Մատչելիության հղումներ

Նախորդ կառավարության անցած չորս տարիների աշխատանքի գնահատականն, ըստ նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Հրանտ Բագրատյանի, զրո է:

«Ոչ մի խոստում չի կատարվել, ոչ մի բան չի կատարվել: Եթե կարճ ասեմ, խոսք էր տվել վիճակը բարելավել` բյուջե, աշխատավարձ ավելացնել, աղքատությունը կրճատել… ճիշտ հակառակն է տեղի ունեցել: Այսինքն, գնահատականը ոչ թե զրո է, բացասական է, զրոյից էլ ցածր է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բագրատյանը:

Հիշեցնենք` շաբաթ օրը նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, հրամանագիր էր ստորագրել Տիգրան Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին: Սարգսյանին վարչապետ նշանակելու առաջարկը Սերժ Սարգսյանն է արել: Այլ առաջարկություններ չեն եղել: Իսկ նոր կառավարության կազմը կներկայացվի մինչեւ հունիսի 15-ը:

Արձագանքելով այն դիտարկմանը, թե նախորդ կառավարությունը ստիպված եղավ աշխատել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, Բագրատյանը նկատեց, որ ճգնաժամը «աշխարհում երկու տոկոս անկման է հանգեցրել, իսկ Հայաստանում` 15». - «Յոթ անգամ տարբերություն կա՞, չէ՞… լավ, մի տարի թող երկու տոկոս լիներ, ինչպես աշխարհում, մնացած տարիներին թող լավ լիներ: Իրենք ասում են, որ դիվերսիֆիկացրել են տնտեսական աճը, ասում են` գոնե դա նկատեք: Առաջ շինարարության շնորհիվ էր հաշվվում, հիմա` արդյունաբերության: Երբ խորանում ես իրենց արդյունաբերական աճի մեջ, տեսնում ես, որ խոսքը հանքերի մասին է»:

Նախկին վարչապետը բացասական է համարում նաեւ դա. - «Մենք արդեն ունենք 507 շահագործվող հանք, որոնք գիշատչորեն շահագործվում են եւ շահագործվում են բացառապես իշխանավորների եւ որպես կանոն` հանրապետականների կողմից կամ էլ այլ կուսակցություններից կարող է մի երկու հոգի լինեն: Գալիս ես այն եզրակացության, որ նման աճ պետք չէ, դա շատ ավելի վատ է», - ասաց նա:

Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի վերանշանակման փաստին` Բագրատյանն ասաց, թե պատճառն այն է, որ ՀՀԿ-ն չունի կադրային ռեսուրս:

«Սերժ Սարգսյանը մտածում է, որ նա ամենանվնասն է: Նա հասկանում է, որ վերջին հաշվով նույնիսկ 15 տոկոս անկում թույլ տված վարչապետը չի հեռացվում աշխատանքից, որ ինքը ընտրակաշառքների միջոցով, ուժով, ցանկացած քաղաքական լուծում տալիս է, եւ քանի որ նրա մտքով անգամ չի անցնում որպես նախագահ գնահատել կառավարության աշխատանքը` ըստ փաստացի արդյունքների, եւ ուրեմն մտածում է` քանի որ դրա կարիքը չունի, պետք է նշանակել մեկին, որն ամենալսողն է», - կարծում է Բագրատյանը:

Արդեն հրաժարական ներկայացրած կառավարության գործունեությունը դժվարանում է դրական գնահատել նաեւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Որովհետեւ այն խնդիրները, որոնք մեր առջեւ ծառացած էին, մինչեւ 2008 թվականը, երբ ձեւավորվեց կառավարությունը, նույն ձեւով մնացին եւ այդ խնդիրները չլուծվեցին: Իհարկե, կարող ենք պատճառ բռնել, որ ճգնաժամ է եղել, բայց այդ ճգնաժամը կարող էր ազդել բացարձակ ցուցանիշների վրա: Պրոցեսների վարվող քաղաքականության առումով չէր կարող ազդել», - ասաց Մարտիրոսյանը` շարունակելով. - «Դրական բան կարելի է նշել այն հանգամանքը, որ հնարավոր է` այլ կառավարությունը ավելի վատը լիներ:

«Ժառանգության» ներկայացուցիչն ասում է` իր համար սպասելի էր վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակումը:

«Ամեն ինչ համեմատության մեջ է. որոշ անուններ կային, որոնք շրջանառվում էին… եթե իրենք նշանակվեին վարչապետ, համենայնդեպս, ավելի մեծ խնդիրներ կարող է ունենայինք», - կարծում է Մարտիրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG