Մատչելիության հղումներ

Այս տարի Հայաստանում գրանցվել է 40 անտառային հրդեհ` ընդհանուր տարածքը 186 հեկտար: Նախորդ տարի գրանցվել էր 453 դեպք, այրվել էր 472 հեկտար անտառային տարածք:

Նախորդ 12 տարիներին, ըստ պաշտոնական վիճակագրության, ընդհանուր առմամբ այրվել է մոտ 2500 հեկտար անտառային տարածք:

Վերջին տարիներին հրդեհների քանակը եւ ծավալը մեծացել են: Օրինակ, նախորդ 3-4 տարիների ընթացքում այրվել է մոտ 1500 հեկտար անտառային տարածք:

«Եթե հրդեհները նախկինում ավելի շատ երկրի հարավային մասում էին լինում, ապա հիմա անցել է Լոռու մարզ: 2010 թվականին հարավային անտառտնտեսություններում ստեղծվել է 2 արագ արձագանքման ջոկատ», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը` հավելելով, որ անտառային հրդեհների 99 տոկոսը լինում է մարդկային անզգուշության պատճառով:

«Հիմա աշխատանքներ են տարվում, որ միջազգային կազմակերպությունների շնորհիվ արագ արձագանքման ջոկատներ լինեն հանրապետության ողջ անտառտնտեսությունների տարածքում», - նշեց Ռուբեն Պետրոսյանը եւ հավելեց, որ հրդեհների հիմնական մասը բռնկվում են աշնանը` հունձքի շրջանում:

«Օրենսդրական բացեր էլ կան: Անտառային օրենսգրքում միայն մեկ կետ է հատկացված անտառային հրդեհներին: Մենք ունենք խնդիր հենց հրդեհի պահին տարբեր կառույցների, կազմակերպեթյունների իրավունքների եւ պարտականությունների բաշխման հետ կապված», - նշեց «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության ղեկավար Նազելի Վարդանյանը:

Վարդանյանի խոսքով, շատ կարեւոր է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելը. - «Որպես կանխարգելիչ միջոցառում անտառամերձ տարածքներում ցուցանակներ ենք փակցնում, որտեղ գրված է, որ չի կարելի կրակ վառել»:

Բանախոսները նշեցին, որ արդեն փոփոխություն է մտցվել օրենսդրության մեջ: Արգելվել է անտառամերձ շրջաններում գյուղատնտեսական հողերի վրա գյուղատնտեսական նպատակներով այրումներ կատարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG