Մատչելիության հղումներ

Արզումանյանի կարծիքով, Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի նախագահի ընտրություններում


«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, որ 2013-ի նախագահական ընրություններում ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրի իր թեկնածությունը:

«Դա կոռեկտ չի, որ ես այդ մասին խոսեմ, որովհետեւ ես այլ ուժ եմ ներկայացնում: Իմ անձնական տեսակետից` Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նախկին արտգործնախարարը, ով, հիշեցնենք, 2008 թվականի նախագահական ընտրություններում ղեկավարում էր Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը: Ավելի ուշ` 2011-ին Ալեքսանդր Արզումանյանը դուրս եկավ Կոնգրեսի մաս կազմող ՀՀՇ-ից:

Արզումանյանը կիսում է այն տեսակետը, որ ընդդիմադիր դաշտը նախագահական ընտրություններում հաղթելու ավելի մեծ շանսեր կունենա` եթե հանդես գա նախագահի միասնական թեկնածուով: Նրա խոսքով` վերջին 20 տարիների փորձը ցույց է տվել, որ ընդդիմության միասնական թեկնածուն միշտ «լուրջ խնդիրներ է հարուցել գործող նախագահի համար». - «96-ին էլ է այդպես եղել, 98-ին էլ է այդպես եղել, 2003-ին էլ, 2008-ին էլ: Ես, լինելով 2008-ին միասնական թեկնածուներից մեկի շտաբի պետը, կարող եմ ասել` դա շատ նպաստեց, որ եղավ հասարակական կոնսոլիդացիա, տարբեր ուժերի մոբիլիզացիա, եւ կարողացավ ժողովուրդը ոտքի կանգնել եւ իր պահանջը առաջ քաշել»:

Արձագանքելով հարցին, թե որքանով է հավանական համարում, որ այս անգամ նույնպես նման կոնսոլիդացիա կլինի եւ ընդդիմադիր դաշտը կկարողանա համախմբվել մեկ թեկնածուի շուրջ` նախկին արտգործնախարարը հիշեցրեց 2008 թվականը, երբ որեւէ մեկը չէր էլ մտածում, թե ընդդիմությունը կարող էր հանդես գալ միասնական թեկնածուով:

«Կյանքը թելադրում է իր լուծումները, եւ կգա ժամանակը` լուծումներ կգտնվեն», - վստահություն հայտնեց նա:

Արզումանյանի փոխանցմամբ, նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը նախագահական ընտրություններում կսատարի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին` եթե վերջինս առաջադրի իր թեկնածությունը. - «Դեռեւս պարզ չէ պարոն Հովհաննիսյանի վերջնական որոշումը: Սեպտեմբերին կորոշի»:

Անդրադառնալով սահմանում վերջին օրերի լարվածությանը` նախկին արտգործնախարարն ասաց, որ Ադրբեջանը «սադրանքների միջոցով փորձում է Հայաստանին ներքաշել կոնֆլիկտի մեջ` այդկերպ ցույց տալով միջազգային հանրությանը, որ իր խնդիրը հենց Հայաստանի հետ է: Պատերազմի վերսկսման հնարավորությունը, Արզումանյանի համոզմամբ, հնարավոր է` եթե Ադրբեջանը վստահ լինի, որ ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում խախտված է, եւ իրենց բանակը կարող է հարցին տալ ռազմական լուծում:

«Ես վստահ եմ, որ բալանսը, ինչպես եղել է հօգուտ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի, այդպես էլ շարունակում է մնալ այդպիսին: Եվ դա պետք է ցուցադրի մեր բանակը: Տեսաք, որ ադեկվատ պատասխաններ եղան, վստահ եմ` էլի կլինեն: Այստեղ շատ կարեւոր է, որ բանակի պրոֆեսիոնալ գործողություններին զուգընթաց լինի պրոֆեսիոնալ, նույն մակարդակի դիվանագիտություն, ինչը, ցավոք սրտի, մենք չենք տեսնում: Դիվանագիտական ֆորումներում մեր դիվանագետները պետք է այնպես անեն, որ նման պրովոկացիաները ստանան ադեկվատ պատասխան նաեւ միջազգային հանրության կողմից: Տեսեք ինչպիսի ակտիվությամբ է աշխատում ադրբեջանական դիվանագիտությունը` իրե’նք հարձակվում են, իրե’նք պրովոկացիայի են ենթարկում, իրե’նք էլ մեղադրում են Հայաստանին կամ Ղարաբաղին», - ասաց նախկին արտգործնախարարը:

Նա չի կիսում Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի տեսակետը, թե ռազմական հավասարակշռությունը խախտվել է հօգուտ Ադրբեջանի, ինչի պատճառը Հայաստանի «քրեաօլիգարխիկ տնտեսական համակարգն է»: Արզումանյանը վտանգավոր է համարում այսպիսի մոտեցումը. - «Պատերազմը եւ Լեռնային Ղարաբաղի հարցը այն եզակի հարցերից են, որտեղ խոսք է գնում մեր բոլորի երեխաների կյանքի եւ մեր բոլորի անվտանգության մասին` անկախ նրանից, թե մենք որ կուսակցությունն ենք ներկայացնում: Շատ վտանգավոր է նման հայտարարություններ անելը: Դա «բայղուշություն» է կոչվում ժողովրդի լեզվով: Այո’, Ադրբեջանը ամեն ինչ անում է, որ այդ նավթային եկամուտները ուղղի [ռազմական հզորացմանը], եւ աննախադեպ մրցավազք է սկսել այդ ուղղությամբ: Եթե Հայաստանը քրեաօլիգարխիկ համակարգ է, ինչի հետ ես լրիվ համամիտ եմ, ապա Ադրբեջանը տասնապատիկ քրեաօլիգարխիկ համակարգ է»:

«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Ադրբեջանը գիտակցի, որ ռազմական լուծումը հարցի չունի որեւէ հեռանկար: Հայաստանի բանակը եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ինչպես միշտ եղել են մարտունակ, շարունակելու են լինել: Մենք էլ փորձելու ենք մեր ուժերի ներածի չափով ժողովրդավարացնել Հայաստանը եւ բարելավել մեր կյանքը»:

please wait

No media source currently available

0:00 0:05:19 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG