Մատչելիության հղումներ

Քլինթոնը այսօր այցելում է Բաքու


Հիլարի Քլինթոնի նախորդ այցը Բաքու, 4-ը հուլիսի, 2010թ.

Հիլարի Քլինթոնի նախորդ այցը Բաքու, 4-ը հուլիսի, 2010թ.

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այսօր այցելում է Ադրբեջան։

Ինչպես Բաքվից փոխանցում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը, պետքարտուղարի այցելության մասին ադրբեջանցի պաշտոնյաները առաջին հերթին նշում են, որ բանակցություններում քննարկվելիք հիմնական խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է։

«Քլինթոնի հետ հանդիպումից մենք դրական արդյունքներ ենք սպասում», - լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

Նա մեղադրել է պաշտոնական Երեւանին խաղաղ գործընթացի առաջխաղացումը ձախողելու մեջ` հայտարարելով. - «Երբեմն մենք չենք կարողանում հասկանալ հայկական կողմի տրամաբանությունը»։

Ադրբեջանի իշխող կուսակցության` «Ենի Ազերբայջան»-ի պաշտոնական կայքէջում կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, Միլի մեջլիսի պատգամավոր Մուբարիզ Գուրբանլին գրել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի այցելության ընթացքում քննարկումների ամենալուրջ թեման կլինի Լեռնային Ղարաբաղի խնդիրը։

Նա նշել է, որ Բաքվում այդ քննարկումները կլինեն հատուկ ուշադրության կենտրոնում։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հակամարտության կարգավորման իր դիրքորոշումը կներկայացնի Միացյալ Նահանգների պետքարտուղարին։ ԱՄՆ-ը Մինսկի խմբում համանախագահող երկրներից է եւ աշխարհի առաջատար երկիր է», - գրել է Գուրբանլին։

Ըստ նրա` Ադրբեջանը ԱՄՆ-ի պետքարտուղարի այցելությանը մեծ նշանակություն է տալիս, քանի որ հանդիսանում է «ամենագլխավոր երկիրը Արեւելք - Արեւմուտք եւ Հյուսիս - Հարավ միջանցքների համար»։

«Առանց Ադրբեջանի մասնակցության տարածաշրջանում հնարավոր չէ իրականացնել որեւէ ծրագիր։ Այս տեսանկյունից, այցի ընթացքում բանակցությունները եւ քննարկումները ամրապնդում են Ադրբեջանի դիրքերը», - գրել է «Ենի Ազերբայջան»-ի պատգամավորը եւ, թվարկելով ԱՄՆ - Ադրբեջան համագործակցության ոլորտները, մասնավորապես` էներգետիկ անվտանգության ոլորտը, կարծիք է հայտնել, թե Հարավային Կովկասում վարած իր քաղաքականությունում Միացյալ Նահանգները Ադրբեջանին հատուկ ուշադրություն է դարձնում։

Քլինթոնի այցելության` նախօրոք հրապարակված համառոտ ծրագրում նշված էր, որ հունիսի 6-ին նա հանդիպելու է Ադրբեջանի նախագահի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Ադրբեջանը ԱՄՆ-ի պետքարտուղարի` Հարավային Կովկասի երկրներ այցելության վերջին կետն է։

Պետքարտուղարի այցի կապակցությամբ երթեւեկության որոշ սահմանափակումների մասին Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Հիլարի Քլինթոնը Բաքու կժամանի տեղական ժամանակով կեսօրին մոտ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG