Մատչելիության հղումներ

Հայաստանի եզդիների միության նախագահ, հանրապետական Ազիզ Թամոյանն ու հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանն ափսոսում են, որ նոր գումարման Ազգային ժողովում չունեն իրենց ներկայացուցիչները:

Ազիզ Թամոյանի տվյալներով` հայաստանաբնակ եզդիների թիվը հասնում է 60 հազարի: Թամոյանն ասում է, որ ինչպես նախորդ խորհրդարանական ընտրություններին, այս տարի նույնպես եզդի համայնքի գերակշիռ մասը քվեարկել է Հանրապետական կուսակցության օգտին: Ըստ Թամոյանի` նախորդ ԱԺ-ում, սակայն, ազգային փոքրամասնությունների վերաբերյալ որեւէ հարց չի քննարկվել:

Թամոյանն ասում է, որ կարգն է այդպես. ազգային փոքրամասնությունները պետք է լինեն իշխանության հետ, ինչպես եւ իրենք են իշխող Հանրապետականի հետ, բայց դրանից իրենց հոգսերը չեն թեթեւանում եւ խնդրանքներն արձագանք չեն ստանում:

Ի տարբերություն հանրապետական Թամոյանի, հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանն անկուսակցական է: Նա այս տարի ինտերնետային քվեարկության արդյունքում ընտրվել է Եվրոպական հրեական խորհրդարանի պատգամավոր, նիստերին ներկայանում է նաեւ Հայաստանի դրոշով:

Վարժապետյանի խոսքով` հայաստանաբնակ հրեաներին հաշվում են ընտանիքներով, եւ շուրջ 400 ընտանիք կա, որտեղ կինը կամ ամուսինը հրեա են: Իսկ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչությունից տեղեկացանք, որ հայաստանաբնակ հրեաների թիվը չի հասնում 1000-ի, եւ որ այս դեպքում կոնկրետ հրեաների բնակչության թվին վերաբերող հստակ տվյալ չկա գրանցված:

Վարժապետյանը նույնպես ափսոսում է, որ նոր գումարման ԱԺ-ում ազգային փոքրամասնություններից որեւէ մեկը ներկայացուցիչ չունի: Վարժապետյանը այս խորհրդարանից ակնկալում է արմատական փոփոխություններ բոլոր ոլորտներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG