Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր Հայաստան է ժամանում Հիլարի Քլինթոնը


Հիլարի Քլինթոնի նախորդ այցը Հայաստան, Երեւան, 4-ը հուլիսի, 2010թ.

Հիլարի Քլինթոնի նախորդ այցը Հայաստան, Երեւան, 4-ը հուլիսի, 2010թ.

Երկուշաբթի օրը Երեւան է ժամանում Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։

Ինչպես տեղեկացնում է Պետդեպարտամենտի կայքէջը, Քլինթոնը հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների ու նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Մայիսի 31-ից պետքարտուղարը Հյուսիսային Եվրոպայի երկրներում էր` Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Հայաստանից հետո այցելելու է Վրաստան, Ադրբեջան եւ իր շրջագայությունը ավարտելու է Թուրքիայում:

Հիլարի Քլինթոնի այցից առաջ Ամերիկայի Հայ դատի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որում այցից իր սպասելիքները ներկայացրել է տասը կետով:

Հայ դատի գրասենյակն ակնկալում է, որ պետքարտուղարը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հրապարակայնորեն կհայտարարի այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ի վերջո իր խոստման տերը կլինի` կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ու կաջակցի նաեւ պաշտոնական ճանաչմանը ամերիկյան Կոնգրեսի կողմից:

Հայ դատի գրասենյակն ակնկալում է, որ Քլինթոնը կլինի Ստեփանակերտում, կայցելի եւ կտեսնի Ջուլֆայում ոչնչացվող հայկական խաչքարերը, աջակցություն կհայտնի Ջավախքին, Ադրբեջանում կբարձրաձայնի այդ երկրի կողմից Լեռնային Ղարաբաղի հանդեպ ագրեսիայի աննախադեպ աճի մասին:

Ամերիկահայ կազմակերպությունը Միացյալ Նահանգներից ակնկալում է, որ զենք չի վաճառի Ադրբեջանին եւ կհրաժարվի Հայաստանի եւ Ղարաբաղի ֆինանսական օգնությունը կրճատելու ծրագրերից, ինչպես նաեւ չի ճանաչի ՆԱՏՕ-ի վերջին հռչակագիրը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, անդրադառնալով Հիլարի Քլինթոնի այցին եւ Հայ դատի գրասենյակի հայտարարությանը, կարծիք հայտնեց, որ նման հայտարարությունը տեղին է եւ անհրաժեշտ քայլ` այն առումով, որ Ամերիկայի հայկական հանձնախումբը միայն հայկական կազմակերպություն չէ, դա նաեւ ԱՄՆ-ի քաղաքացիների կարծիքն է, որի հետ ամերիկյան ղեկավարությունը պետք է հաշվի նստի:

Անդրադառնալով բուն այցին` Կիրակոսյանը կարծիք հայտնեց, որ այն նշանակալի է երկու պատճառով. - «Մենք պետք է երկու նշանակալի զարգացում սպասենք Քլինթոնի այցից։ Նախ, ճնշում կլինի Հարավային Կովկասի երեք երկրների ղեկավարությունների վրա` առաջիկա ընտրությունների հետ կապված, այն առումով, որ սպասելիքները, այդ թվում եւ Հայաստանում փետրվարյան [նախագահական] ընտրություններից, ավելի բարձր են, քան` սովորաբար: Մյուս հանգամանքը Իրանի հարցն է. Քլինթոնը փորձելու է երաշխիքներ ստանալ, որ բոլոր երեք երկրները հաշվի են առնում այն պատժամիջոցները, որ Իրանի նկատմամբ կիրառվում են»:

Կիրակոսյանը կարծիք հայտնեց, որ Իրանի հարցը կարեւոր դեր է զբաղեցնելու բանակցությունների օրակարգում:

Թուրքիայում, ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, Քլինթոնը որոշակի ճնշում կգործադրի հայ - թուրքական արձանագրությունների հետ կապված:

«Ճնշում կլինի Թուրքիայի վրա` սահմանը բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ Իսկ այն, որ ամերիկյան քաղաքականությունը այլեւս չի կապում ղարաբաղյան գործընթացն ու հայ - թուրքական հարաբերությունները, Հայաստանին ավելի ուժեղ դիրքերում է դնում», - ասաց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության խնդրին` Ռիչարդ Կիրակոսյանը չի կարծում, թե այն մեծ տեղ կզբաղեցնի այս բանացությունների ընթացքում:

«Լեռնային Ղարաբաղի հարցը, իմ կարծիքով, կարծարծվի այնքանով, որ Միացյալ Նահանգները կզգուշացնեն Ադրբեջանին, որ ռազմական լուծում չպետք է լինի, եւ Ամերիկան դժգոհ է Ադրբեջանից եկող պատերազմի սպառնալիքից։ Իրականում ո՛չ Ռուսաստանը եւ ո՛չ Միացյալ Նահանգները գոհ չեն այն փաստից, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության միակ սպառնալիքը այս պահին Ադրբեջանից է գալիս», - նշեց վերլուծաբանը` ընդգծելով. - «Ինչ վերաբերում է հակամարտության լուծման բանակցային գործընթացին, ապա մենք իրականում շատ բան չպետք է ակնկալենք»:

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կիսում է New York Times թերթի հրապարակման մեջ առկա շեշտադրումները, թե Պետքարտուղարի այցը «առճակատման պոտենցիալով լի» տարածաշրջանի իրադրությունը որոշակիորեն մեղմելու, ինչպես նաեւ ամերիկյան շահերն առավել հստակորեն արծարծելու նպատակ ունի:

«Մեր տարածաշրջանը իր աշխարհաքաղաքական կարեւորությամբ …իրոք որ առանձնանում է հենց կոնֆլիկտներով, որոնք արդեն տասնամյակներ շարունակ ուղղակի չեն լուծվում», - ասաց Մեհրաբյանը` հավելելով. - «Սա կարծում եմ, նաեւ ինչ-որ տեղ անուղղակի կշտամբանք է` ուղղված Ռուսաստանին, որը ընդունվում է առայժմ որպես գլխավոր դերակատար տարածաշրջանում, հետեւապես` նաեւ պատասխանատու այդ հարցերի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG