Մատչելիության հղումներ

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համամիտ են, որ դոլարը կշարունակի արժեվորվել:

«Դոլարի գինը շարունակական տեմպերով կաճի», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Իմ հաշվարկով, մոտակա ամիսներին կհասնի 430-ի: Կան էքսպերտային կարծիքներ, որ մյուս տարի դա կկազմի մոտավորապես մինչեւ 480», - հայտարարեց Մակարյանը:

Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը վտանգավոր համարեց այսպիսի թվեր բարձրաձայնելը, որովհետեւ Հայաստանը, ըստ նրա` անկախնատեսելի երկիր է. - «Տնտեսագիտության բոլոր տեսական մոտեցումներին եւ դատողություններին հակառակ ենք աշխատում: Պարզ է, որ մեզ մոտ իսկապես պիտի դոլարը արժեվորվեր: Նախ` Կենտրոնական բանկի պահուստներն են պակասել 250 միլիոն դոլարով: Երկիրը կարիք ունի դոլարի: 2012-ին էլ շատ լուրջ պարտքային պարտավորություններ ունենք մարելու»:

Դոլարի գնի աճը, ըստ բանախոսների, ունի ե’ւ դրական, ե’ւ բացասական կողմեր: Արտահանողի տեսանկյունից սա դրական գործընթաց է, որովհետեւ հարկերը, աշխատավարձը վճարվում են դրամով, գնումների մի մասը նույնպես կատարվում է դրամով:

Ինչ վերաբերվում է տրանսֆերտներին` Գագիկ Մակարյանն ասաց. - «Բնակչության համար նույնպես լավ է, որովհետեւ երբ ուղարկում են դոլար, եւ դա վերածվում է դրամի, դա ավելի մեծ զանգված է շուկայում առեւտուրը կազմակերպելու համար»:

Խոսելով դոլարի աճի բացասական կողմերի մասին` Մակարյանը հատկապես առանձնացրեց այն հանգամանքը, որ ներմուծվող ապրանքների գներն են այս դեպքում բարձրանում, ինչը «գնային էֆեկտի» պատճառ կարող է լինել եւ ազդել ապրանքի վերջնական գնի աճի վրա:

Վահագն Խաչատրյանի խոսքով` դոլարի բարձրացման հետեւանքով ներդրումները մեր երկրում զգալիորեն կնվազեն, մինչդեռ Հայաստանի տնտեսությունը ներդրումների լուրջ կարիք ունի. - «Մեր ներդրումային վիճակն է վատացել: Եթե դուք ակնկալիք որեւէ ունենաք, որ մի որեւէ երկիր կգա այստեղ, ներդրում կանի` չի լինելու… Առանց այդ էլ մենք ռիսկային գոտում են: Արդեն հասկանում եք, թե ինչ է նշանակում այս չորս օրվա պատերազմական վիճակը Հայաստանի սահմաններում: Սա նշանակում է, որ եթե պոտենցիալ ինչ-որ մի ներդրող էլ կա, չի գալու»:

Ամփոփելով խոսքը` բանախոսները եկան այն եզարակցության, որ մեր տնտեսությունն այսօր պատրաստ չէ ավելի ցածր դոլարի կուրսով աշխատելու, այդ պատճառով էլ դոլարը կշարունակի աճել:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG