Մատչելիության հղումներ

102-րդ ռազմակայանի օդաչուները «մարտական իրավիճակների են պատրաստվում»


ՄիԳ-29 ռազմական օդանավը

ՄիԳ-29 ռազմական օդանավը

Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի օդուժն ավելացրել է ռազմական ինքնաթիռների թռիչքների հաճախականությունը մոտ 20 տոկոսով։ Շաբաթ օրը այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամուլի քարտուղար գնդապետ Իգոր Գորբուլը։

«Այս տարեսկզբից ի վեր Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի օդանավերը մոտ 300 ուսումնական թռիչք են իրականացրել` դրանց ընդհանուր տեւողությունը նախորդ տարվա համեմատ ավելացնելով 20 տոկոսով», - նշել է նա։

Ռուսաստանցի գնդապետը նաեւ հատուկ նշել է, որ 102-րդ ռազմակայանում ծառայող օդաչուները ուսումնական թռիչքների ընթացքում մարտական իրավիճակների են պատրաստվում: «Միայն ՄիԳ-29 օդանավերի անձնակազմերը այս տարի 200 ուսումնական օդային մարտ են իրականացրել: Դրանցից մոտ 50 տոկոսը կատարվել է սահմանափակ տեսադաշտի պայմաններում եւ գիշերային ժամերին», - նշել է գնդապետ Իգոր Գորբուլը:

Ռուսական բանակի ներկայացուցչի հայտարարությունն արեւմտյան լրատվամիջոցների կողմից աննկատ չի մնացել: The New York Times-ը, անդրադառնալով ռուս զինվորականի այս հայտարարությանը, հատուկ նկատում է, որ այն հնչել է այն պահին, երբ իրավիճակը հայ - ադրբեջանական սահմանագծին խիստ լարվել է:

Ինչ վերաբերում է հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակին, ապա թե՛ Երեւանից եւ թե՛ Բաքվից շարունակում են հրադադարի խախտման փոխադարձ մեղադրանքներ հնչել:

Ադրբեջանական կողմը, մասնավորաբար, պնդում է, որ վերջին մեկ օրում ակտիվ փոխհրաձգությունները շարունակվել են շփման գծի միանգամից մի քանի հատվածներում` Աղդամ, Ֆիզուլի, Գեդաբեկ, Թարթառ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաեւ հաստատել է նոր կորուստների մասին ավելի վաղ հայտնված տեղեկատվությունը:

Այսօր հայտնի է դարձել, որ ադրբեջանական ուժերի կողմից 1992 թվականին գրավված Շահումյանն ընդգրկող Գերանբոյի շրջանում ականի պայթյունից ծանր վիրավորվել են ադրբեջանական զինուժի երկու սպաներ` կապիտաններ Իլգար Վերդիեւն ու Զահիր Մամեդովը: «Զինծառայողներից երկուսն էլ ծանր վնասվածքներ են ստացել», - հաղորդում է APA գործակալությունը` տեղեկացնելով, որ Վերդիեւը պայթյունի արդյունքում կորցրել է ձեռքը, իսկ Մամեդովը` ոտքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG