Մատչելիության հղումներ

Քաղաքագետները` Քլինթոնի այցի մասին


Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Երեւանում:

Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Երեւանում:

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կիսում է New York Times թերթի հրապարակման մեջ առկա շեշտադրումները, թե Պետքարտուղարի այցը «առճակատման պոտենցիալով լի» տարածաշրջանի իրադրությունը որոշակիորեն մեղմելու, ինչպես նաեւ ամերիկյան շահերն առավել հստակորեն արծարծելու նպատակ ունի:

«Հարավային Կովկասի երկրների անկախության պատմության մեջ չի եղել, որ 2 տարի ընդմիջումով տարածաշրջան այցելի Միացյալ Նահանգների պետքարտուղարը… Մեր տարածաշրջանը իր աշխարհաքաղաքական կարեւորությամբ …իրոք որ առանձնանում է հենց կոնֆլիկտներով, որոնք արդեն տասնամյակներ շարունակ ուղղակի չեն լուծվում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մեհրաբյանը` հավելելով. - «Սա կարծում եմ, նաեւ ինչ-որ տեղ անուղղակի կշտամբանք է` ուղղված Ռուսաստանին, որը ընդունվում է առայժմ որպես գլխավոր դերակատար տարածաշրջանում, հետեւապես` նաեւ պատասխանատու այդ հարցերի համար, եւ ձգտում է մնալ այդպիսին: Բայց, ինչպես տեսնում ենք, դա չի ստացվում եւ չի էլ կարող ստացվել, որովհետեւ այս ընթացքում Ռուսաստանը միայն իր պրոբլեմները կուտակել է եւ իր ներքին հարցերով պիտի զբաղվի… Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգների ուշադրությունը գրավում է այս տարածաշրջանը նաեւ հենց այդ առումով: Այո, հապաղել չի կարելի, պետք է հարցերին լուծում տալ»:

Քաղաքագետի համոզմամբ, պետքարտուղարի այցն անպայմանորեն առնչվելու է նաեւ տարածաշրջանային ներգրավվածության մեծացման` ԱՄՆ-ի ձգտումներին. - «Որովհետեւ տարածաշրջանը, այնուամենայնիվ, մնում է առայժմ մեկուսացման մեջ, ամբողջ տարածաշրջանը: Եթե ինչ-որ վերապահում կարելի է անել Վրաստանի հետ կապված, ապա մենք պետք է լավ գիտակցենք, որ կղզյակի կարգավիճակով Վրաստանը շատ հեռու գնալու հեռանկար առանձնապես չունի` եթե դրան չեն միանում Հայաստանը եւ Ադրբեջանը: Ես կարծում եմ, որ այստեղ հիմնական ֆունդամենտը պետք է ծառայի հենց այդ եվրատլանտյան եւ եվրոպական ինտեգրացիան, որի մեջ պետք է ներգրավվի տարածաշրջանը»:

«Մենք պետք է երկու նշանակալի զարգացում սպասենք Քլինթոնի այցից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։ - «Նախ, ճնշում կլինի Հարավային Կովկասի երեք երկրների ղեկավարությունների վրա` առաջիկա ընտրությունների հետ կապված, այն առումով, որ սպասելիքները, այդ թվում եւ Հայաստանում փետրվարյան [նախագահական] ընտրություններից, ավելի բարձր են, քան` սովորաբար: Մյուս հանգամանքը Իրանի հարցն է. Քլինթոնը փորձելու է երաշխիքներ ստանալ, որ բոլոր երեք երկրները հաշվի են առնում այն պատժամիջոցները, որ Իրանի նկատմամբ կիրառվում են»:

Կիրակոսյանը կարծիք հայտնեց, որ Իրանի հարցը կարեւոր դեր է զբաղեցնելու բանակցությունների օրակարգում:

Թուրքիայում, ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, Քլինթոնը որոշակի ճնշում կգործադրի հայ - թուրքական արձանագրությունների հետ կապված:

«Ճնշում կլինի Թուրքիայի վրա` սահմանը բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ Իսկ այն, որ ամերիկյան քաղաքականությունը այլեւս չի կապում ղարաբաղյան գործընթացն ու հայ - թուրքական հարաբերությունները, Հայաստանին ավելի ուժեղ դիրքերում է դնում», - ասաց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության խնդրին` Ռիչարդ Կիրակոսյանը չի կարծում, թե այն մեծ տեղ կզբաղեցնի այս բանացությունների ընթացքում:

«Լեռնային Ղարաբաղի հարցը, իմ կարծիքով, կարծարծվի այնքանով, որ Միացյալ Նահանգները կզգուշացնեն Ադրբեջանին, որ ռազմական լուծում չպետք է լինի, եւ Ամերիկան դժգոհ է Ադրբեջանից եկող պատերազմի սպառնալիքից։ Իրականում ո՛չ Ռուսաստանը եւ ո՛չ Միացյալ Նահանգները գոհ չեն այն փաստից, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության միակ սպառնալիքը այս պահին Ադրբեջանից է գալիս», - նշեց վերլուծաբանը` ընդգծելով. - «Ինչ վերաբերում է հակամարտության լուծման բանակցային գործընթացին, ապա մենք իրականում շատ բան չպետք է ակնկալենք»:

Սա Միացյալ Նահանգների պետքարտուղարի երկրորդ այցն է Հայաստան: Առաջինը տեղի է ունեցել 2010 թվականի հուլիսի 4-ին: Հայաստանից Քլինթոնը կմեկնի Վրաստան, հունիսի 6-ին կլինի Ադրբեջանում, իսկ հունիսի 7-ին Ստամբուլում կմասնակցի «Համաշխարհային հակաահաբեկչական ֆորումի» նախարարների հանդիպմանը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG