Մատչելիության հղումներ

Բնակչության նվազումը «բացասաբար է ազդում բիզնեսի վրա»


Սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյան
Սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյան
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց հայտնի սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանը` մանրամասնելով, թե խոսքը վերաբերում է նաեւ իր կողմից Հայաստանում ծավալած շինարարական բիզնեսին:

«Կարծում եմ, տուժում է մեր շինարարությունը, որովհետեւ ժողովուրդ չի մնում Հայաստանում: Դա ցավ է ինձ համար», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց գործարարը:

Վահագնը Հովնանյան չորս եղբայրներից մեկն է, ովքեր հեռավոր 1959 թվականին Միացյալ Նահանգներում հիմնեցին Hovnanian Enterprises շինարարական ընկերությունը: Անցած տարի ընկերության եկամուտը կազմել է ավելի քան 1.1 միլիարդ դոլար:

Վահագն Հովնանյանը 1990-ականներից գործարարությամբ սկսեց զբաղվել նաեւ Հայաստանում: Նա 1998 թվականից Երեւանի մոտ կառուցում է «Վահագնի» բնակելի թաղամասը:

«Ամենադժվար տարին ենք ապրում մեր բիզնեսում: Որովհետեւ հաճախորդները հնարավորություն չունեն տուն առնելու: Գները պահել ենք նույնը, բայց ժողովուրդ չկա, որ գնեն: Հետաքրքրություն կա աշխարհի բոլոր կողմերից, բայց գնող չկա: Չգիտեմ ինչու», - ասաց նա:

Իսկ թե ինչու են մարդիկ հեռանում Հայաստանից, Հովնանյանն այսպես բացատրեց. - «Հիմա այդ վախը չկա կոմունիստներից: Հիմա ազատ, անկախ ժողովուրդ եք, ուզած վայրը կարող եք գնալ… Դուք ընտրության իրավունք ունեք»:

Սակայն, ինչպես շարունակեց Հովնանյանը, պատճառը միայն ընտրության ազատությունը չէ. կա նաեւ գործազրկության խնդիրը. - «Մարդիկ պարապ նստելու փոխարեն, գոնե մեկնում են` իրենց գլխի ճարը տեսնելու դրսում: Սա նորություն չէ հայության համար… Միշտ պանդուխտ երկիր ենք եղել, որովհետեւ բարեբեր հող չունենք, քարաստան է Հայաստանը»:

Գործարարին խնդրեցինք գնահատական տալ, թե բիզնես անելու առումով այսօր Հայաստանում ինչպիսի վիճակ է. - «Կանոնները [օրենքներ] փոքր-ինչ դժվար են, կառավարության սահմանած հարկերը ճոխ են, ներդրումներից շատ են վերցնում: Ասեմ, ինչու է այդպես. այս երկիրը պաշտպանելու համար հսկա գումար պետք է ծախսվի, որ մեր հարեւաններին ցույց տանք, որ չեն կարող գալ ու քայլելով մեր վրայով անցնել»:

Հովնանյանն ասաց, թե ինչ հույսեր է կապում ձեւավորվող նոր կառավարության հետ. - «Վերահսկեն մենաշնորհները. հրաշալի գործ կլինի դա բոլորիս համար»:

Վահագն Հովնանյանը խոսեց նաեւ վերջին շրջանում նկատվող դրամի արժեզրկման մասին: Ասաց, թե այն գործարարաները, ովքեր զբաղվում են արտահանմամբ, նրանց համար դրամի արժեզրկումը լավ է, քանի որ միջազգային շուկայում իրենց ապրանքնարը կէժանանան ու կդառնան ացվելի մրցունակ:

Ինչ վերաբերում է ներկրողներին, Հովնանյանը նշեց, թե դրամի հետագա արժեզրկումը կարող է պատճառ հանդիսանալ, որ ապրանքները թանկանան: Այդուհանդերձ, հավելեց. - «Այդքան ազդեցությունը չենք զգում: Ինչ-որ կերպ այդ մենաշնորհները օրեցօր ավելի են վերահսկվում… Կարծում եմ, կառավարությունը լավ վերահսկում է այդ դրամի խաղերը»:

please wait

No media source currently available

0:00 0:04:17 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG