Մատչելիության հղումներ

Տարածաշրջանային գործոնները՝ Իրան-Ադրբեջան լարվածության խորացման պատճառ


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը (աջ) հանդիպում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ, 13 մարտի, 2012
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը (աջ) հանդիպում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ, 13 մարտի, 2012
Ադրբեջանի եւ Իրանի հարաբերությունների երկարատեւ լարվածությունը վերջին շաբաթներին ավելի խորացավ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ ռազմական համագործակցության պատճառով, նշում է «Նյու Յորք Թայմս»-ը՝ ծավալուն հոդվածով անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին եւ դրանց վրա ազդեցություն ունեցող տարածաշրջանային գործոններին:

Իրանա-ադրբեջանական սահմանին կենսական նշանակություն ունեցող ճանապարհը փակվել էր, առաջացնելով բեռնատար մեքենանների երկար հերթեր, իրանական ռազմանավերը Կասպից ծովում մանեւվրում էին Ադրբեջանի սահմաններից ոչ հեռու, Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեի ավագ օգնականին արգելվեց մուտք գործել Բաքվի օդանավակայան, երկու կողմերի դեսպանները վերադարձան տուն, վերջին զարգացումները համառոտ ամփոփում է հոդվածագիրը՝ շարունակելով, որ Իրանի միջուկային ծրագրերի հարցում Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է, թե ցանկանում է չեզոք մնալ, բայց նախագահ Իլհամ Ալիեւի կառավարությունը անթաքույց պաշտպանում է Իսրայելի հետ ռազմական կապերը ուժեղացնելու միտումը, որի նշաններից է բոլորովին վերջերս մեկ միլիարդ 600 միլիոն դոլարի գործարքը՝ իսրայելական արտադրության զենք գնելու համար: Այնուամենայնիվ, երկու երկրները հերքում են այն հաղորդագրությունները, թե Ադրբեջանը Իսրայելին թույլատրել է օգտագործել իր տարածքի ռազմական բազանները Իրանին հետեւելու համար:

«Նյու Յորք Թայմս»-ը նշում է, որ Ադրբեջանի աճող կարեւոր դերը՝ որպես Արեւմուտքի ռազմավարական դաշնակցի, լիովին կարտացոլվի չորեքշաբթի օրը, երբ Հարավային Կովկասի երկրներով դիվանագիտական շրջագայության ընթացում ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանի Բաքու:

Նշվում է, որ երբ Պակիստանը փակեց իր ճանապարհները, Աֆղանստանում միջազգային ուժերի մատակարարումների համար ՆԱՏՕ-ն առավելապես օգտագործում է Ադրբեջանի օդանավակայանները:

Արեւմուտքի հետ Ադրբեջանի կապերը, այնուամենայնիվ, Իրանի հետ լարավածության միայն մեկ գործոնն է, նշում է «Նյու Յորք Թայմս»-ը՝ անդրադառնալով մյուս գործոններին:

«Ադրբեջանին երկար ժամանակ զայրացնում է Իրանի աջակցությունը Հայաստանին, որը Ադրբեջանի թշնամին է Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածքի պատերազմի պատճառով», - գրում է թերթը:

Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ն Բաքվում դեսպան չունի: Անցյալ դեկտեմբերին Մեթյու Բրայզան հետ վերադարձավ, քանի որ նրա թեկնածության հաստատումը Կոնգրեսում առկախվել էր ամերիկահայ կազմակերպությունների ջանքերի պատճառով:

Ռուսական գործոնի կապակցությամբ «Նյու Յորք Թայմս»-ըը նշում է, որ Ռուսաստանին եւս անհանգստացնում է Արեւմուտքի հետ Ադրբեջանի հարաբերությունները:

«Մոսկվան հիմա ձգտում է երկարաձգել Գաբալայի ռադարային կայանի վարձակալության պայմանագիրը, սակայն Բաքուն շատ ավելի բարձր վարձավճար է պահանջում՝ 300 միլիոն դոլար նախկին 7 միլիոնի փոխարեն: Ռուսաստանը մեղադրում է Միացյալ Նահանգներին՝ գտնելով, որ ԱՄՆ-ն ճնշում է Ադրբեջանին կայանի վարձակալության բարձր գին պահանջելու համար, իսկ վերջերս էլ Ռուսաստանը սպառնացել էր հրաժարվել կայանից», - գրում է թերթը:

Թերթը նաեւ նշում է, որ Իրան-Ադրբեջան լարվածությունը աճում է նաեւ Իրանի հյուսիսում բնակվող 20 միլիոն էթնիկ ադրբեջանցիների շրջանում անհանգստությունների հեռանկարից. Ադրբեջանի խորհրդարանի որոշ անդամներ առաջարկել են իրենց երկիրը անվանել Հյուսիսային Ադրբեջան՝ այդպիսով ցույց տալով, որ նրանք հյուսիսային Իրանը դիտարկում են որպես օկուպացված տարածք, որը պետք է կոչվի Հարավային Ադրբեջան:

«Նյու Յորք Թայմս»-ը նշում է, որ Վաշինգտոնում պետքարտուղարության պաշտոնյաները հրաժարվում են արձագանքել Ադրբեջանի եւ Իրանի միջեւ տարաձայնությունների հարցին:

«Մենք մեկնաբանություն չունենք», - ասել է Եվրոպական եւ եվրասիական կապերի բաժնի մամուլի խոսնակ Ռոբերտ Հիլթոնը:

Թերթը նաեւ գրում է, որ ամերիկացի պաշտոնյաները Ադրբեջանը հաճախ դիտարկում են ոչ շահավետ տեսանկյունից. բարեկամության որեւէ նշան անմիջապես քննադատվում է ամերիկահայ կազմակերպությունների կամ տեղական ու միջազգային իրավապաշտպան խմբերի կողմից, որոնք բազմաթիվ գործեր ունեն՝ կապված Ալիեւի կառավարության կողմից մարդու իրավունքների ոտնահարումների հետ:

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները հետաքննող կազմակերպության՝ Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը ասել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հարցում Միացյալ Նահանգները լուռ է մնում՝ պաշտպանելով իր լայն շահերը Ադրբեջանում:

«2003-ից մինչեւ հիմա մենք Վաշինգտոնի կողմից խիստ քննադատություն չենք տեսել», - ընդգծել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG