Մատչելիության հղումներ

Շիրխանյանն առաջարկում է ռուսական ռազմական դիտորդներ հրավիրել


Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը համարում է, որ հունիսի 4-ին Ադրբեջանի իրականացրած հերթական դիվերսիոն գործողությունից հետո Հայաստանը պետք է դիմի Ռուսաստանին՝ դիտորդական աջակցություն ստանալու խնդրանքով:

Հունիսի 4-ին, ադրբեջանական կողմը, ըստ Հայաստանի ՊՆ հաղորդագրության, խախտել էր շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը, սակայն հետ էր մղվել։ Միջադեպի արդյունքում երեք հայ զինծառայող էր զոհվել։

«Արժե այսօր այս դեպքերից հետո դիմել Ռուսաստանին եւ խնդրել, որ այդ հատվածում ինքը տեղադրի մշտական ռազմական դիտորդներ կամ նույնիսկ ռազմական փոքր ստորաբաժանումներ՝ ՀԱՊԿ-ի կամ հայ-ռուսական համագործակցության շրջանակներում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շիրխանյանը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության պայմանագրով այդ երկիրը նաեւ Հայաստանի անվտանգության ապահովման պարտավորություն է ստանձնել։

Վահան Շիրխանյանը համոզված է, որ ադրբեջանական կողմի գործողությունները ղեկավարվում են բացառապես Իլհամ Ալիեւի կողմից եւ պայմանավորված են կոնկրետ պահի քաղաքական նպատակահարմարությամբ: Պաշտպանության նախկին փոխնախարարը վստահ է, որ այս կոնկրետ պարագայում որոշակի դեր է ունեցել նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի հանգամանքը։

«Ադրբեջանի շարունակական սպառնալիքները, հարցերի ներկայացումը տարբեր ատյաններում ոչինչ չեն տվել։ Ընդհակառակը՝ մեծ տերությունների մոտ ավելի հստակ է դառնում դիրքորոշումը, որ ղարաբաղյան խնդիրը միայն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Սա շատ է անհանգստացնում Ադրբեջանին, եւ նա կուզենա առաջիկայում նույնպես անկայունացնել», - կարծիք հայտնեց պաշտպանության նախկին փոխնախարարը։

Վահան Շիրխանյանը մեզ հետ զրույցում նշում է, որ Տավուշի հատվածը եղել եւ մնում է շփման գծի ամենաբարդ հատվածներից մեկը, եւ այստեղ պաշտպանության ուժեղացման կարիք կա: Ըստ Շիրխանյանի, պաշտպանությունն այստեղ թույլ չէ, ավելին՝ ստորաբաժանումները մարտունակ են, սակայն՝ «ամենավտանգավոր հատվածներում պետք է նոր որակի բարձրացնել ե՛ւ կարգապահությունը, ե՛ւ հերթապահությունը, ե՛ւ լրացուցիչ ուժեր տեղադրել»։

Հայտնի զորահրամանատար, Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը համարում է, որ հայ-ադրբեջանական շփման գծում առկա են պաշտպանական թույլ օղակներ, որոնք անպայմանորեն պետք է ուսումնասիրվեն եւ վերացվեն։

Հունիսի 4-ին, ադրբեջանական կողմը, ըստ Հայաստանի ՊՆ հաղորդագրության, խախտել էր շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը, սակայն հետ էր մղվել։ Միջադեպի արդյունքում երեք հայ զինծառայող էր զոհվել։

«Անշուշտ, կատարվածի մեղքն ամբողջությամբ ադրբեջանական կողմինն է։ Դա դատապարտելի դիվերսիոն գործողություն էր, սակայն պետք է ընդունենք, որ մենք ունեցել ենք թույլ կողմեր եւ թշնամին օգտվել է դրանցից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արկադի Տեր-Թադեւոսյանը։ - «Իհարկե, խախտելով միջազգային բոլոր նորմերը, թշնամին նման գործողություն իրականացրեց, սակայն ամբողջ ժամանակ մեղքը հակառակորդի վրա բարդելուց զատ հարկ է նաեւ ուսումնասիրել մեր սեփական սխալներն ու հետեւություններ անել դրանցից»։

Գեներալը նշեց, որ դեպքի վայրում արդեն եղել է տարբեր պատասխանատու գերատեսչություններից բաղկացած հանձնաժողովը եւ վստահություն հայտնեց, որ անհրաժեշտ հետեւությունները արդեն իսկ արվում են ու հետագայում էլ կարվեն։

Այդուհանդերձ, գեներալ-մայորի համոզմամբ, չպետք է բավարարվել առանձին դեպքերին, փաստերին արձագանքելով։

«Սահմանի մեկ առանձին հատվածի փակումը երաշխիք չէ, որ նման դեպքերն այլեւս չեն կրկնվի։ Հարկ է ցուցաբերել համալիր մոտեցում, ստուգել սահմանի բոլոր տեղամասերն ու հասկանալ՝ ինչո՞ւ դա տեղի ունեցավ։ Իսկ եթե համարժեք հակաքայլեր չանենք, նման դիվերսիաները կշարունակվեն», - ասում է Արկադի Տեր-Թադեւոսյանը։

please wait

No media source currently available

0:00 0:04:20 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG