Մատչելիության հղումներ

Հայաստանը` «կիսաավտորիտար կառավարում ունեցող պետություն»


«Հայաստանը շարունակում է մնալ կիսաավտորիտար կառավարում ունեցող պետությունների շարքում», - պնդում են արեւմտյան ամենահեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններից մեկի` Freedom House-ի ներկայացուցիչները այսօր հրապարակած հերթական զեկույցում:

«Պետություններն անցումային շրջանում» կոչվող այս փաստաթուղթն ամփոփում է Արեւելյան Եվրոպայի, Բալկանների եւ հետխորհրդային տարածքի 29 պետություններում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված միտումները:

Հատուկ ուշադրության են արժանացել հատկապես ընտրական համակարգերի կենսագործունեությունը, ազատ մամուլի եւ քաղաքացիական հասարակության վիճակը, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին միտված քայլերը:

Պետությունները հետազոտության հեղինակների կողմից գնահատվել են յոթ բալանոց սանդղակով, որտեղ մեկ միավորը համապաստասխանում է լիարժեք ժողովրդավարության առկայությանը, իսկ յոթ միավորը նշանակում է, որ տվյալ պետությունում ավտորիտար կառավարում է:

Ժողովրդավարության մակարդակը Հայաստանում Freedom House-ի մասնագետները գնահատել են 5.39, ինչն աննշան կերպով ավելի լավ է, քան նախորդ տարի արձանագրված 5.43-ը: Այս ցուցանիշով Հայաստանը զգալիորեն զիջում է Վրաստանին, որն այս զեկույցում դասվել է անցումային կամ «հիբրիդային» տիպի պետությունների շարքին:

Ժողովրդավարության զարգացման եւ կայացման առումով Հայաստանից ավելի վատ վիճակում են միայն Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի բոլոր հինգ պետությունները, ինչպես նաեւ Ռուսաստանն ու Բելառուսը. երկրների այս խումբը Freedom House-ը դասել է ավտորիտարների շարքին:

Անդրադառնալով առանձին ոլորտներին տրված գնահատակններին` զեկույցի հեղինակները որոշակի բարելավումներ են նկատում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի առումով: Զեկույցում մասնավորաբար ասված է. - «Էլեկտրոնային կառավարության համակարգի ներդրումը Հայաստանում եւ Վրաստանում կարող է դիտվել որպես դրական քայլ` ուղղված ստորին մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարին»:

Ինչ վերաբերում է մյուս ոլորտներին, ապա մնացած գրեթե բոլոր ցուցանիշները նախորդ տարվա համեմատ անփոփոխ են:

Այսպես, ընտրական գործընթացների` ժողովրդավարական չափանիշներին համապատասխանության առումով Հայաստանի ցուցանիշը, ըստ զեկույցի հեղինակների, 5.75 է, ինչն անգամ ավելի վատ է, քան ավտորիտար պետությունների խմբին դասված Ղրղըզստանում:

Լրատվամիջոցների անկախության առումով իրավիճակը եւս մխիթարական չէ` այստեղ Հայաստանը նույն մակարդակի վրա է, ինչ Տաջիկստանը:

Ամենաբարվոք ցուցանիշն արձանագրվել է քաղաքացիական հասարակության կայացման ոլորտում, որտեղ Հայաստանի արձանագրած առաջընթացը համադրելի է Վրաստանի եւ բալկանյան մի շարք պետությունների հետ:

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մայիսի 6-ի խորհրդրանական ընտրություններն էլ ցույց տվեցին, որ Հայաստանում ժողովրդավարական երկրներին հատուկ ընտրական գործընթացներ տեղի չեն ունենում:

«Մայիսի 6-ը ոչ թե ընտրություններ էին, այլ` ֆինանսական լայնամասշտաբ միջոցառում: Այստեղ գումարը բավականին մեծ դեր խաղաց` այդ ընտրակաշառք կոչվածը», - ասաց Բադալյանը:

Զեկույցը, հիշեցնենք, 2011 թվականի իրողություններին է վերաբերում:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի կարծիքով` երբ Freedom House-ը անդրադառնա 2012-ի հայաստանյան ընտրություններին, կարող է բարելավվել, մասնավորապես, ընտրական գործընթացներին վերաբերող բաժինը. - «Ե'վ ընտրություններն անցան բավականին խաղաղ… ե'ւ մյուս կողմից կարեւորվում է այն հանգամանքը, որ խաղաղ պայմաններում ընտրական հանձնաժողովները կատարում էին իրենց պարտականությունները»:

Լրատվամիջոցների անկախության առումով Հայաստանը Տաջիկստանի հետ նույն մակարդակի վրա է գտնվում: Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը կարծում է, որ մի երկրում, որտեղ լրատվամիջոցների դեմ զրպարտության հոդվածով 30-ից ավելի հայցեր են ներկայացվել, խոսքի ազատության վիճակը չի կարող ավելի բարձր գնահատականի արժանանալ:

Ընդ որում` բոլոր այդ հայցերը ներկայացրել են նախկին պատգամավորներ, պաշտոնյաներ. - «Քաղաքական վերնախավի կողմից հանդուրժողականություն խոսքի ազատության նկատմամբ չկա: Հետեւաբար սա անմիջականորեն անդրադառնում է մամուլի ազատության վրա: Լրատվամիջոցները սկսում են ինքնագրաքննվել, զգույշ լինել իրենց բացահայտումներում, հրապարակումներում եւ այլն»:

Լրատվամիջոցները թեեւ մեկ կետից չեն ղեկավարվում, բայց, Արմեն Բադալյանի կարծիքով` ազատ էլ չեն. - «Չենք ասում, որ բոլորը մեկ կենտրոնից են ղեկավարվում… Սակայն ընդգծված լրատվամիջոց, որը չունի կուսակցական պատկանելություն եւ ամբողջավին անկախ է, այդպիսի լրատվամիջոց չունենք»:

Ալեքսանդր Մարգարովը, մինչդեռ, կարծում է, որ լրատվամիջոցներում առկա են մրցակցային պայմաններ, եւ դրա ապացույցը ընտրարշավի լուսաբանումն էր. - «Նկատի ունեմ էլեկտրոնային լրատվամիջոցները, որտեղ երեւի կարելի է տեսնել ավելի ազատ, ավելի մրցակցային միջավայր: Այս տարվա եւ անցած տարվա վերջի ընտրարշավը ցույց տվեց, որ մեր մամուլը փորձում է գործել ավելի ազատ, եւ այս մամուլը փորձում է հանդես գալ որպես շահերն արտիկուլացնող աղբյուրներից մեկը»:

Անդրադառնալով դատական մարմինների անկախությանը` Freedom House-ի փորձագետները վերջին 4 տարիների ընթացքում իրավիճակի փոփոխություն չեն արձանագրել:

Նշենք, որ ամենաբարվոք ցուցանիշն արձանագրվել է քաղացիական հասարակության կայացման ոլորտում, որտեղ Հայաստանի առաջընթացը համադրելի է Վրաստանի եւ բակլանյան մի շարք պետությունների հետ:

please wait

No media source currently available

0:00 0:04:50 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG