Մատչելիության հղումներ

logo-print

Միջադեպ շփման գծի հարավում. հայկական կողմից` մեկ զոհված, երկու վիրավոր


Անցած գիշեր` ժամը 4։15-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի հարավային հատվածում` Հորադիզի ուղղությամբ, հակառակորդի կողմից երեք տարբեր ուղղություններով ձեռնարկվել է Ղարաբաղի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը գրավելու ռազմական գործողություն: Այդ մասին հաղորդում է Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը։

«Ղարաբաղյան ուժերի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով դարանակալ հակառակորդի նախահարձակ գործողությունը, դիմել են պաշտպանական մարտի եւ վերջինիս հետ շպրտել իր ելման դիրքեր: Ադրբեջանական ուժերի վնասազերծման գործողության ժամանակ զոհվել է Պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Վարդան Ռոբերտի Օհանյանը, վիրավորվել են շարքային զինծառայողներ Արայիկ Գեղամի Մավրեյանը եւ Վոլոդյա Յուրայի Ծատրյանը», - ասված է հաղորդագրությունում։

Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը ընդգծում է, որ «միայն հունիս ամսվա ընթացքում սա ադրբեջանական բանակի կողմից հայ - ադրբեջանական եւ ղարաբաղա - ադրբեջանական սահմանահատվածներում իրականացված չորրորդ նախահարձակ գործողության փորձն է, որը հիմք է տալիս ենթադրելու, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն հակված չէ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին հաղորդել կառուցողական բնույթ եւ նպաստել միջազգային կառույցների կողմից գործադրվող ջանքերի արդյունավետության բարձրացմանը, այլեւ ամեն ինչ անում է` տարածաշրջանում հաստատված ստատուս քվոն փոխելու համար»:

«Ադրբեջանի ղեկավարությունը եւ մասնավորապես նրա զինված ուժերի հրամանատարությունը, կարծես, այդպես էլ չեն գիտակցում, որ իրենց ընտրած նախահարձակ մարտավարությունը ոչ միայն արդյունավետ չէ, այլեւ շարունակելու դեպքում կարող է բերել Ադրբեջանի համար անկանխատեսելի հետեւանքներ», - ասված է Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG