Մատչելիության հղումներ

1972 թվականի հունիսի 8-ին Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ բացվեց Ժամանակակից արվեստի թանգարանը։ Երկու օրից բացվող նոր ցուցահանդեսով կնշվի թանգարանի հիմնադրման 40-ամյա հոբելյանը։

Իր ժամանակին այս թանգարանի բացումը ոչ միայն մեծ խիզախություն էր, այլեւ արտասովոր երեւույթ, որի նմանը չէր եղել ոչ միայն Խորհրդային Միությունում, այլեւ ամբողջ Արեւելյան Եվրոպայում։

Այսօր հրավիրված ասուլիսին ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը հիշում էր, որ թանգարանի բացմանը նաեւ շատ նպաստեցին Մարտիրոս Սարյանն ու Երվանդ Քոչարը։

«Իրենք թիկունք կանգնեցին մեզ, ապահովեցին բացման արարողությունը եւ կայացումը այդ թանգարանի», - լրագրողներին պատմեց Էլիբեկյանը։

Անվանի արվեստաբան Ռուբեն Անգալադյանն էլ շեշտում էր, որ այն ժամանակ իր հիմնադրմամբ թանգարանը անջրպետ դրեց պաշտոնական արվեստի եւ, իր ձեւակերպմամբ՝ «իսկական արվեստի» միջեւ։ Հենց այդ պատճառով էլ բոլոր նկարիչների արվեստանոցները բաց էին Հենրիկ Իգիթյանի առջեւ, բոլորը մեծ սիրով էին թանգարանին նվիրում իրենց նկարները։

«Իհարկե, ես շատ կուզենայի, որ մեր թանգարանի 40-ամյակը նշեինք նոր շենքում, նոր պայմաններում։ Թանգարանը այսօր ունի 2015 գործեր, որից ցուցադրվում են ընդամենը 185-ը», - այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը։ - «Միակ ուրախությունը պետության կողմից եղավ այն, որ մենք ունեցանք ջեռուցում»։

Ռուբեն Անգալադյանը համոզված է, որ թանգարանը պետք հատուկ կառուցված շենք ունենա։

«Ինքներս մեզ չենք սիրում ու հարգում։ Մենք գալիս ենք այդ թանգարան, պետք է արժանապատիվ գանք, հասկանանք, որ ուր ենք եկել», - ասում է արվեստաբանը։

XS
SM
MD
LG