Մատչելիության հղումներ

Հայաստանի նոր կառավարությունը` այս շաբաթ


Հայաստանի կառավարության նիստը, արխիվային լուսանկար
Հայաստանի կառավարության նիստը, արխիվային լուսանկար
Հայաստանի նոր կառավարության կազմը այս շաբաթավերջին արդեն հայտնի կդառնա, իսկ մինչեւ հունիսի վերջը խորհրդարանը կքննարկի նոր կառավարության ծրագիրը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը, ըստ էության, հաստատեց այս տեղեկությունը` ասելով. - «Ես կարծում եմ, որ կառավարության կազմը այս շաբաթ իսկապես կներկայացվի, եւ եկող շաբաթ, կարծում եմ, որ մենք արդեն, ենթադրում եմ, կունենանք կառավարության ծրագիրը` ներկայացված Ազգային ժողով»։

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո պարզ չէր, թե նոր կառավարությունը ինչ տեսք կունենա։ Նախ, հայտնի չէր, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) անդամակցելո՞ւ է արդյոք նոր իշխող կոալիցիային։ Այդ հարցը կարեւոր էր նաեւ այն պատճառով, որ ԲՀԿ-ն կառավարությունում ուներ նախարարական չորս պորտֆել։ Բացի այդ, մամուլում բազմիցս էր շրջանառվում այն, որ նոր կոալիցիային մաս կազմելու համար ԲՀԿ-ն պահանջում է իրեն հատկացնել վարչապետի աթոռը։

Մայիսի 24-ին հայտարարությամբ հանդես եկավ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` հայտնելով, որ իր գլխավորած քաղաքական ուժը չի մասնակցելու նոր իշխող կոալիցիային։

Ծառուկյանի այդ հայտարարությունից մոտ տասն օր անց` հունիսի 2-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Տիգրան Սարգսյանը նշանակվեց վարչապետ։ Մինչ այդ, ինչպես պահանջում է Սահմանադրությունը, կառավարությունը` Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, հրաժարական էր ներկայացրել, քանի որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորվել էր նոր Ազգային ժողով։

Այսպիսով, իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) իրեն պահեց վարչապետի աթոռը, Տիգրան Սարգսյանն էլ վերստին ստանձնեց վարչապետի պարտականությունները։

Նախագահի հունիսի 4-ի հրամանագրերով էլ նշանակվեցին 18 նախարարներից երեքը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանն ու արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, որոնք նախորդ կառավարությունում էլ զբաղեցնում էին նույն պաշտոնները:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` կառավարության կազմում փոփոխություններ շա՞տ են լինելու, Գագիկ Մինասյանը պատասխանեց. - «Իհարկե, դժվար է ասել, որովհետեւ դա նախագահի եւ վարչապետի լիազորության շրջանակներում է գտնվում, սակայն, որքան ես կարող եմ ենթադրել, շատ մեծ փոփոխություններ լինել չեն կարող։ Ուղղակի կապված այն հանգամանքի հետ, որ «Բարգավաճ Հայաստան»-ը այլեւս կոալիցիոն ուժ չի հանդիսանում, կլինեն, մասնավորապես, դրա հետ կապված փոփոխություններ»։

«Այսինքն, «Բարգավաճ Հայաստան»-ին նախկինում պատկանող չորս նախարարական պորտֆելները անցնելու են Հանրապետականին», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցադրմանը հանրապետական գործիչը արձագանքեց. - «Կապված այն հանգամանքի հետ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այլեւս կոալիցիոն շրջանակներում չի գտնվում, կառավարությունում, բնականաբար, կլինեն համապատասխան փողոխություններ»։

Իսկ թե էական փոփոխություններ լինելո՞ւ են արդյոք կառավարության գործունեության ծրագրում` այդ առնչությամբ Մինասյանը ասաց. - «Իհարկե, կլինեն փոփոխություններ, եւ կառավարության գործունեության ծրագիրը, բնականաբար, պետք է խարխսված լինի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի վրա։ Բնականաբար, դա պետք է լինի այն հենքը, որի վրա պետք է կառուցվի ծրագիրը` այլ կերպ լինել չէր կարող։ Միաժամանակ, բանակցություններ են ընթանում այլ քաղաքական ուժերի հետ, որոնք ներկայացված են Ազգային ժողովում, որպեսզի նրանց կողմից ներկայացված դրույթները, որոնք համահունչ են մեր նախընտրական ծրագրին, եւս իրենց արտացոլումն ունենան կառավարության գործունեության ծրագրում»։

«Դուք ի նկատի ունեք միայն «Օրինաց երկի՞ր»-ը, թե՞ խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերին», - այս հարցին Գագիկ Մինասյանը պատասխանեց. - «Ես նկատի ունեմ, իհարկե, առաջին հերթին «Օրինաց երկիր»-ը` որպես կոալիցիոն գործընկերներ, բայց նաեւ մյուսների հետ եւս ընթանում են այդպիսի քննարկումներ»։

Մայիսի 30-ին Հանրապետականը եւ «Օրինաց երկիր»-ը կոալիցիան համաձայնագիր են ստորագրել։

please wait

No media source currently available

0:00 0:02:46 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG