Մատչելիության հղումներ

logo-print
Ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանն ու Հայկական վիրտուալ աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի գիտության ոլորտում խնդիրներից առանձնացրեցին երեքը․ աշխատանքային անբարենպաստ պայմանները, ցածր աշխատավարձը եւ երիտասարդ գիտնականների արտագաղթը։

Գիտնականները, մասնավորապես, կարեւորեցին գիտական սարքավորումների առկայությունը, գործուղումների հնարավորությունը, մասնակցությունը գիտական կոնֆերանսների:

«Նորմալ երկրներում գիտական սարքավորումները մոտավորապես 8 տարին մեկ արդիականացնում են: Մեզ մոտ գիտական սարքավորումները շատ մեծ վաղեմություն ունեն` 15-20-25 տարվա», - դժգոհեց ԳԱԱ-ի ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը։

Ակադեմիկոսը նաեւ հայտարարեց, որ Հայաստանում գիտնականները հասարակության ամենացածր վարձատրվող շերտն են։ Ղազարյանի խոսքով` այսօր գիտնականի միջին աշխատավարձը 65-70 հազար դրամ է կազմում:

Հայկական վիրտուալ աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն էլ կարծիք հայտնեց, որ գիտնականի աշխատավարձը պետք է կրկնակի բարձրացնել։

«Երկու անգամն էլ դեռ քիչ է, բայց դա լուրջ քայլ կլիներ, եւ կարծում եմ` պետական բյուջեում մեծ ճեղքվածք չէր տա», - նշեց Միքայելյանը։

Գիտնականները նշեցին, որ զարգացած երկրներում գիտության ֆինանսավորումը կազմում է տնտեսության համախառն ներքին արդյունքի 1-3 տոկոսը։ Ըստ նրանց, Հայաստանում 2012 թվականի դրությամբ գիտության ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ-ի 0.24 %-ը:

Հավելենք, որ Հայաստանում կա 4500 գիտնական, որոնցից 2500-ը Գիտությունների ազգային ակադեմիայից են:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG