Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը այցելել է Ճապոնիայի խորհրդարան


Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հանդիպում է ունեցել այդ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Տակահիրո Յոկոմիչիի հետ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, զրուցակիցները շնորհավորել են միմյանց Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ՝ արձանագրելով, որ անցած 20 տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունները զարգացում են ապրել:

Տակահիրո Յոկոմիչին շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին՝ Ճապոնիա այցելության առաջին օրը աղետից տուժած բնակավայր մեկնելու, տուժածների հետ հանդիպման եւ կարեկցանքի ու զորակցության խոսքերի համար: Նա նշել է, որ Ճապոնիան չի մոռացել 2011 թվականի աղետից անմիջապես հետո Հայաստանի ցուցաբերած աջակցությունը, եւ երախտագիտություն է հայտնել հայ ժողովրդին, որը նույնպես նման մեծ արհավիրք է վերապրել:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգիռ է զարգացնելու Ճապոնիայի հետ հարաբերությունները, եւ շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերված զգալի տեխնիկական եւ այլ աջակցության համար:

Հանդիպման մասակիցները կարեւորել են նաեւ միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի եւ Ճապոնիայի համագործակցությունը:

Նրանք համոզվածություն են հայտնել, որ Հայաստանի նորընտիր խորհրդարանում առաջիկայում Հայաստան - Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ձեւավորումից հետո միջխորհրդարանական կապերը երկու երկրների միջեւ ավելի կամրապնդվեն:

Հանդիպման ավարտին Հայաստանի նախագահը շրջայց է կատարել Ճապոնիայի խորհրդարանում, այցելել նիստերի դահլիճ:

Տոկիոյում Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նաեւ «Տոշիբա» գիտությունների թանգարան, որտեղ նրան ներկայացրել են ավելի քան 130 տարվա պատմություն ունեցող հանրահայտ «Տոշիբա» ընկերության անցած ուղին, գործունեությունը, ամբողջ արտադրատեսականին, ցուցադրել ընկերության հեռանկարային եւ առաջադեմ տեխնոլոգիաները:

Այսօր նախատեսված է նաեւ Հայաստանի նախագահի հանդիպումը Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG