Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը կշարունակի հանրահավաքային պայքարը


ՀԱԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում, 8 մայիս, 2012
ՀԱԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում, 8 մայիս, 2012
Խորհրդարան անցած Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) շարունակելու է հանրահավաքային պայքարը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց ՀԱԿ համակարգող, Ազգային ժողովում քաղաքական դաշինքի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակը որոշել է, որ հերթական հանրահավաքը կանցկացվի հունիսի 26-ին, Ազատության հրապարակում: Դա հետընտրական իրադարձություններից հետո ՀԱԿ-ի առաջին հանրահավաքը կլինի:

«[Հանրահավաքը] նվիրված է լինելու այն զարգացումներին, որ տեղի են ունեցել վերջին շրջանում, իսկ զարգացումները շատ կարեւոր են. մի զարգացում էլ տեղի կունենա մոտ օրերս, դա կառավարության ձեւավորումն է, միջազգային շատ լուրջ զարգացումներ են տեղի ունենում: Այս ամենի մասին մենք լուրջ ասելիք ունենք ժողովրդին», - ասաց Զուրաբյանը:

Զուրաբյանը դժվարացավ ասել` ՀԱԿ-ի հանրահավաքները պարբերական բնույթ կունենան, թե` ոչ: Ասաց, եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ համախոհներին ասելիք ունենան, կնախաձեռնեն հանրահավաք:

Հարցին, թե ինչո՞ւ խորհրդարան անցած քաղաքական ուժը որոշեց չդադարեցնել հանրահավաքային պայքարը, երբ տեսակետները ներկայացնելու համար նաեւ ԱԺ-ի ամբիոնը կա, ՀԱԿ համակարգողը պատասխանեց. - «Ընդհանրապես հանրահավաքները անցկացվում են ընտրական շրջաններում դեմոկրատական պետություններում: Ընտրություններից հետո պայքարը տեղափոխվում է խորհրդարան, բայց դա այն դեպքում, երբ գործ ունենք ազատ եւ արդար ընտրությունների հետ: Իսկ մի պարագայում, երբ ստեղծված խորհրդարանը չի համապատասխանում ժողովրդի իրական տրամադրություններին, որովհետեւ ընտրություններ ամբողջովին կեղծված են, հասարակության մեջ մնում է լարվածություն: Երբ իշխանությունները ամեն ինչ անում են, որ երկրի հիմնական քաղաքական ուժը, չկարողանա ստանալ այն մանդատների քանակը, որ նա իսկապես վաստակել է, եւ տալիս են ընդամենը յոթ մանդատ, այդ դեպքում, բնականաբար, դա նշանակում է, որ մենք շարունակելու ենք պայքարը նաեւ հրապարակներում»:

Առաջին հարցերից մեկը, որի քննարկմանն ԱԺ-ում կմասնակցի ՀԱԿ-ը, կառավարության ծրագիրը կլինի: Զուրաբյանն ասում է` այս կառավարության չեն վստահում եւ ծրագրին դեմ են քվեարկելու, բայց միեւնույն ժամանակ ՀԱԿ-ը պատրաստվում է մանրամասնորեն ուսումնասիրել այն: «Եթե այլ քաղաքական ուժեր եւս կիսեն մեր մոտեցումները, դա ողջունելի կլինի», - ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՀԱԿ-ը կփորձի ներգրավել խորհրդարանում ներկայացված այլ ուժերի եւս կառավարության ծրագրին դեմ քվեարկելու համար: Այս պահին, սակայն, ՀԱԿ-ը այլ քաղաքական ուժերի հետ այդ հարցով քննարկումներ չի անցկացնում:

Զուրաբյանի խոսքով, խորհրդարանում օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնելիս ՀԱԿ-ը հիմնվելու է նախընտրական շրջանում տված խոստումների վրա: Առաջնահերթությունները կորոշվեն խմբակցության առաջիկա նիստում:

«Կան առաջնահերթությունները, որոնց մասին մենք խոսել ենք ընտրական արշավի ժամանակ. դա Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթացն է, հակամենաշնորհային օրենսդրությունը, ավանդների վերադարձը, գյուղատնտեսական վարկերի ամնիստիային վերաբերող հարցերը... մենք, ինչ խոստացել ենք ժողովրդին, դրանով զբաղվելու ենք, բայց առաջնահերթությունների հստակ ցուցակը դեռ պետք է մշակենք», - ասաց Զուրաբյանը:

2008 թվականին նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ, այժմ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը օրերս կարծիք էր հայտնել, որ 2013-ի նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանը չի առաջադրի իր թեկնածությունը: Արձագանքելով այս հայտարարությանը` ՀԱԿ համակարգողը Արզումանյանին խորհուրդ տվեց խոսել այն քաղաքական ուժի ծրագրերի մասին, որը նա է ներկայացնում: Զուրաբյանն ասաց` նախագահական ընտրություններում ում թեկնածությունը կառաջադրի, ՀԱԿ-ը հաստատապես կհայտարարի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, բայց ՀԱԿ-ի «անվիճելի լիդերը Տեր-Պետրոսյանն է»:

«Իր ֆիգուրը անվիճելի է բոլորի համար: Ես ամենահավանականը համարում եմ, որ ինքը որոշում կընդունի առաջադրվելու մասին: Ի վերջո պետք է մի բան հասկանալ, հաջողության շանս ունի այն թեկնածուն, որը ունի առավելագույն մեծ կոնսոլիդացնող, համախմբող պոտենցիալը, եւ այդ առումով Լեւոն Տեր-Պետրոսյանի ֆիգուրը անգերազանցելի է», - ասաց Զուրաբյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:45 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG