Մատչելիության հղումներ

Պատերազմի դեպքում «Հայաստանը խնդրին արմատական լուծում կտա»


ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյան

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյան

Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր ցավակցությունը հայտնեց զոհված զինծառայողների հարազատներին` ընդգծելով, որ եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծի, ապա Հայաստանն այլեւս խնդրին կտա արմատական լուծում:

Հիշեցնենք, անցած օրեր ընթացքում հայ-ադրբեջանական բախումների ընթացքում զոհվել է չորս հայ զինծառայող, արդբեջանցիները եւս կորուստներ ունեն:

«Բնականաբար, մեր բանակը միշտ էլ պատրաստ է, պաշտպանական դիրքերը միշտ ամուր են: Մենք պատերազմի կողմնակից չենք, մենք բանակցությունների ճանապարհով քաղաքական լուծումների կողմնակից ենք, եւ Աստված մի արասցե պատերազմ լինի, բայց եթե դա եղավ, մենք այս անգամ վերջնական լուծում ենք տալու, որ այլեւս շատ երկար ժամանակ Ադրբեջանը չկարողանա նման խնդիր լուծել: Այսինքն եթե պատերազմ լինի, ապա իրենք մեծ կորուստներ են կրելու` եւ ռազմուժի, եւ տնտեսության առումով, արդեն արմատական լուծումներ ենք տալու», - ասաց Զոհրաբյանը:

Չնայած սահմանում լարված իրավիճակին, Հանրապետականի փոխնախագահը կարծում է, որ բախումները չեն վերաճի լայնամասշտաբ պատերազմական գործողությունների: Զոհրաբյանն ադրբեջանական սադրանքները կապում է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի հետ, եւ կարծում է, որ Իլհամ Ալիեւը անգամ զոհերի գնով փորձում է ԱՄՆ պետքարտուղարին ցույց տալ, որ Ադրբեջանը համաձայն չէ ղարաբաղյան խնդրի այն լուծումներին, որոնք այսօր դրված են բանակցային սեղանին:

«Իրենք` Ալիեւը եւ այլ ղեկավարներ, հայտարարում են, որ եթե իրենց համար նպաստավոր լուծում չլինի, ապա դիմելու են ռազմական ճանապարհին: Ահա այս կոնցեպտը իրենք անընդհատ աշխատեցնում են, եւ սա ուզում էին ցուցադրել տիկին Քլինթոնին, որ համաձայն չեն այդ լուծումներին», - ասաց Զոհրաբյանը:

Հարցին, թե արդյո՞ք Փարիզում հունիսին 18-ին կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կմեղմի սահմանում առկա լարվածությունը, Զոհրաբյանն ասաց, թե չի կարծում, որ այդ հանդիպումը լուրջ արդյունք կունենա, բայց եթե լուծումներ էլ չլինեն, ապա բանակցությունները կարող են հանդարտեցնել իրավիճակը:

Սահմանում առկա լարված իրավիճակին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձավ նաեւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը: Նա նշեց, որ ՀԱԿ-ը ցավակցում է զոհվածների ընտանիքներին եւ ամբողջ ժողովրդի հետ սգում նրանց մահը: Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների էսկալացիային, ապա ՀԱԿ համակարգողն ասաց, թե իրենք նախազգուշացրել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստրատեգիական բալանսը փոխվում է հօգուտ Ադրբեջանի. պատճառը մի կողմից Հայաստանի քրեաօլիգարխիկ տնտեսական համակարգն է, կոռուպցիան, անարդյունավետ պետական կառավարումը, մյուս կողմից Ադրբեջանի նավթային մեծ եկամուտներն ու կարեւորագույն ռազմատեխնիկայի գնումը: Զուրաբյանի համոզմամբ, որքան այդ անհավասարակշռությունը մեծանա, այնքան ավելի դժվար է լինելու հույսը դնել նրա վրա, որ միջազգային հանրության ճնշումները կկարողանան կանխել պատերազմական գործողությունները:

«Ադրբեջանը զգում է, որ գործ ունի թուլացած Հայաստանի հետ եւ համարում է, որ գնալով շատ ավելի հզոր է դառնում, քան Հայաստանը: Սա դրդում է Ադրբեջանի ղեկավարներին նման որոշումների: Նրանք, ըստ էության, փորձում են թեժացնել հակամարտությունը, փորձում են ուժային աճող ճնշում գործադրել Հայաստանի եւ միջազգային հանրության վրա: Հստակ կարելի է ասել, որ Ադրբեջանի գայթակղությունը հարցը ռազմական ճանապարհով լուծելու աճում է, եւ պատերազմի վերսկսման հնարավորությունը, հավանականությունը մեծանում է», - ասաց Զուրաբյանը:

ՀԱԿ համակարգողը չի բացառում, որ վերջին շրջանում ռազմական գործողությունների էսկալացիայով Ադրբեջանը ցանկանում է նաեւ Հայաստանին պարտադրել ինչ-որ զիջումներ բանակցային գործընթացում: Լեւոն Զուրաբյանի կարծիքով, Ադրբեջանն այլեւս իրեն հզորացած է զգում եւ փորձում է Հայաստանի հետ խոսել ուժի դիրքերից:

«Մի բան, որ առաջ չկար. 90-ական թվականներին երբեք Ադրբեջանը նման քայլերի չէր դիմում, որովհետեւ մենք խոսում էինք Ադրբեջանի հետ ուժի դիրքերից: Այսօր, ցավոք սրտի, այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը կարող է նաեւ թույլ տալ եւ մարսել դիվանագիտական ասպարեզում նման ագրեսիվ պահվածք: Սրանից եզրակացություններ պետք է անի մեր ողջ հասարակությունը», - ամփոփեց Զուրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG