Մատչելիության հղումներ

logo-print

Էշթոնը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում պահպանել հրադադարը


Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոն

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոն

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական շփման գոտում սրված իրավիճակի վերաբերյալ։

Պաշտոնական Բրյուսելը հայտարարություն է տարածել Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոնի անունից՝ կոչ անելով Հայաստանին ու Ադրբեջանին զերծ մնալ ռազմական գործողություններից եւ պահպանել հրադադարի ռեժիմը։

«Գերագույն ներկայացուցիչը շատ մտահոգ է հունիսի 4-ին, 5-ին, 6-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում լուրջ զինված միջադեպերի կապակցությամբ եւ խորապես ցավում է մարդկային կորուստների համար», - ասված է հայտարարությունում, - «Գերագույն հանձնակատարը երկու կողմերին կոչ է անում խստագույնս պահպանել հրադադարը եւ զսպվածություն ցուցաբերել թե՛ շփման գծում, թե՛ հրապարակային հայտարարություններում` կանխելու վերջին ամիսների ընթացքում վատթարացած իրավիճակի էլ ավելի սրացումը»:

Հայտարարության մեջ Քեթրին Էշթոնը ընդգծում է, որ սպառնալիքը կամ ուժի կիրառումը, ինչպես նաեւ ներկայիս ստատուս քվոն չեն նպաստում հակամարտության կարգավորմանը եւ փաստում. - «Վերջին դեպքերը ընդգծում են միջադեպերի հետաքննության մեխանիզմ կիրառելու կարեւորությունը, ինչպես առաջարկում է ԵԱՀԿ-ն: Ավելին՝ դրանք մեծացնում են բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու անհրաժեշտությունը»:

Հայտարարության ավարտին Գերագույն ներկայացուցիչը հորդորում է Հայաստանին եւ Ադրբեջանին, որպես գործընկեր երկրների, ակտիվացնել ջանքերը՝ Մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ, ինչպես նաեւ ամբողջությամբ կատարել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում երկու կողմերի նախագահների ստանձնած պարտավորությունները:

«ԵՄ-ը վերահաստատում է իր աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին եւ համանախագահների՝ հակամարտության խաղաղ լուծմանն ուղղված ջանքերին», - ընդգծում է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG