Մատչելիության հղումներ

Դինքի սպանության գործը ուղարկվեց վերաքննիչ դատարան


Թուրքիա - Հրանտ Դինքի մահվան հինգերորդ տարելիցին նվիրված բողոքի ցույց Ստամբուլում` «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք. կարգախոսով, 19-ը հունվարի, 2012թ.
Թուրքիա - Հրանտ Դինքի մահվան հինգերորդ տարելիցին նվիրված բողոքի ցույց Ստամբուլում` «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք. կարգախոսով, 19-ը հունվարի, 2012թ.
Ստամբուլի «Ագոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործը չորեքշաբթի օրը ուղարկվել է Թուրքիայի բարձրագույն վերաքննիչ դատարան:

Դինքի սպանությունը իրականացրած Օգյուն Սամասթը անցյալ տարի դատապարտվել է մոտ 23 տարվա ազատազրկման: Նրա գործը անջատվել էր ու լսվում էր անչափահասների դատարանում, քանի որ սպանությունը կատարելու ժամանակ Սամասթը անչափաս էր:

«Անադոլու» լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ Դինքի սպանությանը դրդելու մեղադրանքով Յասին Հայալը դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ ոստիկանության նախկին գործակալ, Դինքի սպանության գործով կասկածյալ Էրհան Թունջելն ազատ էր արձակվել: Այս հունվարին կայացրած որոշումով դատարանը պատճառաբանեց, թե բավարար ապացույցներ չկան, թե սպանությունը կազմակերպված էր: Բայց այս հարցում կասկածները մնում են:

Մարտի 30-ին դատախազը բողոքարկեց դատարանի որոշումը, պնդելով, որ Դինքի սպանությունը կազմակերպված հանցագործություն է եւ կապված է «Էրգենեկոն» կոչված դավադիր, հեղաշրջում պլանավորող խմբավորման հետ: Դատախազը 30-էջանոց իր հայցում նշել էր, որ Դինքի սպանության գործի կասկածյալները «Տրապիզոնում գործել են որպես բջիջ այն նույն նպատակներով, ինչ «Էրգենեկոն» հանցագործ խմբավորումը», եւ պնդել էր, որ Դինքի սպանության գործի կասկածյալները պետք է պատժվեն որպես կազմակերպված հանցագործություն կատարողներ:

«Եթե դատարանը գտնում է, որ սպանության ետեւում կազմակերպություն կա, բայց ապացույցները բավարար չեն, ապա պետք է դիմի դատախազությանը` միջնորդելով այդ գործի հետագա հետաքննությունյան համար», - իր հայցում նշել է դատախազը:

Թուրքիայի վերաքննիչ դատարանը հիմա պետք է քննի դատարանի կայացրած որոշումը:

Թուրքերեն եւ հայերեն հրատարակվող «Ագոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում` թերթի խմբագրության մուտքի մոտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG