Մատչելիության հղումներ

logo-print

Երեկ երեկոյան ժամը մոտավորապես 21.45-21.50-ի սահմաններում Հայաստանի տարածքում նկատվել է տարօրինակ լուսավոր երկնային մարմին:

Այն նկատել են Հայաստանի տարբեր քաղաքների բնակիչներ` Կապանում, Արմավիրում, Էջմիածնում, ինչպես նաեւ Արցախում:

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ երեւույթն այնքան արագ է տեղի ունեցել, որ չեն հասցրել նույնիսկ պրոֆեսիոնալ դիտակներով դիտել: Այդուհանդերձ նշեց, որ երեկ քաղաքացիները նկատել են ոչ թե ինչ-որ օբյեկտ՝ ռազմական կամ տիեզերական, այլ այդ օբյեկտի այրման լուսարձակումը:

«Երբ նկարները տեսա եւ սկսեցի ուսումնասիրել, հասկացա, որ այդ երեւույթը շատ արհեստածին է, քանի որ բնական երեւույթը այդպիսի կանոնավորություն չէր կարող ունենալ, էլ չեմ ասում` արագություն: Միանգամից պարզ էր, որ դա ռազմական օբյեկտ է, այսինքն՝ արհեստածին ասենք», - նշեց Արեգ Միքայելյանը:

Մարդկանց շրջանում տարածված ՉԹՕ-ների, այսինքն՝ չճանաչված թռչող օբյեկտների, թղչող ափերի մասին խոսակցություններն այսպիսով անհիմն են:

Այսօր առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ երեկ Մոսկվայի ժամանակով 21.39 րոպեին Աստրախանի շրջանի «Կապուստին Յառ» կոչվող պոլիգոնում հաջողությամբ փորձարկվել է «Տոպոլ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, եւ, ըստ երեւույթին, Հայաստանում, ինչպես նաեւ Կիպրոսում, Վրաստանում եւ Իսրաելում երեւացել է հենց այս հրթիռի այրման հետքը:

«Իրենք պարզապես նշել են, որ տեղի ունեցավ հաջող փորձարկում: Մենք ենթադրում ենք, որ մեր տեսած երեւույթը համընկավ այդ փորձարկման հետեւանքների հետ», - ասաց Արեգ Միքայելյանը:

Պաշտոնական որեւէ հաստատում, որ երեւույթը կապված է հենց ռուսական հրթիռի փորձարկման հետ, չկա:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG