Մատչելիության հղումներ

Հանրապետականը «վստահում է վարչապետ Տիգրան Սարգսյանին»


ՀՀԿ խոսնակ եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով
Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը վստահում է վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ համոզված է, որ նա գնում է ճիշտ ուղղությամբ: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան այն հարցին, թե ինչո՞ւ նախագահը վարչապետի պաշտոնում կրկին նշանակեց Տիգրան Սարգսյանին:

«Մենք գտնում ենք, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը կարողացել է լուծել իր վրա դրված խնդիրները եւ այս ճգնաժամային ժամանակաշրջանում ճիշտ ճանապարհով գնալ եւ մինիմումի հասցնել ճգնաժամի բացասական հետեւանքները: Նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին չորս ամիսների ընթացքում մենք ունենք մոտ 7 տոկոս տնտեսական աճ, սա ցույց է տալիս, որ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ», - ասաց Շարմազանովը:

«Այս կառավարության եւ քաղաքական մեծամասնության ջանքերով հնարավոր եղավ, որ մենք մինիմումի հասցնենք այն կորուստները, որ կարող էին լինել: Մոտ 15 տոկոսանոց տնտեսական անկումից հետո մենք այսօր ունենք տնտեսական աճ», - ասաց Շարմազանովը` ի պատասխան այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ի նախկին կոալիցիոն գործընկերները եւ այլ քաղաքական ուժեր բազմիցս դժգոհություն են հայտնել հենց վարչապետից:

Թե ինչ ծրագրով կաշխատի առաջիկա ամիսներին Տիգրան Սարգսյանի կառավարությունը, պարզ կդառնա հունիսի 20-ից հետո: Ամեն դեպքում Շարմազանովի փոխանցմամբ` իրենք այն քաղաքական ուժը չեն, որ մեկ ձեռքի շարժումով բոլոր խնդիրները լուծեն, ավելին` խորհրդարանական ընտրությունների ընտրարշավի ընթացքում իրենք որեւէ մեկին պոպուլիստական խոստումներ չեն տվել:

«Բայց փաստ է, որ կա եւ վարչարարության բարելավման, ավելի բարեխիղճ աշխատելու, ավելի նախանձախնդիր լինելու եւ ավելի ուժեղ ձեռքի խնդիր: [Գլխավորը] սոցիալական խնդիրներ են, գյուղատնտեսության զարգացումն է, սոցիալական արդարության ամրապնդումն է», - ասաց նա:

Հարցին, արդյո՞ք հնարավոր է, որ Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնում կրկին նշանակվի 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո, Շարմազանովը պատասխանեց. - «Ես չգիտեմ մի շաբաթ հետո ինձ հետ ինչ կլինի, ես ի՞նչ իմանամ վեց ամիս հետո ինչ պետք է լինի: Նախագահական ընտրությունները բարով խերով կավարտվեն, այն ժամանակ օրենքով սահմանված կարգով կքննարկենք»:

Նշենք, որ կառավարության ներկայիս կազմը էական փոփոխությունների չի ենթարկվի: Սերժ Սարգսյանի հրամանագրերով այսօր Էդվարդ Նալբանդյանը, Սեյրան Օհանյանը եւ Արմեն Երիցյանը կրկին նշանակվել են, համապատասխանաբար, արտաքին գործերի, պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարների պաշտոններում: Ազգային ժողովի փոխնախագահի կարծիքով, իր պաշտոնում կմնա նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Ոստիկանությունը այն ոլորտներից մեկն է, որտեղ պետք է պինդ եւ պրոֆեսիոնալ ձեռք: Մեր հասարակության շահերից է բխում, որ Գասպարյանը մնա», - ասաց Շարմազանովը:

Նկատենք, որ որոշ վերլուծությունների համաձայն, չի բացառվում, որ նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը` դրա դիմաց ստանալով վարչապետի պաշտոնը: ԱԺ փոխնախագահը ասաց, թե այս առնչությամբ ինքը հնարավոր է համարում մի զարգացում` այն, որ Հայաստանի նախագահ կվերընտրվի Սերժ Սարգսյանը:

«Ես համոզված եմ, որ ժողովրդի մեծամասնությունը ձայն կտա գործող նախագահին: Դրանից հետո նախագահը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, կորոշի, թե ով կլինի վարչապետ, ով կլինի նախարար, ով կլինի մեկ այլ պաշտոնում», - ասաց Շարմազանովը:

«Որտեղի՞ց է գալիս այդ վստահությունը, եթե հաշվի առնենք այն դժգոհությունը, աղքատությունը, որն այսօր առկա է Հայաստանում» հարցին Շարմազանովը պատասխանեց. - «Եթե Ձեզ թվում է, որ դժգոհ կամ աղքատ մարդիկ չեն կարող քվեարկել գործող իշխանության օգտին, դուք չարաչար սխալվում եք: Դրա վառ ապացույցը այն ձայներն են, որ տվել է մեր հասարակությունը [Հանրապետականին]»:

Դիտարկմանը, թե չորս քաղաքական ուժեր պնդում են, որ ՀՀԿ-ն կեղծիքներով է ստացել այդ ձայները, Շարմազանովը արձագանքեց. - «Չորս քաղաքական ուժերը Գյուլնազ տատի հեքիաթներն են պատմում: Հեքիաթներ պատմելու փոխարեն ճիշտ կանեին Սահմանադրական դատարան ներկայացնեին փաստեր: Քանի դեռ չկան փաստեր, ես այդ բոլոր հայտարարությունները որակում եմ որպես Գյուլնազ տատի հեքիաթներ»:

please wait

No media source currently available

0:00 0:05:17 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG