Մատչելիության հղումներ

Բուքմեյքերական ընկերությունները մեծադիր պաստառներով Երեւանի փողոցներում հրավիրում են ֆուտբոլասերներին խաղադրույքներ կատարելու:

Հին աշխարհի առաջնությունը, սակայն, շատ մեծ ոգեւորություն առայժմ հայ մարզասերների շրջանում չի առաջացրել: Համենայնդեպս, «Ազատություն» ռադիոկայանի այցելության պահին այսօրվա երկու հանդիպումների համար հատուկենտ խաղադրույք կատարողներ կային:

Բուքմեյքերական ընկերությունները ոչ միայն իրենց գրասենյակներում, այլեւ երեւանյան սրճարաններում են խաղադրույքներ ընդունում: Օպերային թատրոնի շրջակա սրճարաններում բացօթյա դիտումներ են կազմակերպելվու, տեղադրված են մեծ էկրաններ: Ինչպես փոխանցեց սրճարաններից մեկը ներկայացնող Գաբրիել Գրիգորյանը, թեեւ սեղանների համար առանձին վճար չկա, սակայն առայժմ նախապես պատվերներ չեն ստացել:

«Ինչպես միշտ եղել է, բնականոն հունով աշխատանքը շարունակվում է, ուղղակի առավելությունը այն է, որ մարդիկ կարող են նստել եւ ֆուտբոլ նայել: Բոլորս ոգեշնչված սպասում ենք, թե երբ են սկսվելու խաղերը, որովհետեւ համ զբաղմունք է, համ լավ ժամանակ է անցկացվում, խաղադրույքներ են արվում, որը ավելի ինտենսիվ է դարձնում խաղի դիտումը, ավելի արգեսիվ ես դիտում», - ասաց Գրիգորյանը:

Սրճարանում ակնկալում եմ, որ ֆուտբոլասերների հետաքրքրությունը կմեծանա խմբային փուլից հետո:

Ֆուտբոլային մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանը չի թաքցնում, որ սպասելիքներ չունի Եվրոպայի առաջնությունից՝ նույնն են ֆավորիտները, մեծ անակնկալներ մարզական մեկնաբանը չի կանխատեսում:

«Անսպասելի, սենսացիոն թիմերի շրջանակը նույնպես շատ սեղմ է. 3-4 թիմեր, որոնք կարող են մինչեւ քառորդ եզրափակիչ փուլ, ինչու չէ նաեւ մինչեւ կիսաեզրափակիչ որոշակի առումով անակնկալների հեղինակներ դառնալ, իսկ ֆավորիտների շրջանակը նույնն է՝ Գերմանիա, Իսպանիա, Իսպանիա… չնայած նույնիսկ Իտալիայի հավաքականի երկրպագուները մեծ սպասելիքներ չունեն իրենց ազգային հավականից, եւ նրանց մեծ մասը կարծում է, որ իտալացիները չեն հաղթահարելու խմբային արգելքները», - ասաց Կարա-Պողոսյանը:

Առաջատար թիմերի շրջանակը թեեւ չի մեծացել, սակայն, դա, ըստ Սենիկ Կարա Պողոսյանի, դեռ չի նշանակում, որ համաշխարհային ֆուտբոլը չի զարգանում: Իր կանխատեսումներում մարզական մեկնաբանը ավելի շատ հենվում է բացառման սկզբունքի վրա, կիսաեզրափակիչում չի տեսնում Անգլիայի ընտրանուն, ինչպես նաեւ իսպանացիներին, ովքեր ներթիմային լուրջ խնդիրներով են հասել առաջնությանը:

«ՈւԵՖԱ-ն է դեռ շարունակելու իր որոշակի սցենարային ֆուտբոլը ցուցադրել: Եվ այն, որ կազմակերպիչ երկրներից մեկը անպայման կլինի կիսաեզրափակիչ փուլի մասնակից չորս երկրների շարքում, դրանում չեմ կասկածում ոչ մի վայրկյան: Ըստ իս, դա կլինեն լեհերը», - ենթադրում է մեկնաբանը:

Առաջնության գլխավոր սենսացիան մարզական մեկնաբանը շարունակում է կապել Հայաստանի ընտրանու հետ, որը հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ մինչեւ վերջին խաղը պահպանեց եզրափակիչում հայտնվելու հնարավորությունը:

Հայաստանից մասնագետներ մեկնել են առաջնությունը դիտելու: Նրանք հատկապես ուշադրություն են դարձնելու այն թիմերի խաղերին, որոնք աշխարհի առաջնության ընտրական փուլում արդեն աշնանը կլինեն Հայաստանի ընտրանու մրցակիցները: Թիմի մարզիչ Վարդան Մինասյանը օրերս հայտարարեց, որ այսօր մեկնարկող առաջնությունում չունի սիրելի թիմ, որին կերկրպագի, Մինասյանին համար Եվրո- ՎՐՈ-2012-ը ավելի շատ սեփական դիտարկումներն անելու համար է:

«Ինձ հետաքրքրող թիմերին եմ դիտելու ու այն տենդենցը, թե ինչ ուղղությամբ է զարգանում ֆուտբոլը: Թե ով կհաղթի, ես միշտ ասել եմ՝ թող հաղթի այն թիմը, որը արժանի է», - ասել էր Մինասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG