Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գործող նախագահը կողմերին կոչ է անում «նոր լիցք հաղորդել իրենց հանձնառությանը»


Իռլանդիայի եւ Հայաստանի արտգործանարարներ Էեմոն Գիլմոր եւ Էդվարդ Նալբանդյան, 12 հունիսի, 2012
Իռլանդիայի եւ Հայաստանի արտգործանարարներ Էեմոն Գիլմոր եւ Էդվարդ Նալբանդյան, 12 հունիսի, 2012
ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար Էեմոն Գիլմորը երեքշաբթի օրը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է շփման գծից հեռացնեն դիպուկահարներին եւ համաձայնության գան այդ գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննման մեխանիզմի հարցում: Գիլմորը հավելեց, թե ինքը հույս ունի, որ հաջորդ շաբաթ Փարիզում կայանալիք բանակցություններում այդ մեխանիզմի հարցում առաջընթաց կարող է լինել:

«Բայց նախ եւ առաջ մենք պետք է վստահ լինենք, որ դադարել են ինչպես դիպուկահարների գործողությունները, այնպես էլ պատասխան քայլերը», - ասաց Գիլմորը:

«Երեւանին եւ Բաքվին ես միանգամայն նույն ուղերձն եմ հղում. ցանկանում եմ, որ երկու կողմերը նոր լիցք հաղորդեն իրենց հանձնառությանն ու շարունակեն աշխատել ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման ուղղությամբ, քանի որ լարվածության աճի եւ զինված միջադեպերի մասին վերջին հաղորդումներից հետո հարկ է, որ կողմերը դրական քայլեր ձեռնարկեն», - հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահը:

Գիլմորը նշեց, թե իր հանդիպումներում բոլոր կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ ինչպես ուժի եւ դրա սպառնալիքի գործադրումից, այնպես էլ ամեն տեսակ պատասխան հարվածներից:

«Այս հակամարտությունը ուժի գործադրմամբ չի լուծվելու: Ես հավատում եմ, որ վստահության ձեւավորման ժամանակն է, եւ այժմ հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավված կողմերի անկեղծ կամքի ու հանձնառության դրսեւորման կարիքը կա», - շարունակեց ԵԱՀԿ գործող նախագահը` հավելելով, որ ԵԱՀԿ-ն կարող է օգնել երկու երկրների, ժողովուրդների միջեւ անհամաձայնությունները մեղմելու, նվազեցնելու, ինչպես նաեւ երկխոսության համար հարթակ տրամադրելու, այդ երկխոսությանն աջակցելու հարցում, որպեսզի կողմերը հասնեն տեւական խաղաղության:

«Բայց մենք չենք կարող լուծում առաջարկել», - ասաց նա` միեւնույն ժամանակ ընդգծելով, որ ԵԱՀԿ նախագահությունը սատարում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` միտված կողմերի հետ աշխատելու միջոցով հրադադարի ռեժիմի ամրացմանն ու խնդրի բանակցված լուծում գտնելուն:

Իր հերթին, անդրադառնալով շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, թե Հայաստանը միշտ էլ կողմ է եղել եւ այժմ էլ կողմ է այդպիսի մեխանիզմի ստեղծմանը:

«Ի տարբերություն Ադրբեջանի, երբ մենք ինչ-որ բանի մասին պայմանավորվում ենք, հաջորդ օրը հետ չենք կանգնում: Ես հիշեցնեմ, որ մեխանիզմի ստեղծման վերաբերյալ դրույթներ են պարունակվում համապատասխան հայտարարությունների մեջ, որոնք արվել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով Սոչիում թե 2011 թվականի մարտին, թե 2012-ի հունվարին: Մենք հարգում ենք այդ պայմանավորվածությունները եւ կողմ ենք մեխանիզմի ստեղծմանը», - ասաց նա:

Նալբանդյանը հակադարձեց նաեւ Թուրքիայի արտգործնախարարի վերջերս արտահայտած այն մտահոգությանը, թե զոհվում են ադրբեջանցի զինվորներ, իսկ հայկական կողմը չի արձագանքում Մինսկի խմբի ձեռնարկած խաղաղարար ջանքերին:

«Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այդ հայտարարությունից, թե իբր ինքը մտահոգված է միայն ադրբեջանցի զինվորների կորստից, որոշ ռասիստական հոտ է գալիս: Երբեւէ չենք լսել իրենից, որ մտահոգված լինի ադրբեջանցիների սադրանքների արդյունքում հայ զինծառայողների սպանություններից: Այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը խստորեն դատապարտում է այս արյունալի միջադեպերը եւ կոչ է անում կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից, այս կարգի հայտարարությունները թուրքական կողմից, փաստորեն, խրախուսում են, Ադրբեջանի նոր սադրանքներ», - ասաց Նալբանդյանը:

Ամփոփելով ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող իր խոսքը` Իռլանդիայի արտգործնախարարը հայտարարեց. - «Մենք Իռլանդիայում շատ լավ գիտենք հակամարտության ավերիչ գինը: Եվ մենք գիտենք նաեւ, թե որքան դժվար է լուծում գտնել նման իրավիճակներում: Մեր փորձից ելնելով, շատ կարեւոր է ունենալ հստակ եւ վճռական քաղաքականություն` բռնությանը կամ վրեժխնդիր լինելու գայթակղությանը տեղի չտալու համար»:

please wait

No media source currently available

0:00 0:04:21 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG