Մատչելիության հղումներ

Հունիսի 2-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - « Բոյկոտը կարող է լինել քաղաքական պայքարի արդյունավետ միջոց միայն այն դեպքում, երբ ունենում է լայն հասարակական արձագանք եւ գոնե որոշ չափով խոչընդոտում է հակառակորդների ծրագրերի իրագործմանը: Դա տեղի է ունենում, մասնավորապես, այն դեպքերում, երբ որեւէ քաղաքական ուժ զբաղեցնում է ծայրահեղ արմատական, անզիջողական դիրք, հակառակորդների հետ ոչ մի երկխոսությունների ու փոխզիջումների չի գնում եւ կարողանում է մշտապես պահպանել հասարակության լարվածության բարձր աստիճանը: Եթե այդ ամենը չկա, եթե դու այսպես թե այնպես ընդունում ես երկրում ընդունված խաղի կանոնները եւ խաղում ես հենց այդ շրջանակներում, ապա բոյկոտն առանձնապես տպավորություն չի թողնում եւ իր նպատակին չի հասնում: ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» շատ ճիշտ որոշում ընդունեցին՝ մասնակցելով Ազգային ժողովի ընտրություններին, նույնքան օրինաչափ էր մանդատներից չհրաժարվելը, վերցնել դրանք հանդիսավոր կամ ոչ հանդիսավոր պայմաններում զուտ տեխնիկական խնդիր է եւ սկզբունքային նշանակություն չունի: Այսքանից հետո խորհրդարանի աշխատանքներին չմասնակցելը տրամաբանական չի թվում»:

Ընտրությունները բոյկոտել էր «Սարդարապատ» շարժումը, որի համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հետ զրուցել է «Ժողովուրդ» թերթի թղթակիցը: Լրագրողը հարցնում է. - «Այսօրվա իրականությունում կատարվածից կարելի է ենթադրել, թե այս իշխանություններն արժանի են ժողովրդին, քանի որ ընտրեցին գումար»: Պատասխան. - «Ժողովրդին երբեք պետք չէ մեղադրել: Ճիշտ է, փորձում են ժողովրդին մեղադրել որպես կաշառվող: Գուցե առաջին կաշառվողները հենց այդ գործիչնե՞րն են, քանի որ այդ խաղին մասնակցել ու խորհրդարան են մուտք գործել: Եթե դու չես ըմբոստանում, ուրեմն դու մեղսակից ես: Ժողովրդին տարիներով կեղեքել են, աղքատացրել, եւ հիմա ժողովրդի՞ն են մեղադրում, որ մի քանի հազար դրամով կարող է իր ձայնը վաճառել: Գուցե ճիշտ է, որ այդ 5-10 հազար դրամը վերցրել են, որպեսզի երեք օրվա հաց գնեն… Նոր չէ, որ մեր ընդդիմության որակն այսպիսին է: Ես կասեի` 20 տարիների ընթացքում նույն որակն է: Եթե տարիներ շարունակ ընդդիմությանը չի հաջողվել հասնել արդյունքի, դա ոչ թե իշխանությունների շնորհքն է եղել, այլ ընդդիմության ապիկարությունը»:

«Երկիր»-ի խմբագրականում կարդում ենք. - «ԲՀԿ-ականները ոչ մի կերպ չեն ուզում իրենց ընդդիմություն համարել, թեեւ ԱԺ կանոնակարգը հստակ ամրագրում է. եթե կուսակցությունը ձեւավորվող կառավարության կազմում ներկայացուցիչ չի ունենում, մեխանիկորեն դառնում է ընդդիմություն: Այս փաստը նրբորեն շրջանցվում է` շրջանառության մեջ դնելով, այսպես կոչված, «կառուցողականության դաշտում գործելու» եւ «այլընտրանք լինելու» ձեւակերպումները, որոնք ոչ միայն սնանկ ու անգրագետ են քաղաքագիտական առումով, այլեւ վտանգավոր` քաղաքական մշակույթի իմաստով: Որովհետեւ երբ քաղաքական սպեկտրի բաժանման հիմքում դրվում են այսպիսի արհեստական չափորոշիչներ, ստացվում է, որ իրենց ընդդիմություն հռչակած ուժերը ապակառուցողական են, հետեւաբար նաեւ` հակապետական»:

«Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը հարցնում է պատգամավոր Արտակ Դավթյանին (ՀՀԿ). - «Եթե խմբակցությունները դեռ չեն հայտարարել իրենց ընդդիմադիր լինելու մասին, ի՞նչ սկզբունքով են բաշխվել հանձնաժողովների ղեկավար պաշտոնները»։ Պատասխան. - «ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված է, որ հանձնաժողովների նախագահների պաշտոնների տնօրինման հարցը որոշվում է Դոնքի բանաձեւով։ Բայց այստեղ կա շատ կարեւոր եւս մի հանգամանք. օրենքը մնում է օրենք, բայց մինչեւ այդ տեղերի համար թեկնածուներ առաջադրելը արդեն իսկ կարող են լինել նաեւ փոխադարձ համաձայնություններ, թե կոնկրետ որ հանձնաժողովում ինչ առաջադրումներ պետք է լինեն, ինչն էլ, ըստ էության, արվել է։ Այսինքն՝ հենց առաջին պահից փաստորեն այդ համագործակցությունը առկա էր, եւ ես դա միայն կարող եմ ողջունել»։

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Քոչարյանի ֆիգուրը կարող է պահանջվել այն դեպքում, երբ, ասենք, ընդդիմությանը հաջողվի ստեղծել ֆորսմաժորային մի այնպիսի իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանն այլեւս անկարող լինի պահել իշխանությունը, պաշտպանել իշխանության սեգմենտների շահերը, եւ պահանջվի Ռոբերտ Քոչարյանի միջամտությունը, որն իր նախագահության ընթացքում, կարծես թե, կարողանում էր անել այդ բանը: Եվ երբ Հայ ազգային կոնգրեսը զարմանում է, թե ինչու պետք է պահանջվի Քոչարյանի ֆիգուրը, ապա իսկապես հարցադրումն արդարացի է. ինչո՞ւ պետք է պահանջվի` եթե ընդդիմությունը որեւէ անլուծելի կամ դժվարին խնդիր չի դնում Սերժ Սարգսյանի առաջ, որը նա չի կարող լուծել եւ ստիպված պետք է օգնության կանչի Ռոբերտ Քոչարյանին»:

please wait

No media source currently available

0:00 0:04:17 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG