Մատչելիության հղումներ

Հայաստանին «հաջողվեց կազմակերպել նախորդներից տարբերվող ընտրություններ»


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսելում, 04 հունիսի, 2012
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսելում, 04 հունիսի, 2012
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսել կատարած այցի շրջանակներում երեքշաբթի օրը մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական ասամբլեայի նիստին:

«Արմենպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, վարչապետը Բրյուսելում ասել է, որ Հայաստանը հանձն էր առել անցկացնել ընտրություններ, որոնք պետք է որակապես տարբերվեին նախորդ բոլոր ընտրություններից:

«Չնայած ժողովրդավարական հաստատությունների կառուցման եւ զարգացման ընդամենը 20-ամյա պատմությանը, խորհրդային ժամանակաշրջանից ժառանգած պետական կառավարման ոչ արդյունավետ եւ լճացած ինստիտուտներին, համաշխարհային տնտեսական ճգնաժամին ու մեր երկրի աշխարհաքաղաքական մարտահրավերներին, Հայաստանի ղեկավարությանը հաջողվեց իրագործել իր խոստումն ու կազմակերպել նախորդներից տարբերվող ընտրություններ», - ասել է վարչապետը:

Նա նշել է, որ Հանրապետականը մեծամասնություն է ապահովել նոր Ազգային ժողովում, սակայն կոալիցիա կազմելու առաջարկ է ներկայացրել: Վարչապետի խոսքով` անշուշտ կային թերություններ, սակայն միջազգային արձագանքները խոսում են ժողովրդավարության ամրապնդման հարցում առաջընթացի մասին:

«Դա բեկում է, որը անշրջելի է դարձնելու մեր երթը ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ», - ասել է Սարգսյանը:

Հայաստանի վարչապետը նշել է մայիսի 6-ի ընտրություններն «աննախադեպ դարձրած» գործոնները` ընտրություններից առաջ ընդունվել է Ընտրական նոր օրենսգիրք, հաջողվել է ապահովել հավասար մրցակցային պայմաններ, երաշխավորել խոսքի, հավաքների եւ տեղաշարժվելու ազատություն, քաղաքական ուժերին տրվել են զանգվածային լրատվական միջոցներից օգտվելու հավասար պայմաններ:

«Սա մեր ամենամեծ նվաճումն էր: Քաղաքական բոլոր ուժերի հեռուստատեսությամբ օգտվելու հավասար ժամեր են տրամադրվել», - շեշտել է նա:

Վարչապետը նաեւ ասել է, որ բռնության եւ այլ անօրինական դեպքեր նախընտրական շրջանում չեն գրանցվել, իսկ ընտրություններից հետո արդեն ավանդական դարձած զանգվածային բողոքներ չեն եղել: Ապա Տիգրան Սարգսյանը ասել է, որ, իհարկե, եղել են որոշ թերություններ:

«Դրանք բացատրվում են երկրի սահմանափակ ռեսուրսներով. մեկ շնչին ընկնող ներքին համախառն արդյունքը ընդամենը 3000 դոլար է, երկիրը իր վրա զգացել է համաշխարհային աննախադեպ ճգնաժամի ազդեցությունը, 70 տոկոսով կրճատվել է ներքին համախառն արդյունքը, այս 20 տարում նաեւ պարտադրվել է պատերազմ: Անկախ հանրապետությունը ժառանգել է խորհրդային համակարգից ստացած կառավարման ինստիտուտներ, որոնք հարկ է ամբողջովին փոխել: Քաղաքական մշակույթի մեջ էլ դեռ պահպանվել են ավտորիտար անցյալի երեւույթները: Հայաստանում բարձր է կոռուպցիայի ընկալման ցուցանիշը: Այդ ամենը բացասական դեր է կատարել ընտրություններում», - ասել է վարչապետը:

Այնուամենայնիվ, ըստ «Արմենպրես»-ի, Տիգրան Սարգսյանն ասել է, որ իշխանությունները գիտակցում են համապատասխան եզրահանգումներ կատարելու եւ մինչեւ 2013 թվականի սկզբին կայանալիք նախագահական ընտրությունները այդ թերությունները հնարավորինս վերացնելու ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

«Մենք գիտակցում ենք, որ ունենալով մեծամասնություն խորհրդարանում, մեր կուսակցությունը կարող է վստահությամբ եւ էլ ավելի արագ տեմպերով իրականացնել երկրի արդիականացմանն ուղղված բարեփոխումները՝ շարժվելով միաժամանակ եվրաինտեգրման ճանապարհով», - ԵԺԿ-ի քաղասամբլեայի նիստում ամփոփել է Հայաստանի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG