Մատչելիության հղումներ

Հունիսի 6-ի մամուլ


Մամուլի ուշադրության կենտրոնում հայ-ադրբեջանական շփման գծում առաջացած լարված իրավիճակն է:

«Ժամանակ»-ը գրում է. - «Տավուշի հատվածում ադրբեջանցիները հերթական դիվերսիոն փորձն են արել Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ։ Իսկ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը այն կառույցն է, որը պետք է իր անդամների կողքին լինի այդօրինակ ագրեսիաների դեպքում, քանի որ դիվերսիոն գործողությունն էլ յուրօրինակ ագրեսիա է, հատկապես, երբ դրան զոհ են դառնում ՀԱՊԿ անդամ պետության քաղաքացիները։ Բայց հավաքական անվտանգության կազմակերպությունն այդ փորձերին չի արձագանքում, չկա որեւէ դատապարտող կամ Հայաստանին աջակցող պաշտոնական հայտարարություն։ Այս ամենն իրապես վկայում է այն մասին, որ ՀԱՊԿ-ը բացարձակապես կապ չունի Հայաստանի անվտանգության հետ եւ իրականում ընդամենը Ռուսաստանի ձեռքին մի գործիք է, որով այդ երկիրը ցանկանում է վերահսկողության տակ պահել հետխորհրդային հանրապետությունները, այդ թվում եւ` Հայաստանը»։

Հայաստանի գլխավոր ռազմական տեսուչ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը «Ժողովուրդ» թերթի հարցազրույցում նշում է. - «Ադրբեջանցիներն իրենց այդ վարքագծով շատ ավելի կորուստներ են ունենում: Մեզ համար մեկ զինվորի կյանքն ավելի թանկ է, քան իրենց տասնյակինը: Եվ, իհարկե, մենք չենք ուզում, որ հայ զինվորները եւ քաղաքացիները մահանան այդ սահմանների վրա: Իսկ եթե նրանք այդ քայլին են գնում, նշանակում է` համաձայն չեն ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկների հետ եւ կարծում են, որ իրենք ուժեղ են եւ կարող են ԼՂ հակամարտությունն ինքնուրույն լուծել, սակայն դա նրանց չի հաջողվի: Չի հաջողվի երեք պատճառով, առաջին` նրանք պատրաստ չեն դրան, երկրորդ` մենք Ադրբեջանից թույլ չենք, երրորդ` միջազգային հանրությունը թույլ չի տա, որ ԼՂ հակամարտության հարցը լուծվի ուժային ճանապարհով»:

«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը տարակուսած է ռազմական գործողությունների հանդեպ Հայաստանի քաղաքական կուսակցությունների անտարբերությունից - «Երկրում, որտեղ պաշտոնապես գրանցված է 70-ից ավելի կուսակցություն, կա առնվազն 6 խորհրդարանական խմբակցություն, միայն 1 կուսակցություն («Ազատ դեմոկրատները») հանդես եկավ հայտարարությամբ։ Կատարվածի վերաբերյալ կայքերից մեկին մեկնաբանություններ տվեց ու հայտարարություն արեց նաեւ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Մնացած քաղաքական ուժերը լուռ-լուռ էին։ Ինչո՞ւ։ Եվ նորմա՞լ պահվածք է դա, թե՞ աննորմալ։ Մեր կարծիքով, նորմալ պահվածք չէ։ Առավել եւս, եթե նկատի ունենանք, որ մեզանում քաղաքական ուժերը հաճախ հայտարարություններ են ցփնում կատարվածի համեմատ խիստ աննշան դեպքերի կապակցությամբ։

«Երկիր»-ը գրում է. - «Այս պատերազմը ոչ մի կերպ չի աղերսվում ներհայաստանյան իրականության հետ, կարծես չկա արտաքին վտանգի գիտակցումը, չի զգացվում, որ հասարակությունը պատրաստ է ամենաանցանկալի զարգացումներին: Որովհետեւ այն առանցքը` պետական իշխանությունը, որը պարտավոր է ապահովել այդ մթնոլորտը, այնքան է մեկուսացել հասարակությունից, պարփակվել ինքն իր համար ստեղծած վարդագույն իրականության մեջ, որ գրեթե ամբողջությամբ օտարացել է, կորցրել վստահությունն իր նկատմամբ: Որքան էլ մեր բանակի պատասխանը հիմա լինի համարժեք, իրավիճակի հետագա բարդացման պարագայում` առանց հասարակության ու ժողովրդի աջակցության, առանց իրականությանը ուղիղ հայացքով նայելու, տնտեսության մեջ առկա իրական խնդիրները տեսնելու ու չեզոքացնելու, հանրային համընդհանուր նիհիլիզմը հաղթահարելու, պետությանը ոչինչ չի հաջողվելու անել: Պատերազմի վերսկսման հնարավորության մեծացմանը զուգընթաց սա վերածվում է մեր ներքին ամենակարեւոր մարտահրավերի: Եվ գոնե պետության դիմադրողականության բարձրացման համար իշխանությունը պարտավոր է սեփական ժողովրդի հետ լինել անկեղծ ու միասնական»:

«Հրապարակ» օրաթերթն արձագանքում է. - «Պատերազմական բառապաշարը սովորական է դառնում: Բարձրաստիճան ամերիկացիների այցերը դադարել են զսպող դեր կատարել: Միջազգային հանրությանն ուղղված հայտարարություններ կողմերը չեն անում, կարծես կտրել են հույսները վերջիններիս խաղաղարար ջանքերից, եւ այս լռության պայմաններում Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանի երկայնքով պատերազմի հոտ է տարածվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG