Մատչելիության հղումներ

Հունիսի 5-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցից առաջ հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել հերթական դիվերսիան, որին զոհ է գնացել երեք հայ զինծառայող: Ինչո՞ւ է այդ սադրանքը տեղի ունենում Հիլարի Քլինթոնի այցից անմիջապես առաջ: Քաղաքականության մեջ, ասում են, պատահականություն չի լինում: Իսկ որ հայ-ադրբեջանական սահմանին թերեւս ոչինչ չի լինում առանց քաղաքականության, կամ ոչ մի պատահար չի մնում առանց քաղաքական ազդեցության՝ թերեւս անկասկած է: Ով եւ ինչ դժգոհություն ունի այս անգամ, որ հերթական քաղաքական նշանակալից իրադարձությունից առաջ տեղի է ունենում հերթական աղմկոտ սադրանքը եւ դիվերսիան: Ի՞նչ խնդիրներ է հետապնդում Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցը՝ ընդհանրապես կամ հայաստանյան այցը՝ մասնավորապես: Ո՞ւմ էր անհրաժեշտ «արյունոտել» ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջանային կամ հայաստանյան այցը: Այս հարցերի պատասխաններն, իհարկե, առավել դյուրին կլիներ գտնել՝ իմանալով այն իրական հարցերը, որ քննարկվելու են Հայաստանում եւ տարածաշրջանում Քլինթոնի այցի ընթացքում»:

«Երկիր»-ի խմբագիրը ներկայացնում է այցը այլ տեսանկյունից. - «ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին նախագահականի տրամադրած պաշտոնական հաղորդագրությունից կարելի էր եզրակացնել, որ նրանց քննարկած ամենալուրջ հարցը Երեւանի արեւոտ եղանակն է եղել, ու այդ եղանակին Քլինթոնի այստեղ գտնվելու բարեբախտությունը եւ, որ այդ օրակարգը նախագահ Սարգսյանն ու պետքարտուղար Քլինթոնը սպառել են փոխադարձ սրտաճմլիկ կոմպլիմենտների փոխանակմամբ: Հետո պիտի պետքարտուղարն իր ասուլիսի ժամանակ տեղեկացներ, որ քննարկել են նաեւ ԼՂ հիմնահարցը, սահմանային վերջին միջադեպը եւ հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը: Եթե նախագահի աշխատակազմում այդ հանդիպման թեմաներից ավելի կարեւոր բան չեն տեսնում, քան պետքարտուղարի կողմից Սերժ Սարգսյանին «հիանալի առաջնորդ» որակելը, ապա կոնկրետ հարցադրումների կապակցությամբ կոնկրետ պատասխաններ, բովանդակալից տեղեկատվություն ակնկալող հասարակությունը պարտավոր չէ առաջնորդվել նախագահի իմիջի կերտման այս անգրագետ աշխատաոճով»:

«Առավոտ»-ի այն հարցին, թե Հանրապետական կուսակցությունը ստո՞ւմ էր, երբ հայտարարեց, որ գործարար պատգամավորներին Ազգային ժողով չեն պատրաստվում տանել, ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը պատասխանել է. - «Քաղաքական գործունեությունն ու գործարարությունը սկզբունքորեն անհամատեղելի են, բայց այս երեւույթը ունի 20- ամյա կենսագրություն, եւ այն միանգամից արմատախիլ անել այդքան էլ հեշտ չէ: Ավելին՝ երբ Հանրապետական կուսակցության ղեկավարությունը այս մասին հռչակեց, որեւէ կուսակցություն այն չպաշտպանեց, որեւէ կուսակցություն չփորձեց՝ այո, մենք էլ կմիանայինք այդ թեզին: Արդյունքում՝ ստացվեց այսպիսի տպավորություն՝ ինչքան լավ է, Հանրապետական կուսակցությունը իր շարքերից գործարարներին դուրս կմղի, բայց մենք հաճույքով նրանց կընդգրկենք մեր շարքերը, դրանով ստանալով նաեւ որոշ ֆինանսական հավելյալ հնարավորություններ: Ցավոք սրտի, այս երեւույթներն էլ նկատելի էին: Այդ էր պատճառը, որ այդ ուղղությամբ շատ կտրուկ քայլեր չարվեցին»:

«Իրատես դե ֆակտո»-ն զրուցել է ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի հետ: Թերթի հարցին, թե կարո՞ղ եք ասել, որ Ձեր ինքաբացարկ չգրելով քաղաքական թեւը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում հաղթեց, Օսկանյանը պատասխանում է. - « Դե ես էդպես չեմ դիտարկում, էլի. հաղթել-պարտվել: Դու ինչ-որ մի խնդիր ես դնում եւ փորձում ես հետապնդել այն»: «Հետապնդեցի՞ք». «Դե, ես շատ գոհ եմ, որ մենք կոալիցիա չենք մտել, էլի, ես դա չեմ համարում ինչ-որ իմ հաղթանակ, ուրիշի հաղթանակ: Դա ճիշտ որոշում էր, եւ ժողովուրդը շատ լավ արձագանքեց դրան»:

«168 ժամ»-ի հետ զրուցել է գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը: Լրագրողը հարցնում է. - «Փակ շուկայի շուրջը ստեղծվածին ի՞նչ բնորոշում կտաք»: Պասկեւիչյանը պատասխանում է . « Փակ շուկայի համար պայքարողները կհաղթեն, այսինքն՝ շուտով կհասնեն փոխըմբռնման։ Դա տեղի կունենա ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը կհասկանա ճարտարապետական հուշարձանի նշանակությունը, այլ որովհետեւ հին Էրեւանը, ցավոք սրտի, քաղքենական արժեք է։ Իսկ քաղքենիները գերիշխող դիրք ունեն մեր հասարակության մեջ։ Երբ պայքար էր գնում «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճը պահպանելու համար, ընկերներս (պայքարի ակտիվիստներ) ինձ հարցնում էին՝ ինչո՞ւ չես միանում։ Ես չէի միանում այդ եւ նմանատիպ այլ շարժումների, որովհետեւ կանխորոշված ելքով պայքարները սրտովս չեն։ Քաղաքացիական խմբերը պետք է լինեն, անշուշտ։ Քաղաքացիական շարժումը միշտ պետք է թեժ լինի, բայց դրա բնորոշիչը չպետք է լինի մանկամտությունը։ Այդ շարժումները պետք է հանգեցնեն քաղաքական եզրակացությունների: Եթե չի հանգեցնում դրան, պայքարն անվերջ եւ անիմաստ կարող է լինել»:

please wait

No media source currently available

0:00 0:04:27 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG