Մատչելիության հղումներ

Կայացավ ԲարՔեմփ Երեւան 2012-ը


ԲարՔեմփ Երեւան ամենամյա միջոցառումն այս տարի անցկացվեց հունիսի 10-ին եւ 11-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքում: ԲարՔեմփը Հայաստանում անցկացվում է 2009 թվականից:

ԲարՔեմփը ոչ ֆորմալ կոնֆերանս է, ինչպես կազմակերպիչներն են նշում՝ «չկոնֆերանս», ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ նոր մեդիայի վերաբերյալ:

Ամեն տարի մասնակիցները նախ գրանցվում են կայքում, ապա ելույթի օրը գնում ու տախտակին գրում իրենց թեման ու ելույթ ունենում տրամադրվող լսարաններից մեկում: Կազմակերպիչները կամավորներ են, հիմնականում բլոգերներ ու ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ:

ԲարՔեմփի լսարանը ամեն տարի աճում է։ Այս տարի, ըստ Սամվել Մարտիրոսյանի, հասել է մոտ 1200-ի: Ամեն տարի ԲարՔեմփը տարբեր է լինում նախորդից՝ ներկայացված թեմաների առումով: Այստեղ բլոգեր Սամվել Մարտիրոսյանը որոշակի օրինաչափություն է նկատում:

«Ընդհանրապես ամեն ԲարՔեմփին երեւում է, թե ինչ հետաքրքրություն ունեն մարդիկ, օրինակ այս տարի շատ էին ելույթները Ֆեյսբուքի մասին: Առաջին ԲարՔեմփին շատ էին ելույթները բլոգների մասին, երկրորդում շատ էին ծրագրավորողները», - ասում է Մարտիրոսյանը։

Միջանցքներում մի քանի քննարկումներ եղան կազմակերպիչների կողմից մերժված ելույթների շուրջ, քանի որ կային ելույթներ, որոնք ջնջվեցին տախտակից, քանի որ դրանք կազմակերպիչները գովազդային կամ անհետաքրքիր էին համարում, ելույթ ունեցողները նրանց որոշումը՝ անարդար:

«ԲարՔեմփի» իմաստը այն է, որ ոչ թե որ մարդիկ ինչ-որ գործ են արել, գան ցույց տան, այլ որ ինչ-որ բան սովորեցնեն, փորձի փոխանակում լինի: Եթե նույնիսկ մի բան են ստեղծել, պիտի կարողանան ցույց տալ, թե դրանով ինչ խնդիրներ են լուծել, ինչ նորարարություն արել: Ու բնականաբար վեճեր լինում են: Մեզ համար էլ բարդ է օբյեկտիվ որոշել՝ ներկայացումը զուտ գովազդային է, թե այնտեղ ինչ-որ նորարարության տարր կա», - ասում է Սամվել Մարտիրոսյանը:

Այս տարի, ինչպես նախորդ տարիներին, ելույթ ունեցան ինչպես հայ, այնպես էլ արտասահմանից հրավիրյալ խոսնակներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG