Մատչելիության հղումներ

Քլինթոնը մասնակցել է մրցանակների հանձնման արարողությանը


Միացյալ Նահանգների պետքարտուղարը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հետ հանդիպման: Երեւան, 4-ը հունիսի:
Միացյալ Նահանգների պետքարտուղարը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հետ հանդիպման: Երեւան, 4-ը հունիսի:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով այսօր ժամանել է Երեւանում, ԱՄՆ-ի դեսպանատանը հանդիպում է ունեցել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ եւ ներկա է գտնվել նրանցից ոմանց մրցանակների հանձնման արարողությանը:

Միջոցառումը բացել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման`իրավապաշտպան Արթուր Սաքունցին հանձնելով «Ազատության պաշտպանի» մրցանակը:

«Արթուր պաշտպանում է բոլոր փոքրամասնություններին, հատկապես նրանց, ովքեր անհանդուրժողականության թիրախ են դառնում, ինչպիսիք են` էթնիկ, կրոնական եւ սեռական փոքրամասնությունները: Նա չի վախենում արտահայտել այնպիսի դիրքորոշումներ, որոնք համընդհանուր հավանության չեն արժանանա. Նա մշտապես աշխատում է Հայաստանում հանդուրժողականությունն առավել մեծացնելու ուղղությամբ», - ասել է Չիման:

«Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության ղեկավար Ալեքս Սարդարը զինվորական բարեփոխումներին ուղղված աշխատանքների համար Ծովինար Նազարյանին հանձնեց «Խիզախ կին» մրցանակը:

«Ծովինարը կարող է հպարտանալ, որ դերակատարում է ունեցել զինված ուժերի բարեփոխումները խրախուսելու հարցում, ինչն էլ կհանգեցնի Հայաստանում առավել ժամանակակից, արդյունավետ ու մարդասիրական ուժեր ունենալուն», - ասաց Ալեքս Սարդարը:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզը ոստիկանության բարեփոխումներում, հատկապես` ոստիկանության կրթական համակարգի դրական տեղաշարժերում ունեցած դերակատարման համար մրցանակ է հանձնել փոխոստիկանապետ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին:

ԶԼՄ-ների գերազանցության մրցանակը Epress.am-ի խմբագիրներ Սոնյա Ապրեսովային, Յուրի Մանվելյանին եւ Արմեն Մելիքբեկյանին հանձնելով` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սորոկինը գովեստի խոսքեր ասաց նրանց` արդարացի ու հավասարակշռված լուսաբանումների ու մարդու իրավունքներին վերաբերող հարցերը ուշադրության կենտրոնում պահելու համար:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Թրայան Հրիստեան Հայաստանում բնության պահպանությանն ուղղված քարոզչության համար մրցանակ հանձնեց բնապահպան-ակտիվիստներ Ապրես Զոհրաբյանին, Եղիա Ներսիսյանին, Գոռ Հակոբյանին, Մարի Խաչատրյանին եւ Ռուզաննա Գրիգորյանին:

Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG