Մատչելիության հղումներ

Մարզիչը ընկերական խաղերի հաշիվը չի կարեւորում


Հունաստանի հավաքականի հետ ընկերական հանդիպումը կարեւոր էր աշխարհի առաջնության ընտրական փուլից առաջ Հայաստանի հավաքականի ներուժը տեսնելու համար։

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը այսօր հրաժարվեց պատասխանել Հայաստան-Հունաստան ընկերական հանդիպման մրցավարի` Ալեքսանդր Հերկամի անաչառությանը վերաբերող հարցերին։

Հիշեցնենք՝ մրցավարը Վարդան Մինասյանին հեռացրեց տեխնիկական գոտուց․ Հայաստանի մարզիչը դժգոհում էր իր թիմի դարպասին նշանակված երկրորդ 11 մետրանոցից:

«Հետո էլ ասում եք՝ մեր մարզիչը շատ հավասարակշռված է։ Տեսնո՞ւմ եք, որ չէ», - կատակեց մարզիչը՝ արձագանքելով «Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե անգամ Իռլանդիայի հետ վճռորոշ խաղին, երբ կրկին մրցավարի անաչառությունը վիճարկվում էր, նա զգացմունքային չեղավ։

Գնդակով խաղը չստացվեց


Ամփոփելով Հունաստանի հետ հանդիպումը՝ Վարդան Մինասյանը ընդունում է, որ երկրորդ խաղակեսում ֆուտբոլիստները իրենց ավելի լավ դրսեւորեցին։

«Ուղղակի մեզ մոտ լավ չստացվեց գնդակով խաղը, այսինքն՝ հարձակումը։ Խաղի կառուցումը լավ չստացվեց։ Ես, ինչպես գիտեք, ասել էի, որ մենք նոր սխեմա ենք կիրառելու, փորձում ենք նոր դասավորություն։ Երեւի ինչ-որ չափով դրա հետ էր կապված, որ չստացվեց», - նշեց մարզիչը։

Խաղին նախորդել են ընդամենը երկու-երեք պարապմունք, ինչն էլ, ըստ Վարդան Մինասյանի, ազդեց թիմում փոխհամաձայնության վրա:

Խաղի ընդհանուր գնահատականը տալիս՝ Վարդան Մինասյանը, ընկերական հանդիպումների դեպքում, հաշվի վրա առանձնապես ուշադրություն չի դարձնում։ Կարեւոր էր աշխարհի առաջնության ընտրական փուլից առաջ տեսնել հավաքականի ներուժը, թերությունները, հետագա անելիքները որոշել, ասում է նա։

«Մենք դեռ շատ անելու բաներ ունենք։ Այն, ինչ մենք արեցինք անցած տարի, ունեցանք որոշ հաջողություններ՝ դա այս ընտրական փուլին արդեն բավական չի լինելու, որովհետեւ եթե մենք այդպես աշխատենք հաստատ հաջողության չենք հասնի։ Աշխատանքը պետք է կրկնապատկվի, եռապատկվի», - հավելեց Վարդան Մինասյանը։

Վարդան Մինասյանից հետաքրքրվեցինք, թե հնարավոր է արդյոք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերից առաջ հավաքականը ավելի երկարաժամկետ մարզումներ անցկացնի Երեւանում նման խնդիրներից խուսափելու համար։

«Քանի որ մեզ մոտ արդեն 14-15 լեգեոներ կա՝ ֆիզիկապես անհնար է», - պատասխանեց մարզիչը։


Հայաստան – Ղազախստան


Վաղը Երեւանում հավաքականը հերթական ընկերական հանդիպումը կանցկացնի։ Մրցակիցը Ղազախստանի ընտրանին է:

Այս թիմի ուժեղ կողմը, ըստ Մինասյանի, անգլիական խաղաոճն է` երկար փոխանցումներով։

«Այդքան շատ չենք հենվելու, թե հակառակորդը ուժեղ է, թե թույլ է։ Ավելի շատ նայելու ենք, թե մենք հիմա ինչ ենք ուզում անել։ Կլինեն վաղը ինչ-որ դիրքային փոփոխություններ խաղի մեջ, ու կլինի նորից ինչ-որ փորձարկում սխեմայի թե՛ հարձակման, թե՛ պաշտպանության ժամանակ», - նշեց նա։

Հանրապետական մարզադաշտի տոմսարկղում վերջին օրերին մեծացել է խաղի նկատմամբ հետաքրքրությունը, սակայն, տոմսավաճառի կանխատեսումներով, լեփ-լեցուն տրիբունաներ չեն լինի։

Նախորդ խաղի հերոսը դարձած Բերեզովսկին վաղը չի խաղա, սակայն առողջական խնդիրը գրեթե վերականգնված է։ Փորձառու դարպասապահին վաղը կփոխարինի Կասպարովը:

Երեւանում է նաեւ Արազ Օսբիլիսը։ Նա, սակայն, վաղը մարզադաշտ դուրս չի գա, թեեւ թիմի կազմում արդեն սկսել է պարապմունքները: Շտապելու կարիք չկա, բացատրեց Մինասյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:25 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG