Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «պետք է արձագանքի Ադրբեջանի գործողություններին»


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Նյու Յորքում, արխիվային լուսանկար
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Նյու Յորքում, արխիվային լուսանկար
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) պետք է անպայման ինչ-որ ձեւով արձագանքի Ադրբեջանի գործողություններին։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։

Հիշեցնելով, որ անցած տարվա հոկտեմբերից Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է, Բաբայանը ընդգծեց. - «Փոխանակ այդ պետությունն է՛լ ավելի կառուցողական դիրքորոշում որդեգրի, ընդհակառակը` իրականացնում է ահաբեկչական գործընթացներ: Այն էլ` լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ: Սա առհասարակ ե՛ւ անտրամաբանական է, ե՛ւ պետք է միջազգային հանրությունն ավելի լուրջ ուշադրություն դարձնի նման պահվածքին»:

Ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հայաստան այցի օրվանից սկսած` Ադրբեջանը է՛լ ավելի ակտիվորեն է խախտում հրադադարի ռեժիմը, երկու կողմից էլ կան զոհեր եւ վիրավորներ։

Դավիթ Բաբայանը դժվարանում է ասել՝ բարձրաստիճան պաշտոնյաների տարածաշրջան այցելությունների շրջանում պաշտոնական Բաքվի նման գործողությունները որքանով են ծրագրված, բայց համոզված է, որ սա «սեփական ժողովրդի առաջ դեմքը փրկելու քայլ է»՝ ռազմական ոլորտում արվող ծախսերն արդարացնելու համար. - «Ադրբեջանի նախագահը, իշխող վերնախավը, որը, իհարկե, կոռուպցիայի մեջ է լրիվ խորտակված եւ այլն` այս բոլորը մենք գիտենք, պետք է ցույց տա սեփական ժողովրդին, որ ինքը տղամարդ է։ Արեւելյան, այսպես ասած, մոտեցում է, որ «տեսե՛ք, նույնիսկ եթե գերտերության ղեկավարներից մեկն է գալիս, մենք թույլ ենք տալիս մեզ պահել մեզ այնպես, ինչպես ցանկանում ենք»: Եվ դրանով իսկ փորձում է իրեն ցույց տալ որպես մի արեւելյան հզոր փադիշահ, որը կարողանում է իր քաղաքականությունը վարել. սա է խնդիրը»:

«Ժողովրդի առջեւ երեսը փրկելու համար Ադրբեջանի իշխանությունները պետք է արդարանան, չէ՞, թե ինչո՞ւ են այդպիսի ծախսեր անում [ռազմական ոլորտում], եթե այդ ծախսերը կարելի է ուղղել սոցիալական ոլորտին, ինչ-որ այլ ոլորտների... Եվ այդպես պետք է պարբերաբար խախտել զինադադարի ռեժիմը, որպեսզի սեփական ժողովրդի աչքի առջեւ արդարանան։ Սա է», - հավելեց Ղարաբաղի նախագահի խոսնակը։

Բայց նման գործողությունները մեծապես խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացը եւ նաեւ միջնորդների աշխատանքը, համոզված է Դավիթ Բաբայանը. ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը վերջին օրերին զինադադարի խախտումների վերաբերյալ դեռեւս հայտարարություն չի տարածել։

«Հիմա նման պարագայում ո՞նց պետք է միջնորդներն աշխատեն։ Ի՞նչ պետք է ակնկալել հակամարտության կարգավորման գործընթացում... Նման պահվածքով Ադրբեջանը է՛լ ավելի է վանում իրենից հայկական կողմին, միջնորդներին։ Ի՞նչ պետք է խոսենք այդ պետության հետ», - ընդգծեց Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղարը։

«Նման գործողություններն ուղղակի մեծ խոչընդոտ են առաջացնում հակամարտության կարգավորման գործընթացի համար», - ամփոփեց Բաբայանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG