Մատչելիության հղումներ

Օսկանյանը փողերի լվացման հատկանիշներով հարուցված գործի շրջանակներում հրավիրվել է ԱԱԾ


Վարդան Օսկանյանը (կենտրոնում) եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանրահավաքում, 3 մայիսի, 2012

Վարդան Օսկանյանը (կենտրոնում) եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանրահավաքում, 3 մայիսի, 2012

Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը անցած շաբաթ հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն` որպես վկա ցուցմունքներ տալու հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:

«Այդ գործն առնչվում է ինձ եւ իմ հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությանը», - այսօր տարածած հայտարարությունում ասել է Օսկանյանը` կարծիք հայտնելով, որ հարուցված քրեական գործի հետեւում «ակնհայտ քաղաքական պատվեր կա»:

Նշենք, որ ընտրությունների առաջ ԲՀԿ-ին անդամակցած Օսկանյանը նախընտրական շրջանում եւ դրանից հետո եւս բազմիցս սուր քննադատություններ է հնչեցրել իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ:

Իր հայտարարության մեջ նախկին արտգործնախարարը պնդում է, որ հիմնադրման օրվանից «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությունը եղել է թափանցիկ եւ օրենքի տառին ու ոգուն համապատասխան:

«Ինձ համար զարմանալի եւ տարօրինակ է, որ իմ եւ «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությունը որեւէ կերպ կարող է շաղկապվել հանցավոր եւ անօրինական փողերի հետ: Առավել զարմանալի է, որ նման հարց առաջ է քաշվում հենց այն ժամանակ, երբ ես ներգրավվել եմ քաղաքական գործընթացներում», - գրել է Օսկանյանը եւ նշել հիմնադրամի ֆինանսական աղբյուրները. - «Գործունեության առաջին օրերից՝ 2008-ից սկսած, հիմնադրամին ֆինանսավորել եւ նրա հետ համատեղ ծրագրեր են իրականացրել Նիդեռլանդների եւ Լեհաստանի կառավարությունները, Նորվեգիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունները, Շվեյցարիայի եւ Միացյալ Թագավորության զարգացման գործակալությունները, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, ինչպես նաեւ այլ հեղինակավոր կազմակերպություններ, կորպորացիաներ եւ անհատներ»:

Օսկանյանի կարծիքով` այս ամենի մասին չէին կարող չիմանալ Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցները:

ԱԱԾ-ից «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեցին Օսկանյանի հայտարարության մեջ տեղ գտած այն պնդումները, թե փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում նախկին արտգործնախարարը հրավիրվել է ԱԱԾ, սակայն այլ մեկնաբանություններից հրաժարվեցին:

Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, արձագանքելով Օսկանյանի այն դիտարկմանը, թե ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի հետեւում ակնհայտ քաղաքական պատվեր կա, ասաց. - «Ինձ համար տարօրինակ է պարոն Օսկանյանի նման մեկնաբանությունը երկու պատճառով. առաջինը` Հայաստանի Հանրապետությունը` նախագահ Սարգսյանի գլխավորությամբ, այս տարիների ընթացքում ապացուցել է, որ կառուցում է ժողովրդավարական հանրապետություն, երկիր, որը ուղղված է ժողովրդավարական ազատությունների խորացմանը, այլ ոչ թե ռեպրեսիվ գործողությունների ուղղորդմանը: Նման մեկնաբանությունները առնվազն պարոն նախկին արտգործնախարարի կողմից տարօրինակ են: Երկրորդ` կարծում եմ, պարոն նախկին արտգործնախարարը մի քիչ գերագնահատել է իր պերսոնայի կարեւորությունը եւ «վտանգավորությունը» քաղաքական իշխանության համար»:

Հարցին, թե արդյո՞ք բացառում է, որ ընդդիմադիր ելույթների եւ իշխանության դաշտից դուրս գալու համար, ԲՀԿ-ի ներկայացուցիչը կարող է ենթարկվել ճնշումների, Շարմազանովը պատասխանեց. - «Ես բացառում եմ, որ Հայաստանի քաղաքական իշխանությունները որեւէ մի քաղաքական գործչի նկատմամբ իրականացնեն որեւէ քաղաքական պատվեր, որովհետեւ Հայաստանում քաղաքական պատվերների եւ քաղաքական ռեպրեսիաների ժամանակները անցյալում են»:

Շարմազանովն ասաց` անկախ նրանից, թե ով է խախտել օրենքը, փաստն ապացուցվելու դեպքում անձը պետք է կրի իր պատիժը:

«Դա կլինի Էդուարդ Շարմազանովը, Վարդան Օսկանյանը, Պողոս Պողոսյանը, թե Մուրադ Մուրադյանը, պետք է պատժվի: Եվ կարծում եմ, որ մեր հասարակությունը այս տարիների ընթացքում տեսել է, որ մենք կառուցում ենք այնպիսի պետություն, որտեղ որեւէ մեկը իրեն վեր դասել չի կարող: Ես պարզապես կոչ կանեմ մեր բոլոր գործընկերներին, որպեսզի ավելի սթափ լինեն եւ ամեն բանի տակ քաղաքական պատվեր չտեսնեն», - ասաց ՀՀԿ-ի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG