Մատչելիության հղումներ

Իվանիշվիլիի հետ Քլինթոնի առանձին հանդիպում ծրագրված չէ


«Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հետ Հիլարի Քլինթոնի առանձին հանդիպում Միացյալ Նահանգների պետքարտուղարի Վրաստան այցի շրջանակներում ծրագրված չէ։

Ինչպես «Կովկասպրես» լրատվական գործակալությանը հայտնել են Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից, պետքարտուղարը ծրագրում է մեկ հանդիպում ունենալ վրացական ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը հրավիրված է նաեւ Իվանիշվիլին, եւ ներկա կլինի արդյոք նա դրան` դա արդեն, ըստ դեսպանատան, «կոալիցիայի առաջնորդի գործն է»։

«Ինչ վերաբերում է տիկին Քլինթոնի հետ առանձին հանդիպման` Բիձինա Իվանիշվիլիի պահանջին, այդ մասին ոչինչ ասել չենք կարող», - փոխանցել են Վրաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելությունից։

Հիլարի Քլինթոնի հետ ընդդիմադիր սեկտորից առանձին հանդիպման խնդրանքով «Վրացական երազանք»-ի առաջնորդը դիմել էր ԱՄՆ-ի դեսպանությանը։

Նախատեսվում է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը Հայաստանից Վրաստան կմեկնի այսօր երեկոյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG