Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ընդդիմադիրները մանիֆեստ են հրապարակում


Ռուսաստան - Ընդդիմության բողոքի ցույցերից մեկը մայրաքաղաք Մոսկվայում, 13-ը մայիսի, 2012թ.
Ռուսաստան - Ընդդիմության բողոքի ցույցերից մեկը մայրաքաղաք Մոսկվայում, 13-ը մայիսի, 2012թ.
Ռուսաստանի ընդդիմությունը վերջապես հայտարարել է իր ռազմավարությունը։ Ընդդիմադիրների մի խումբ «Միլիոնների երթի» նախօրեին հրապարակել է «Ազատ Ռուսաստանի մանիֆեստը»։

«Միլիոնների երթը» անցնելու է հունիսի 12-ին` Ռուսաստանի անկախության օրը։

Ընդդիմադիրների հրապարակած փաստաթղթում, մասնավորապես, ասված է, որ Ռուսաստանում ստեղծված քաղաքական համակարգը պետք է քանդել եւ կառուցել նոր, ժողովրդավարական համակարգ, եւ ընդդիմության հիմնական պահանջը, հիմնական նպատակն է նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնանկությունը։

Ընդ որում, մանիֆեստում ընդգծված է, որ համակարգը պետք է փոխել բացառապես օրինական ճանապարհով. - «Այս նպատակներին հասնելու համար մենք օգտագործելու ենք օրենքով սահմանված բոլոր միջոցները` երթեր, հանրահավաքներ, քաղաքական անհնազանդության եւ իշխանությունների վրա խաղաղ ճնշման միջոցներ»։

Խաղաղ ակցիաների անցկացման պատասխանատվությունը ստանձնել է համակարգող խորհուրդը, որի կազմում են տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող գործիչներ։ Այս մասին ընդդիմադիր Բորիս Նեմցովը գրել է իր բոգում։

«Մեր մանիֆեստում կա երեք հարցի պատասխան` ինչու է Պուտինի ցմահ նախագահությունը աղետալի Ռուսաստանի համար, ինչպես փրկել Ռուսաստանը Պուտինից եւ ինչպես նոր երկիր կառուցել Պուտինից հետո», - գրել է Նեմցովը։

Մանիֆեստը ստորագրել են Սերգեյ Ուդալցովը, Գարի Կասպարովը, Բորիս Նեմցովը, Իլյա Պոնոմարյովը, Իլյա Յաշինը եւ մի շարք այլ ընդդիմադիր գործիչներ։ Բացակայում են, մասնավորապես, Ալեքսեյ Նավալնու եւ Միխայիլ Կասյանովի ստորագրությունները։ Այնուհանդերձ, փաստաթուղթը բաց է ստորագրությունների համար, եւ հնարավոր է, որ նոր ազգանուններ լինեն։

Անցած ուրբաթ օրը նախագահ Պուտինը ստորագրել է Պետդումայի ընդունած վիճահարույց օրենքը, ըստ որի` զանգվածային ակցիաների ժամանակ տեղ գտած խախտումների համար գանձվելու են հսկայական տուգանքներ։ Ընդդիմադիրների երթը, այնուամենայնիվ, կկայանա, եւ նախատեսված է, որ այս մանիֆեստը ընդդիմադիրները կընդունեն հենց վաղվա հանրահավաքին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG