞նչն ես գնահատական տվել: Դուք իմ բիզնեսը սպանել եք, պետությո'ւն, նախագա'հ, ձեր պետական մեքենան ինձ կործանել է: Դե, հատուցեք վնասներս, օգնեք, փրկեք հետ գամ: Կառավարության որոշում կայացրեք, բյուջեից էդ տուգանքների 50 միլիոնը ինձ փոխանցեք, որ ես նորից բիզնես սկսեմ: Բիզնես չկա: Մի դեղատուն է աշխատում, դեղատնով ի՞նչ կարող ես անել: 12 հոգուց 2-ին ազատել եմ արդեն աշխատանքից, վարորդի հրամանն էլ սեղանին է դրված, որ ստորագրեմ, արտաքին կապերի մենեջերին եմ ազատել, ի՞նչ բիզնես», - ասաց Սահակյանը:

Հավելենք, որ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությունը համամիտ չէ ոչ գործարարի մեղադրանքներին, ոչ 50 միլիոն դրամով իրենց տուգանելու՝ ՏՄՊՊՀ-ի որոշմանը: Ընկերության իրավախորհրդատու Արսեն Մհերյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հանձնաժողովի որոշումը ստանալուց հետո սահմանված ժամկետում անպայման բողոքարկելու են այն: Թե հանձնաժողովի որ պնդումներին համաձայն չեն, Արսեն Մհերյանը ասաց, որ մանրամասների ու բողոքի հիմքերի մասին կխոսեն որոշումը ստանալուց եւ ուսումնասիրելուց հետո միայն: Իսկ «Սզնի» ընկերության ղեկավար Գառնիկ Սահակյանի պնդումները «Նատալի ֆարմ» ընկերության իրավախորհրդատուն որակեց «անհիմն»:

please wait

No media source currently available

0:00 0:04:53 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG