Մատչելիության հղումներ

Հունիսի 12-ի մամուլ


«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Իրադարձությունների զարգացումը հայաստանյան քաղաքական դաշտում կարծես թե մտնում է մի նոր փուլ, որը վկայում է բավական դաժան դիմակայության մասին: Դրա վկայությունն էր նախօրեին Վարդան Օսկանյանի տարածած հայտարարությունը այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել իր հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի գործունեության կապակցությամբ, եւ հիմնադրամին մեղադրում են փողեր լվանալու մեջ: Ակնհայտ է, որ իշխանությունը ճնշում է բանեցնում Վարդան Օսկանյանի, եւ ամենայն հավանականությամբ նրա միջոցով նաեւ Ռոբերտ Քոչարյանի վրա` ի դեմս Քոչարյանի երեւի թե տեսնելով նախագահական ընտրությանը Սերժ Սարգսյանի լուրջ հակառակորդ: Ընդ որում` խոսքն ամենեւին Քոչարյանի ուղղակի առաջադրման մասին չէ, այլ թեկուզ հենց Օսկանյանի միջոցով, ԲՀԿ շրջանակում: Այս ամենի հավանականությունը ընդունում է, թերեւս, նաեւ Վարդան Օսկանյանը, այլապես հազիվ թե նա այլ բան նկատի ունենար` տեղի ունեցածը իր հայտարարությամբ որակելով որպես «քաղաքական պատվեր»»:

Նույն թեմային է անդրադառնում «Առավոտ»-ի խմբագիրը. - «Հայաստանյան իրավապահ մարմինները զուրկ են որոշակի ինքնահեգնանքից։ Հակառակ դեպքում նրանք մի փոքր ավելի հարուստ երեւակայություն կունենային։ Թե չէ` ստացվում է, որ մեր նախկին արտգործնախարարները «փիս բնավորություն» ունեն փողեր լվալու։ Գուցե դա նրանց մոտ հոբբի է կամ համաճարակ։ Բայց փաստ է. թե’ Ալեքսանդր Արզումանյանը, թե’ Վարդան Օսկանյանը հենց որ մտան ակտիվ քաղաքականություն (ընդ որում` ընդդիմադիր դաշտում), նրանք իսկույն միացրեցին իրենց «լվացքի մեքենաները», որպեսզի լվան արտասահմանյան «մութ ուժերից» ստացած տարադրամները։ Չգիտես ինչու, հիշեցի «Աշնանային մարաթոն» ֆիլմը: Այնտեղ գլխավոր հերոսը ինչ-որ պատմություններ է մոգոնում՝ կնոջից իր «լեւի գնալը» թաքցնելու համար: Եվ երբ նա ասում է, որ արտասահմանցի պրոֆեսորին հանել է սթափարանից, կինը դրան հակադարձում է՝ «սթափարանի մասին դու արդեն խաբել ես»»:

«Երկիր» օրաթերթի խմբագրականում կարդում ենք. - « Վարչապետի կողմից կառավարության ծրագրի նախագիծը խորհրդարանական ուժերի հետ քննարկելու միտքը վատը չէ, եթե ձեւական չէ, ոչ էլ քաղաքական հաշվարկների արգասիք: Բայց այս դեպքում թե՛ մեկն է, թե՛ մյուսը: Վարչապետի նշանակումը եղել է Սահմանադրական ընթացակարգի խախտմամբ. այդ հարցի շուրջ նախագահը ԱԺ բոլոր խմբակցությունների հետ խորհրդակցություններ չի անցկացրել, ինչպես Սահմանադրությունն է պահանջում: Անցած խորհրդարանում նույն վարչապետի գլխավորած կառավարությունը մերժում էր ԱԺ փոքրամասնության ներկայացրած բոլոր առանցքային առաջարկները, այդ ժամանակ, չգիտես ինչու, երկխոսության մշակույթի ներդրման մասին հիշող չկար: Մի կողմից վարչապետը փորձ է անում լեգիտիմացնել իր նշանակումը, մյուս կողմից` խուսափել ՀՀԿ-ի եւ անձամբ իր համար արդեն ամբողջական պատասխանատվությունից»:

«168 ժամ»-ի հետ զրույցում «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը ներկայացրել է հայաստանյան քաղաքական դաշտի վերադասավորումների վերաբերյալ իր տեսանկյունը. - «Այն, ինչ կատարվում է, այդ ամենի մեջ մեր երկրի, մեր ժողովրդի կյանքը փոխող երեւույթ չկա: Այդ երեւույթները պայմանավորված են դրսի ուժերի գործողությամբ, եւ դա մեզ պետք է հետաքրքրի, որովհետեւ այդտեղ հավասարակշռությունը, գործողությունները կարող են հնարավորություն ստեղծել, որ գտնենք լուծումներ, երբ Հայաստանը սկսի գոյություն ունենալ: Հիմա Հայաստանը չկա, որովհետեւ մենք թույլ տվեցինք, որ մեզ տիրի դրսից եկող փիլիսոփայությունը, թե մարդը աշխարհ է գալիս փող կուտակելու համար: Մենք բզկտվեցինք որպես հասարակություն, մեզնից ոմանց նշանակեցին կառավարիչներ: Երբ մեզ ասում են, թե ընտրությունները համապատասխանում են եվրոպական չափանիշներին, եւ դուք մտածում եք, թե այս խայտառակությունն ինչպես կարող է համապատասխանել եվրոպական չափանիշներին, պետք է մտածել, որ եվրոպական չափանիշը հենց դա է»:

1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, Դավիթ Շահնազարյանը «Հրապարակ»-ի հարցազրույցում ասում է. - «Իմ խորին համոզմամբ, մենք արդեն մոտ ենք ղարաբաղյան խաղաղ կարգավորման հնարավորությունները սպառված համարելու եզրագծին: Խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Վարդան Օսկանյանի վարած քաղաքականության արդյունքում այսօր լրջորեն խախտված է հակամարտող կողմերի միջեւ առկա ռազմաքաղաքական բալանսը, խախտված է` հօգուտ Ադրբեջանի. միայն Իսրայելի կողմից Ադրբեջանին մատակարարված 1,6 միլիարդի զենքը կամ Ռուսաստանից գնված 24 հարվածային ուղղաթիռները բավարար են հասկանալու, թե ուր է հասել Ադրբեջանը… Ադրբեջանը պատերազմ սկսելու դեպքում շատ մեծ ռիսկի կդիմի: Բացի մեր պատասխանից, նա պետք է հաշվի առնի Ռուսաստանի հնարավոր արձագանքը: Արդյո՞ք Ադրբեջանն ունի այն վստահությունը, որ, պատերազմն օգտագործելով, Ռուսաստանը մեկ անգամ եւս չի ներխուժի Վրաստան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG