Մատչելիության հղումներ

«Հայաստանում աշխատանք է փնտրում 78 հազար մարդ»


2012 թվականի մայիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Հայաստանում կազմում է շուրջ 78 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14.8 տոկոսով։ Այսօր այսպիսի տվյալներ է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության Զբաղվածության գործակալությունը։

Տարեսկզբից մինչեւ մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքի է տեղավորվել 3 հազար 574 գործազուրկ՝ հիմնականում մշակող արդյունաբերության, առեւտրի եւ սպասարկման, շինարարության, տրանսպորտի եւ կապի ոլորտներում։

Գործակալության տնօրեն Սոնա Հարությունյանի խոսքով, ժամանակն է, որ կանայք վերապատրաստվեն այն մասնագիտությունների գծով, որոնք ավանդաբար արել են տղամարդիկ։

«Եթե գործազրկության մակարդակը գնահատենք ըստ սեռերի, տղամարդկանց առումով գործազրկության բարձր մակարդակ մենք չենք արձանագրում», - այսօր հրավիրած ասուլիսոմ նշեց Հարությունյանը` փաստելով, սակայն, որ հենց տղամարդիկ են մեկնում արտագնա աշխատանքի․ - «Աշխատանքային միգրացիան կատարում են ոչ միայն այն պատճառով, որ չկան թափուր աշխատատեղեր։ Նրանցից 25 տոկոսը գնում է, որովհետեւ այդ աշխատատեղերը առաջարկում են ցածր աշխատավարձեր»։

Գործակալության ներկայացրած տվյալների համաձայն, երիտասարդների 22.5 տոկոսը չի կարողանում աշխատանք գտնել աշխատանքային փորձ չունենալու պատճառով։ Շատ ավելի բարդ է պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած երիտասարդների վիճակը։ Սոնա Հարությունյանի խոսքով, սակայն, այս հարցում պետությունը որոշակի քայլեր է ձեռնարկում գործատուին խրախուսելու համար, օրինակ՝ մեկ տարի վճարելով զինծառայությունից վերադարձած երիտասարդների աշխատավարձերի 50 տոկոսը։

Տարբեր է նաեւ գործազրկության աշխարհագրությունը։ Եթե Երեւանում շատ են դիպլոմավորված գործազուրկ բժիշկները եւ ուսուցիչները, ապա մարզերում այս մասնագիտությունների գծով մեծ թվով թափուր աշխատատեղեր կան։ Այս խնդրի լուծման համար գործում է աշխատուժի ներքին շարժի ծրագիր։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը չի վստահում իշխանությունների ներկայացրած ցուցանիշներին։

«Որովհետեւ եթե գործազրկությունը պակասում է, պարզ է, որ պետք է կենսամակարդակը բարձրանա, աղքատության ցուցանիշն էլ իջնի։ Իրականում գործազրկությունը 6.2 տոկոս չէ՝ ռեալ գործազրկությունը մոտ 32 տոկոս է, եւ այդ պայմաններից ելնելով՝ հասկանալի է, թե ինչու է 35-40 տոկոս աղքատություն», - ասում է տնտեսագետը։

Սոնա Հարությունյանը նշում է, որ գործազուրկների՝ հրապարակված թիվը շատ ավելի մեծ կլիներ, եթե չունենայինք թաքնված գործազրկություն։ Նա, սակայն, ասում է․ - «Մեր խնդիրը չէ թաքնված գործազրկությունը կրճատելը։ Մեր խնդիրը մարդու կարողությունները բարձրացնելն է, որ նա ընդունվի աշխատանքի»։

Նրա խոսքով, լուրջ աշխատանք է տարվում նաեւ գործատուների հետ։ Գործատու-գործազուրկ կապը ապահովելու համար հատուկ տոնավաճառներ են կազմակերպվում։ Նմանօրինակ տոնավաճառներ կազմակերպվելու են, մասնավորապես, հունիսի 29-ին՝ Հրազդան քաղաքում, հուլիսի 27-ին՝ Վանաձորում, օգոստոսի 27-ին կամ 28-ին՝ Գյումրիում։

please wait

No media source currently available

0:00 0:05:26 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG