Մատչելիության հղումներ

Լրագրողական հետաքննությունը Ադրբեջանում կարող է անհնար դառնալ


«Հանրապետական այլընտրանք» շարժման բողոքի ցույցը Ադրբեջանի խորհրդարանի շենքի մոտ, Բաքու, 12-ը հունիսի, 2012թ.

«Հանրապետական այլընտրանք» շարժման բողոքի ցույցը Ադրբեջանի խորհրդարանի շենքի մոտ, Բաքու, 12-ը հունիսի, 2012թ.

Այսուհետ լրագրողական հետաքննությունների անցկացումն Ադրբեջանում գրեթե անհնարին կդառնա:

Այսօր երկրի խորհրդարանի` Միլի մեջլիսի պատգամավորները արտահերթ նստաշրջանի ընթացքում քննարկում են մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու` կառավարության նախաձեռնությունը:

Խոսքը, մասնավորաբար, «Տեղեկատվության տրամադրման մասին» եւ «Առեւտրային գաղտնիքի մասին» օրենքներում կատարվելիք փոփոխությունների մասին է, որոնց ուժի մեջ մտնելուց հետո պետական մարմիններն ու մասնավոր ընկերություններն այլեւս պարտավոր չեն լինի որեւէ տեղեկատվություն տրամադրել այս կամ այն առեւտրային կազմակերպության հիմնադիրների մասին:

Ադրբեջանցի ընդդիմադիրների համոզմամբ` այս քայլի պատճառը վերջին երկու տարում իրականացված լրագրողական հետաքննություններն էին, որոնց մեծ մասի հեղինակը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովան էր:

Իսմայիլովան, օգտվելով «Տեղեկատվության տրամադրման մասին» օրենքով ընձեռված հնարավորություններից, կարողացել էր բացահայտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի անդամների ներգրավվածությունը մի շարք խիստ շահութաբեր բիզնես նախագծերում: Նա, օրինակ, կարողացել էր բացահայտել, որ Ադրբեջանի պետական ավիաընկերության ֆինանսական միջոցները տնօրինող AZAL Bank-ը սեփականաշնորհվել է` դառնալով Ադրբեջանի նախագահի դստեր` Արզու Ալիեւայի սեփականությունը: Մեկ այլ հետաքննության արդյունքում Իսմայիլովան տեղեկություններ հրապարակեց, որոնց համաձայն, բջջային կապի` Ադրբեջանում գործող երեք օպերատորներից մեկը` AzerFon-ը վերահսկող եւ օֆշորային գոտում գրանցված երեք ընկերությունները եւս պատկանում են նախագահի դստրերին` Արզու եւ Լեյլա Ալիեւաներին:

Լրագրողական հետաքննությունների այս տարափը սկիզբ դրվեց ամերիկյան հեղինակավոր The Washigton Post պարբերականի` 2010 թվականի մարտի 5-ի հրապարակմամբ, որում ամերիկացի լրագրողները փաստերով ապացուցել էին, որ Ալիեւների ընտանիքին Դուբայում թանկարժեք անշարժ գույք է պատկանում, որը գրանցված է Իլհամ Ալիեւի 11-ամյա որդու` Հեյդար Ալիեւի անունով։ Այն ժամանակ The Washington Post-ը գրում էր. - «Նույնիսկ էքստրավագանտ քայլերով աչքի ընկնող Դուբայի համար դա առանձնահատուկ գնում էր` 11-ամյա ադրբեջանցի տղան մեկ շաբաթում դարձավ ծովափին գտնվող 9 առանձնատների սեփականատեր: Դրանց ընդհանուր գինը 44 միլիոն դոլար էր»:

The Washington Post-ում տեղ գտած այս փաստերը եւս որեւէ կերպ չհերքվեցին պաշտոնական Բաքվի կողմից:

Այս ամենի ֆոնին ադրբեջանցի ընդդիմադիրները նշում են, որ նոր օրենսդրական փոփոխությունների նպատակը հենց այս լրագրողական հետաքննությունների անցկացումը կանխելն է:

Այս հեռանկարի դեմ այսօր փորձեցին բողոքել ադրբեջանական ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» շարժման կողմնակիցները, որոնք հայտնի քաղաքագետ Իլգար Մամեդովի գլխավորությամբ փորձեցին բողոքի պիկետ կազմակերպել Միլի մեջլիսի մուտքի առջեւ: Ոստիկանությունը, սակայն, ցրեց բողոքի ակցիան` հեռացնելով ակտիվիստներին խորհրդարանին հարող տարածքից:

«Հանրապետական այլընտրանք»-ի ղեկավար Իլգար Մամեդովը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե կառավարության նախաձեռնած այս օրենսդրական փոփոխությունները հակասում են Ադրբեջանի` եվրոպական կառույցների առջեւ ստանձնած պարտավորություններին եւ երկրի Սահմանադրությանը:

«Մենք պահանջում ենք, որ պատգամավորները մերժեն այդ օրենսդրական լրացումները։ Դրանց իրական նպատակն է թույլ չտալ, որպեսզի հայտնի դառնա, թե որ բիզնես կառույցը որ բարձրաստիճան պաշտոնյային է պատկանում», - նշել է Մամեդովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG