Մատչելիության հղումներ

Ջոն Հեֆերն. «Ընդհանուր արժեքները իրական գործընկերության հիմքն են»


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերն

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերն

Միացյալ Նահանգների դեսպանը իր տեսաբլոգում ամփոփել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հայաստան այցի արդյունքները։

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի ներկայացմամբ` Երեւան Միացյալ Նահանգների պետքարտուղարի այցը հստակ մատնանշում է այն կարեւորությունը, որ տրվում է Հայաստանին ու տարածաշրջանին ԱՄՆ-ի կողմից:

Նման հայտարարություն Հեֆերնը արել է` իր տեսաբլոգում անդրադառնալով Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` տարածաշրջան օրերս կատարած այցին:

«[ԱՄՆ-ի] պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, [Հայաստանի] նախագահ Սարգսյանը եւ արտգործնախարար Նալբանդյանը միասին նշեցին ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը` հունիսի 4-ին պետքարտուղարի Երեւան կատարած այցի ընթացքում: Սա պետքարտուղարի երկրորդ այցն էր Հայաստան, որը հստակ մատնանշում է այն կարեւորությունը, որ տրվում է Հայաստանին ու տարածաշրջանին պետքարտուղարի եւ նախագահի կողմից», - ասել է դեսպանը։ - «Քսանամյակի թեմայից զատ` պետքարտուղարը բոլոր հանդիպումներում եւ բոլոր միջոցառումների ժամանակ շեշտադրեց գործընկերությունն ու արժեքները: Նա հանդիպում ունեցավ Հայաստանում պարգեւների արժանացած 11 անձանց հետ, որոնց թվում էին մարդու իրավունքների պաշտպանի, խիզախ կնոջ, կառավարության բարեփոխումների առաջատարի, քաղաքացիական ակտիվության, ինչպես նաեւ մամուլի ազատության մրցանակներին արժանացած անձինք: Մեր այս հիանալի գործընկերների մասին ես առանձին տեսբլոգ կներկայացնեմ առաջիկա շաբաթների ընթացքում»:

«Պետքարտուղարի այցը մեկ անգամ եւս ի ցույց դրեց, որ իրական գործընկերությունը խարսխվում է ընդհանուր արժեքների վրա», - ընդգծել է Ջոն Հեֆերնը։

Նշելով, որ Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի հետ հանդիպումներում պետքարտուղարը քննարկել է ներքին եւ տարածաշրջանային հարցեր, դեսպանը շարունակել է. - «Լեռնային Ղարաբաղի հետ կապված` պետքարտուղարը դատապարտեց հրադադարի խախտման վերջին միջադեպը, որին զոհ են գնացել երեք հայ զինվորներ: Նա խոստացավ Բաքվում խստորեն նշել, որ ուժի կիրառումը չի կարող Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծում ապահովել: Նա նաեւ հավաստիացրեց [Հայաստանի] նախագահին եւ արտգործնախարարին, որ Միացյալ Նահանգները` որպես Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է հավատարիմ մնալ Հելսինկյան ակտի երեք սկզբունքներին, այն է` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ազգերի հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքները` որպես ինտեգրված ամբողջություն, որ հիմնարար նշանակություն ունի հակամարտության լուծման համար»։

«Հայ - թուրքական հաշտեցման հետ կապված` պետքարտուղարը վերահաստատեց իր կարծիքը, որ արձանագրությունների վավերացման հետ կապված գնդակը Թուրքիայի դաշտում է», - ասել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը։

Հեֆերնը նշել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը եւ Հայաստանի նախագահը քննարկել են նաեւ ընտրություններին, առեւտրին, ներդրումներին, կառավարմանը վերաբերող հարցեր:

«Պետքարտուղարը հորդորեց ավելի մեծ բարեփոխումներ կատարել ավելի մեծ թափանցիկությամբ, որպեսզի Հայաստանը լինի ավելի ժողովրդավար, ավելի բարեկեցիկ ու ավելի ապահով երկիր», - ասել է դեսպանը։

«Ընդհանուր արժեքները իրական գործընկերության հիմքն են», - հայտարարել է Ջոն Հեֆերնը իր տեսաբլոգում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG