Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի վարչապետի հետ


Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի

Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի

Ճապոնիա պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել այդ երկրի վարչապետ Յոշիհիկո Նոդայի հետ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել արքայազն Տոմոհիտո Միկասանոմիյայի մահվան կապակցությամբ:

Հայաստանի նախագահը եւ Ճապոնիայի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման եւ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Նրանք ընդգծել են, որ Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ - ճապոնական հարաբերությունները զարգացել են բարեկամության եւ փոխադարձ վստահության մթնոլորտում:

Սերժ Սարգսյանը եւ Յոշիհիկո Նոդան նշել են, որ երկու երկրների միջեւ գործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա: Հատկապես կարեւորվել է բնական աղետների կանխարգելման, դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ համագործակցությունը եւ փորձի փոխանակումը: Համագործակցության առումով հեռանկարային են համարվել նաեւ գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտները:

Ճապոնիայի վարչապետը նշել է, որ իր երկիրը մտադիր է միջազգային հանրության հետ կիսվել ատոմակայանների անվտանգության բարձրացման հետ կապված փորձով, եւ այդ նպատակով երկուստեք կարեւորվել է Ճապոնիայի հետ Հայաստանի համագործակցությունը:

Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է, որ հայ - ճապոնական քաղաքական երկխոսությունը վերջին շրջանում ակտիվացել է, ինչի վկայությունն է նաեւ Տոկիոյում Հայաստանի դեսպանության բացումը, կարեւորվել է Հայաստանում եւս Ճապոնիայի դեսպանատան հիմնումը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ Հարավկովկասյան եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների արդի հիմնահարցերը՝ արձանագրելով դրանց խաղաղ եւ բանակցային ճանապարհով լուծման երկու երկրների մոտեցումերի ընդհանրությունը:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը եւ Յոշիհիկո Նոդան համատեղ հայտարարություն են ստորագրել:

Երեկոյան ի պատիվ Հայաստանի նախագահի Ճապոնիայի վարչապետի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG