Մատչելիության հղումներ

Բասենի եկեղեցու վերակառուցման փորձը հակասությունների պատճառ է դարձել


Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյան
Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյան
Շիրակի մարզի Բասեն համայնքի գյուղապետ Համլետ Պետրոսյանը համագյուղացիների ու արտերկրում ապրող բասենցիների տրամադրած միջոցներով անցած տարվանից սկսել է գյուղի՝ 19-րդ դարի կառույց հանդիսացող ավերված եկեղեցու վերականգնումը, սակայն շինարարությունը սկսելուց կարճ ժամանակ անց այն կասեցվել է։

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը գրավոր դիմել է Շիրակի մարզի դատախազին՝ պահանջելով կասեցնել պատմամշակութային հուշարձանի նկատմամբ եւ պատասխանատվության ենթարկել ապօրինի աշխատանքներ ձեռնարկած անձանց։

Եկեղեցու վերակառուցման նպատակով իրականացվող հանգանակության համար Ռուսաստան մեկնած գյուղապետին հենց օդանավակայանում ծանուցել են այն մասին, որ դատախազությունում նյութեր են նախապատրաստվում։

«Ես գրավոր կերպով համաձայնություն եմ տվել, որ չեմ կատարի աշխատանքները, մինչեւ չունենամ թույլտվություն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց Համլետ Պետրոսյանը։ - «Ներկա պահին մենք աշխատանքներ չենք իրականացնում։ Կփորձենք օրենքի դաշտում հարթել»։

Գյուղապետը ասում է, թե շինարարության թույլտվության հարցում դժվարություններ է ունեցել, եւ չի կարողացել զսպել համագյուղացիների «ներքին պոռթկումը»։

«Ես իմ բնակիչներին ինչպե՞ս հորդորեի, թե չէ՝ սպասենք․․․ մարդիկ անհամբեր էին։ Այս հարցում կարծես իշխանության օրենքները բնակչությանը չէին հետաքրքրում, քանի որ հոգեւոր ուժը ավելի զորեղ է, քան ինչ-որ մի օրենքը», - մեզ հետ զրույցում մանրամասնեց Համլետ Պետրոսյանը։

Բասենի եկեղեցու վերականգնման աշխատանքների խոչընդոտումը զայրացրել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին։

«Հենց որ գործը սկսվել է հայտնվել են՝ ասելու համար, թե այս ինչ եք անում առանց մեր թույլտվության։ Երբ որ ձեր թույլտվությամբ քանդվում էր՝ ո՞ւր էիք։ Երբ որ աղբանոցի էր վերածվում՝ ո՞ւր էիք, երբ որ անտերության էր մատնված՝ ո՞ւր էիք», - հարցնում է Շիրակի թեմի առաջնորդը, - «Ուղղակի դրամական հարց է․ դրամի հոտ են առել»։

Միքայել Աջապահյանը հայտարարեց, որ կան ուրիշ համայնքներ, որտեղ ավելի կարեւոր պատմամշակութային արժեքներ վերակառուցվում են, եւ պատկան մարմինները որեւէ կերպ չեն արձագանքում։

«Ես Բասենի գյուղապետին ասել եմ, որ մի վախեցիր, ասա՝ Սրբազանն է անում։ Թող համարձակվեն գալ ինձ մոտ», - հավելեց Շիրակի թեմի առաջնորդը։

Շիրակի մարզի պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության պետ Ավետիք Մելիք-Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ «ճշմարտությունը այլ հարթության մեջ է»։

«Անհրաժեշտ է այդ եկեղեցու կառուցումը՝ նրա պատմական ճարտարապետական տեսքի պահպանության խնդիրն ապահովելով՝ կատարել գործող կարգի համաձայն», - ասաց Մելիք-Սարգսյանը՝ մանրամասնելով․ - «Տեղական նշանակության հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման թույլտվությունը սահմանված կարգով տալիս է պետական կառավարման տարածքային մարմինը»։

Շիրակի մարզի պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության պետի խոսքով, Բասեն համայնքում գյուղապետի կատարած գործողությունները հակասում են այս օրենսդրությանը։ Շիրակի մարզպետարանը, ըստ Մելիք-Սարգսյանի, գյուղապետ Համլետ Պետրոսյանի տեղեկացրել է այս մասին եւ առաջարկել հուշարձանի վերականգնումն անել գործող կարգի համաձայն։

please wait

No media source currently available

0:00 0:05:11 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG