Մատչելիության հղումներ

Քլինթոն. «Ասադը պետք է հեռանա Սիրիայից»


Հիլարի Քլինթոնը եւ Թուրքիայի արտգործնախարարը ահաբեկչության դեմ պայքարի միջազգային համաժողովում, 7 հունիսի, 2012

Հիլարի Քլինթոնը եւ Թուրքիայի արտգործնախարարը ահաբեկչության դեմ պայքարի միջազգային համաժողովում, 7 հունիսի, 2012

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլիթոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պետք է հրաժարվի իշխանությունից եւ հեռանա երկրից:

Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ Փրեսս» գործակալությունը, սպանությունների համար Քլինթոնը մեղադրել է Բաշար ալ-Ասադին` ասելով, թե «Սիրիայի բռնությունները պարզապես անխղճություն է»: Այս հայտարարությունը Քլինթոնն արել է Ստամբուլում, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ կայացած մամուլի համատեղ ասուլիսում: Նա նաեւ նշել է, որ Սիրիայի վերափոխման հարցում պատրաստ են աշխատել Ռուսաստանի հետ:

ԱՄՆ-ի պետքարտուղարը անդրադարձել է նաեւ Իրանի միջուկային ծրագրերի խնդրին, որի շուրջ միջազգային բանակցությունների հաջորդ փուլը անցկացվելու է Մոսկվայում` հունիսի 18-19-ը: Քլիթոնն ասել է, որ Թեհրանը պետք «կոնկրետ քայլերի» պատրաստ լինի 20 տոկոսով հարստացված ուրանի հարցով: 20 տոկոսով հարստացված ուրանը մոտեցնում է միջուկային զենք ստեղծելու հնարավորությունը, չնայած Թեհրանը շարունակում է պնդել, որ նման մտադրություն չունի եւ ուրանի նման աստիճանի հարստացումը կատարում է բժշկության ոլորտի համար:

Հիլարի Քլինթոնը Թուրքիայում մասնակցել է ահաբեկչության դեմ պայքարի միջազգային համաժողովին: «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը եւ Թուրքիայի արտգործնախարարը համաժողովի բացմանը հանդես են եկել ելույթներով: Թուրքական լրատվամիջոցները առաջին հերթին նշում են, որ Հիլարի Քլինթոնը աջակցություն է հայտնել Թուրքիային՝ Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների դեմ պայքարում:

«Թուրքիայում Քրդական աշխատավորական կուսակցությունը շարունակում է ահաբեկչության եւ բռնությունների երկարատեւ արշավը, որը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլել: Միացյալ Նահանգները ամուր կանգնած է Թուրքիայի կողքին Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարում», - ըստ «Անադոլու»-ի ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Խոսելով միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հաջողությունների մասին` պետքարտուղարը նշել է, որ «վերջին տասնամյակի ընթացքում աշխարհով մեկ ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել են 120 հազար անձինք, ավելի քան 35 հազարը դատապարտվել են, Ուսամա բին Լադենը սպանվել է եւ Ալ Ղաիդայի ղեկավարությունը ոչնչացվել է»:

Հիլարի Քլինթոնը միաժամանակ նշել է, որ չնայած հաջողություններին, ահաբեկչության վտանգը մնում է հրատապ եւ անժխտելի խնդիր:

«Մենք մշտապես կպաշտպանենք մեր իրավունքները` ուժ կիրառել այնպիսի խմբերի դեմ, ինչպիսին Ալ Ղաիդան է», - ընդգծել է նա:

Իսկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր խոսքում ասել է. - «Բոլորիս համար մի բան շատ պարզ է: Ոչ մի երկիր ապահովագրված չէ ահաբեկչական սպառնալիքներից, եւ ահաբեկչության դեմ պայքարում մենք չենք կարող հաղթանակի հասնել, եթե չմիացնենք մեր ձեռքերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG