Մատչելիության հղումներ

Տեղեկատվական ոլորտի մի շարք մասնագետներ փաստում են, որ Հայաստանում շարունակում է աճել պրոֆեսիոնալ կադրերի պահանջը, լուրջ խնդիր է դարձել նաեւ մասնագիտական անհամապատասխանելիությունը:

«Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանի դիտարկմամբ` ոլորտի շարունակական զարգացման համար անհրաժեշտ է 2000 երիտասարդ մասնագետ:

«Ցավոք, այսօր մեր բուհերը այդ մասնագիտությունների գծով ի վիճակի չեն պատրաստել ժամանակակից պահանջներին համապատասխանող կադրեր: Իմ կարծիքով, ամենամեծ եւ կարեւոր պատճառը դասախոսական կազմի մոտ մոտիվացիայի բացակայությունն է: Մենք պետք է անպայման ուղղենք մեր ներուժը եւ օգնենք հենց դասախոսների վերապատրաստմանը», - ասում է Բարսեղյանը:

Երեւանի ճարտարագիտական համալսարանի Տեղեկատվության անվտանգության եւ ծրագրային ապահովման ամբիոնի վարիչ Գեորգի Մակարովն չի կիսում այս կարծիքը:

«Շատ հեշտ է մեղադրելը. եթե ՏՏ ոլորտի հիմնարկները գտնում են, որ ուսումնական գործընթացը այստեղ լավ չի կազմակերպված, մենք բազմիցս իրենց դիմել ենք, որ միասին քննարկենք` ինչ է ձեզ պետք եւ ինչպես է դա պետք է ապահովել: Իրենք բոլորը խուսափում են նման խոսակցություններից», - հակադարձում է Մակարովը:

Ըստ «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրենի` ՏՏ-ն դինամիկ զարգացող ոլորտ է, եւ առաջին հերթին բուհերը պետք է լինեն առաջադեմ, ընկալեն այդ տեխնոլոգիաները եւ կարողանան հաղորդել ուսանողներին: Մինչդեռ, նրա խոսքով, ժամանակակից զարգացումներն այսօր չեն հասնում մեր բուհեր, իսկ զարգացած երկրներում, ի տարբերություն Հայաստանի, նորարարությունը գալիս է բուհերից:

Ըստ Մակարովի` հարցը միակողմանի է դիտարկվում, քանի որ զարգացած երկրներում բուհերը լուրջ ֆինանսավորում ունեն:

«Իրենց շատ ավելի հարմար է, որ իրենք ֆինանսավորեն բուհին, բուհը հետազոտությունները կատարի եւ վերադարձնի արդյունքները նրանց: Արտասահմանում այդպես աշխատում է: Մեզ մոտ կարծում են, որ բուհը իր միջոցներով դա պետք է անի եւ, չգիտես ինչու, անվճար տրամադրի հիմնարկություններին, որ իրենք պարզապես դրա վրա իրենց գումարներն աշխատեն», - ասում է Մակարովը:

Հայաստանյան ՏՏ ոլորտի բոլոր ընկերությունները կադրային խնդիր ունեն: Ընկերություններից ոմանք կադրերի պակասը լրացնելու համար որոշակի քայլեր են ձեռնարկում: Օրինակ, «Սինոփսիս»-ը բուհերում ստորաբաժանումներ է բացել, որտեղ հենց ընկերության աշխատակիցներն են դասեր անցկացնում: «Մայքրոսոֆ»-ը նորարական կենտրոն է ստեղծել Ճարտարագիտական համալսարանի հետ համատեղ, որտեղ պարբերաբար դասընթացներ են անցկացվում ուսանողների եւ դասախոսների համար: Այժմ նաեւ աշխատանքներ են տարվում ՏՏ ակադեմիա ստեղծելու ուղղությամբ: Այն արդեն մասամբ գործում է Ճարտարագիտական մասնաշենքերից մեկում, սակայն աշնանից հնարավոր կլինի ընդլայնել ակադեմիայի հնարավորությունը: Սա սերտեֆիկացման թրեյնինգ կենտրոն է, եւ սերտիֆիկատ ստացած դասախոսները հետագայում կարող են վճարովի հիմունքներով փոխանցել իրենց գիտելիքը ուրիշներին:

ՏՏ ոլորտում լուրջ խնդիր է նաեւ ուղեղների արտահոսքը Հայաստանից: Ըստ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանի, ՏՏ ոլորտից մեկ տարվա ընթացքում 300-ից ավելի մարդ է հեռացել Հայաստանից` դժգոհ լինելով կրթության որակից, ցածր աշխատավարձերից:

«Սա է մեր խնդիրը, որ մենք կարողանանք այդ երիտասարդներին ավելի բարձր մակարդակի մոտիվացիաների մասին տեղեկություն տանք, բերենք իրենց դրան, օգնենք, որպեսզի ձեռնարկություններ ստեղծեն Հայաստանում եւ այդ ձեռնարկությունը միջազգային մակարդակով աշխատեն կամ կարողանան վաճառել այդ ձեռնարկությունը այլ երկրներում», - նշում է Վարդանյանը:

Զարուհի Ասլանյանը մոտ 3 տարի է Շվեդիայում է: Նա, ավարտելով Երեւանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, մեկնել է Ուպսալայի համալսարան` որպես ծրագրավորող մագրիստոսական կրթություն ստանալու եւ հետագայում աշխատանք գտնելու համար: Զարուհին շատ դժգոհ չէ հայկական կրթական մակարդակից, սակայն ընդգծում է, որ հայաստանյան բուհի դիպլոմը դրսում արժեք չունի:

«Հայաստանում ավելի տեսական կրթություն եմ ստացել, մինչդեռ այստեղ տեսականը եւ պրակտիկը փորձում են միակցել», - ասում է Ասլանյանը` հավելելով, որ Հայաստան չի վերադառնա աշխատելու նույնիսկ բարձր վարձատրության դեպքում. - «Ինչքան էլ լավ գումարով աշխատանք գտնեմ, միեւնույն է, աճելու տեղ չկա»:

ՏՏ ոլորտի մասնագետներն ասում են` կադրերի արտահոսքը մեծ է, որովհետեւ դրսում, մասնավորապես, Արեւմտյան Եվրոպայում եւ Ամերիկայում մասնագետների պահանջն է մեծ: Արդյունքում հայաստանյան ընկերությունները հայտնվում են ոչ մրցունակ պայմաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG